Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մարդու կմախք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ջնջում.png    Ուշադրություն․ Այս հոդվածը ենթակա է արագ ջնջման


Հիշեցում. նախքան այս կաղապարը տեղադրելը ծանոթացեք Վիքիփոքրիկի Ջնջման կանոնակարգին։

Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։ Շարժուն միացումը ամենատարածվածն տեսակն է, այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի համապատասխան հոդափոսիկ։ Ոսկրերի հոդամակերեսը պատված է ողորկ աճառով, որի շնորհիվ գլխիկը սահելով շարժվում է հոդափոսում։ Հոդապարկի ներսի մակերեսից արտադրվում է մածուցիկ հեղուկ, որը նույնպես փոքրացնում է շարժման ժամանակ երկու ոսկրերի միջև առաջացող շփման ուժը։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։ Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումները։ Այսպես են միացած ողերի մարմինները միմյանց հետ, կողոսկրերը կրծոսկրի հետ և այլն։ Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ գանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը։ Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է (կոնքոսկրերը, սրբոսկրի ողերը)։ Այդպիսի միացման շնորհիվ սրբոսկրը մարմնի ուղղաձիգ դիրքում դիմանում է մեծ ծանրաբեռնվածության։ կմախքում տարբերում են հետևյալ բաժինները՝ գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների կմախք։

Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։ Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։ Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմային բաժիններից։ Ի տարբերություն ողնաշարավոր այլ կենդանիների՝ մարդու գանգի ուղեղային բաժինը ավելի մեծ է, քան դիմայինը, ինչը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ։ Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։ Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերը, կենտ ճակատոսկրը, ծոծրակոսկրը և այլն։ Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։ Քունքոսկրի արտաքին մասում գտնվում է լսողության արտաքին անցքը, իսկ ծոծրակոսկրի ստորին մակերեսին՝ ծոծրակային անցքը, որով գանգի խոռոչը միանում է ողնաշարային խողովակին։ Ոսկրերի բազմաթիվ անցքերով և խողովակներով անցնում են նյարդեր ու արյունատար անոթներ։ Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկր, քթոսկր, արցունքոսկր, վերին և ստորին ծնոտներ։ Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են արմատները։ Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33-34 ողերից։ Վերջին 6-9 ողները սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 ող), պոչուկային (4-5 ող)։ Բոլոր ողները, բացառությամբ առաջին և երկրորդ ողների, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողները տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովումէ ողնաշարի ճկունությունը։ Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա առաձգականությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

Կրծքային ողները, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։ Կողը տափակ է, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։ Ուսագոտու ոսկրերն անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթը շարժուն միանում է իրանին։ Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև ծռված ոսկր է, մի ծայրով միացած են թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։ Վերին ազառ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։ Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։ Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Կոնքոսկրերը առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։ Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։ Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը։

Մարդու և կաթնասուն կենդանիների կմախքները կազմված են նույն բաժիններից։ Սակայն ուղղաձիգ քայլելու և աշխատանքային գործունեության հետ կապված՝ մարդու կմախքը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է կենդանիների կմախքից։ Ուղղաձիգ քայլելու շնորհիվ կրծքավանդակը լայնացած է դեպի կողքերը, իսկ ձեռքերը ազատվել են քայլելու ֆունկցիա կատարելուց ու դարձել աշխատանքի օրգան։ Ուղղաձիգ դիրքի շնորհիվ լայնացել է նաև վերջույթների գոտին, որը հենարան է ծառայում որովայնի խոռոչի օրգանների համար։ Ողնաշարի կորությունները և կամարաձև ոտնաթաթը արագ և կտրուկ շարժումներ կատարելիս զսպանակում, մեղմացնում են ցնցումները։ Առավել ձևափոխվել է աշխատանքի օրգան դարձած ձեռքը, որի մեծ մատը լավ զարգացած և առավել շարժուն է, գտնվում է մյուս շարժուն մատների դիմաց։ Դա նպաստում է բազմատեսակ աշխատանք կատարելուն։ Ուղղաձիգ քայլվածքի հետ կապված՝ մարդու ստորին ազատ վերջույթների ոսկրերը ավելի զանգվածային են, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը։ Գլխուղեղի զարգացման շնորհիվ մարդկանց գանգի ուղեղային բաժինը գերազանցում է դիմայինին (4։1), իսկ կապիկների մոտ հակառակն է։