Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մանրածածան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մանրածածանը ջրամբարներում տարածված ամենասովորական ձկներից է։ Նա պահանջկոտ չէ և կարող է ապրել անհոսք ջրում, անգամ այնտեղ, ուր մյուս ձկները սատկում են։ Պահանջկոտ չէ նաև կերի նկատմամբ, սնվում է մոծակի թրթուրներով, որդերով, փոքրիկ փափկամորթներով, ջրային բույսերի մանր մասերով, նույնիսկ տիղմով։

Իսկ աքվարիումում ապրող ոսկե ձկնիկներին անհրաժեշտ է թե՛ թթվածնով հարուստ, շատ մաքուր ջուր, թե՛ հատուկ կեր: «Բայց ինչո՞ւ են նշվում ոսկե ձկնիկները, երբ խոսքը մանրածածանի մասին է», — կզարմանաք դուք։ Բանն այն է, որ առանց մանրածածանների չէին լինի նաև ոսկե ձկնիկները։

Մի ժամանակ Արևելքի երկրներում կացարանները զարդարելու համար ջրով լի սկահակների մեջ մանրածածաններ էին պահում։ Եվ ահա նկատեցին, որ բոլոր մանրածածանները միևնույն գույնի չեն նրանց մեջ հանդիպում էին և ոսկեգույն, և բրոնզագույն, և կարմրավուն, և արծաթագույն թեփուկներ ունեցող ձկներ։

Երկար և համբերատար ընտրության, բազմակի խաչասերման ճանապարհով մարդիկ ստացան անսովոր գույներ ու ձևեր ունեցող բազմաթիվ ձկներ։ Այդպես երևան եկան շղարշապոչը, աստղադիտակը, գիսավորը, առյուծագլուխը և շատ ուրիշ ձկներ։ Նման ձկնիկներ չկան ոչ ծովերում, ոչ էլ գետերում։ Նրանց ծննդավայրն ու մշտական բնակատեղին ջրավազանն է կամ աքվարիումը։ Իսկ այդ զարմանահրաշ ընտանիքի նախահայրը անպահանջկոտ մանրածածանն է։