Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մաշկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Փղի մաշկ

Մաշկը մեր մարմնի պարզ թաղանթը չէ միայն։ Այն հուսալի պաշտպան է բազմաթիվ ու բազմազան վտանգներից։ Ահա թե ինչու մաշկը նույնքան անհրաժեշտ է կյանքի պահպանման համար, որքան սիրտը կամ գլխուղեղը։

Մանրադիտակով մաշկի կառուցվածքը դիտելիս կարելի է վերնամաշկի արտաքին, շատ բարակ շերտի տակ տեսնել 1-2 մմ հաստությամբ բուն մաշկը։ Այստեղ են գտնվում մազամարմատները, փոքրիկ գեղձեր, մեծ քանակությամբ զանազան զգայուն մարմնիկներ։ Այդ մարմնիկների մի մասը նյարդերով անհապաղ գլխուղեղին է հաղորդում առաջացած ցավը, մյուս մասը՝ տաքը, ցուրտը, հպումը մաշկին։ Ի պատասխան՝ գլխուղեղը վճիռներ է կայցնում և վերահսկում դրանց կատարումը, որպեսզի օրգանիզմը ժամանակին պաշտպանի ամեն տեսակի անախորժություններից։

Մաշկում կան բազմաթիվ, երկհարկանի դասավորված արյունատար անոթներ։

Գիշեր թե ցերեկ, շոգին թե ցրտին մարմնի ներսում ջերմաստիճանը գրեթե չի փոփոխվում։ Այդ մասին հոգում է մաշկը՝ ջերմությունը շրջապատող միջավայրին փոխանցող գլխավոր կարգավորիչը։ Այդպիսի կարգավորման եղանակներից մեկը «վերևի հարկում» տեղավորված արյունատար անոթների սեղմումն ու լայնացումն է։ Երբ արյունատար անոթները լայնանում են, նրանցով ավելի շատ տաք արյուն է հոսում։Մաշկի մակերևույթը տաքանում է և շրջապատող միջավայրին ավելի շատ ջերմություն է փոխանցում։ Այդ նույն անոթների խիստ սեղմվելու դեպքում գրեթե ամբողջ արյունը հոսում է «ներքևի հարկի» անոթներով, մաշկը սառչում է, այդ պատճառով էլ օրգանիզմն ավելի քիչ ջերմություն է կորցնում։ Շոգ եղանակին սկսում են գործել անհամար փոքրիկ գեղձերը, որոնք քրտինք են արտադրում։ Նուրբ խողովակներով հասնելով մաշկի մակերևույթին՝ քրտինքը գոլորշիանում էև զովացնում մաշկը։

Մաշկի տակ կա գրեթե ամբողջովին ճարպով լի բջիջների մի շերտ։ Դա ենթամաշկային բջջանքն է, որը նույնպես մասնակցում է օրգանիզմի պաշտպանությանը։ Առանձին մասերում նրա հաստությունը հասնում է մի քանի սանտիմետրի։ Այն մեզ պաշտպանում է հնարավոր ցնցումներից ու հարվածներից։ Պաշտպանական մեծ նշանակություն ունի նաև վերնամաշկը, թեև նրա հաստությունը հավասար է միլիմետրի տասնորդական մասերի։ Ոչ ջուրը, ոչ էլ ջրում լուծված նյութերը նրա միջով չեն անցնում Վարակիչ հիվանդությունների մանրէները վերնամաշկով օրգանիզմ կարող են թափանցել միայն այն դեպքում, երբ այն վնասված է։ Սակայն վերնամաշկը արևի ճառագայթների ճանապարհը չի փակում, այդ պատճառով էլ հնարավոր են այրվածքներ։

Լավ է, գոնե, որ վերնամաշկի առանձնահատուկ կառուցվածքի շնորհիվ մաշկը ծածկվում է արևայրուկով, որը մեծ չափով կասեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Եթե արևի լոգանքը շատ երկար չի տևում, ուլտրամանուշակագույն ճառագայթները, գրգռելով վերնամաշկի բջիջները, նրանց հարկադրում են արագ աճելու և բազմանալու։ Բջջի մի մասում եղած փոքրիկ ու մուգ հատիկները սկսում են մեծանալ՝ երբեմն լցնելով գրեթե ողջ բջիջը։ Հենց դրանք էլ գոյացնում են արևայրուկի համատարած, դարչնագույն շերտը։ Արևայրուկը թույլ չի տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցեն մաշկի խորքը։

Մաշկը մեր հավատարիմ պաշտպանն է։ Պահպանեցեք այն։ Հետևեցեք ձեր մարմնի մաքրությանը։ Կտրվածք կամ վնասվածք ստանալու դեպքում ձեռք առեք համապատասխան միջոցներ։