Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միսաք Մեծարենց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Metsarents.jpg

Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած։

Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին ―

Այսպես է գրել Ե․ Չարենցը հայ բանաստեղծ Մ․ Մեծարենցի (Մեծատուրյանի) մասին։

Մեծարենցի ծննդավայրը Արևմտյան Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկն էր Եփրատը գետի ձախ ափին թառած, անառիկ լեռներով շրջապատված Բինկյան գյուղը։ Լռակյաց ու երազկոտ մանուկը սիրում էր շրջել հայրենի գյուղի այգիներում։ Նրան հմայում էին ջրերի կարկաչը, կապույտ երկինքն ու բոսոր վերջալույսները։ Հաճախ գյուղից դուրս սպասում էր տուն դարձող նախրին, որ լսի հովվական սրինգի երգը, իսկ առավոտները դիտում էր հրաշալի արևածագն ու ականջ դնում արթնացող բնության համանվագին։ Մանկական այս տպավորությունները հետագայում իրենց արտացոլումը գտան Մեծարենցի շատ բանաստեղծություններում ։

Նախնական կրթությունն ստացել է Բինկյանի Մեսրոպյան վարժարանում, այնուհետև սովորել Սվազի Արամյան դպրոցում։ 1902 թ Մեծարենցն ընտանիքի հետ տեղափոխվում է Կոստանդնոպոլիս և ուսումը շարունակում տեղի Կեդրոնական վարժարանում։

1896 թ թուրք բարբարոսները կործանեցին Բինկյանը։ Միսաքը չտեսավ իր սիրելի գյուղի կործանումը, սակայն ականատեսներից իմացավ, վերապրեց, և հոգին լցվեց եղեռնի ցավով։ Իսկ 1901 թ Սեբաստիայի մի փողոցով անցնելիս թուրք մսագործները հարձակվում են նրա վրա, ծեծում ու դաշունահարում։ Ստացած ցնցումը, վերքը և վախը պատճառ են դառնում հիվանդության թոքախտի։

Դեռևս Կեդրոնական վարժարանում սովորելու տարիներին Մեծարենցը բանաստեղծություններ էր գրում, որոնց մեջ արտացոլված էր բռնապետության խավարը վերացնելու, կյանքի և արևի սիրով աշխարհը գեղեցկացնելու գաղափարը։ 1907 թ լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Ծիածան» խորագրով։ Այստեղ աստվածացվում է բնությունն իր մաքրությամբ ու ներդաշնակությամբ և հակադրվում Թուրքիայում տիրող բռնության սարսափին։ Աշխարհը Մեծարենցի պոեզիայում դառնում է լուսեղեն ու լայն, պարզ, լուսածածան և հրաշալի գիշերը վերջանում է արշալույսով։ Ծագող արեգակը գալիս է կործանելու խավարի թագավորությունը և բուժելու մարդկային ցավերը։

Մահից մեկ տարի առաջ Մեծարենցը լույս ընծայեց իր բանաստեղծությունների երկրորդ գիրքը «Նոր տաղերը»։Այդ երկու գրքերով Մեծարենցն իր մշտական տեղն զբաղեցրեց հայ մեծ բանաստեղծների շարքում։

«Նոր տաղերում» բանաստեղծը արտացոլում է աշխատանքի մաքրությունն ու սրբությունը, ժողովրդի հոգեկան գեղեցկությունը, հայրենի բնությունը իր հմայիչ պատկերներով՝ լուսինը, որ ծառերից կախվում է ծաղկի պես, գիշերային ջրտուքը, աղբյուրից վերադարձող աղջիկը ծիածանի գույներով ծածանվող գլխաշորը գլխին։ Այս պատկերներն ստեղծված են խիստ բարձր ճաշակով և հայրենիքի սիրով լեցուն բանաստեղծի սրտի տրոփյունով։

Այդ մեծ սիրո արտահայտությունն է նաև Մեծարենցի «Ըլլայի՜, ըլլայի՜» բանաստեղծությունների շարքը։ Այստեղ զարգացվում է մի ինքնատիպ մարդասիրական գաղափար։ Դա անանձնական ուրախության գաղափարն է նվիրվել ժողովրդին և իր սեփական երջանկությունը տեսնել գյուղացու, բանվորի, խեղճ և անօգնական մարդու երջանկության մեջ։ Այդ գաղափարն իր ամբողջ գեղեցկությամբ արտացոլված է հատկապես «Տու՛ր ինծի, տեր․․․» բանաստեղծության հետևյալ տողերում։

Տուր ինծի Տե՛ր, ուրախությունն անանձնական Ժողվել հոգվույն մեջ ծերերուն կույսին, մանկան Պարզ մարդերուն գեղջուկներուն ու բանվորին։

Մեծարենցը տարված էր անօգնական մարդուն և իր ժողովրդին ծառայելու տենչով։ Տարված էր այն ժամանակ, երբ ինքն ամենից անօգնական վիճակում էր։ Նա մոմի պես հալվում էր, բայց արիաբար թաքցնում էր այդ չցանկանալով տանջել հարազատներին։ Ընդամենը քսաներկու տարեկան էր, որ մահացավ։ Մեծարենցը՝ լույսի, արևի ու կյանքի երազներով լեցուն մեծ բանաստեղծը։