Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հունան Ավետիսյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Rus Stamp GSS-Avetisyan.jpg

Զինվորական ստորաբաժանման առաջին վաշտի մարտիկները առավոտյան տողանի են կանգնած զորանոցի բակում։ Հնչում է վաշտի ավագի ձայնը, որն անվանականչ է անցկացնում։ Հերոս ավագ սերժանտ Հունան Ավետիսյան,-կարդում է նա ցուցակում: Աջթևայինը շարքից զեկուցում է. հերոս ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը զոհվել է մեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը պաշտպանելիս: Այսպես ամեն օր առավոտյան և երեկոյան հարազատ զորամասում հնչում է հերոսի անունը: ԽՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949 թ ապրիլի 22-ի 30 հրամանով Հունան Ավետիսյանի անունը առհավետ գրանցված է զինվորական ստորաբաժանման նախկին 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Հունանը ծնվել է Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանի Ծավ գյուղում: Սովորել է սկզբում Ծավի, ապա` հարևան Շիկահող գյուղի դպրոցում։ Մանկուց Հունանը օժտված էր սովետական մարդուն հատուկ գծերով, ջերմ հայրենասիրությամբ Եվ երբ 1941 թ. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Հունանը իր նման հազարավոր երիտասարդների հետ կողք կողքի կանգնեց հայրենիքի պաշտպանների շարքերում: Նա մասնակցեց բազմաթիվ մարտերի: 1943 թվականին սեպտեմբերի 16-ին տվեց իր վերջին մարտը և հավերժացավ: Թշնամին ամրացել էր Դոլգայա բարձունքում: Նովոռոսիյսկ քաղաքը և Թամանյան թերակղզին ազատագրելու համար պետք էր հաղթահարել այդ բարձունքում ամրացված հակառակորդի ուժեղ դիմադրությունը, որը դզօտների ու խրամատների ամուր մի ցանց էր կառուցել այդտեղ: Ինչ գնով էլ լինի, պետք է գրավել Դոլգայա բարձունքը։ Այս էր հրամանը։ Առաջադրանքն ստանձնեց այն դասակը, որի հրամանատարը Հունան Ավետիսյանն էր: Նա սողում էր բլուրն ի վեր։ Սողում էր դանդաղ, բայց համառ մի լարումով։ Քարերն ու տատասկները քրքրում էին ծնկներն ու արմունկները։ Թևի վերքից արյուն էր ծորում։ Ետ չէր նայում։ Գիտեր, որ ետևից գալիս է դասակը՝ իր նման զինվորական համազգեստ հագած երիտասարդ տղաներ...

Հիշեց լեռների գրկում ծվարած հայրենի գյուղը։ Որքա՜ն է վազել սարն ի վեր, մագլցել կատարը։ Այնտեղից բացվում էր անծայր հորիզոնը և նրան թվում էր, թե ինքը տեսնում է ամբողջ աշխարհը, և ամբողջ աշխարհն էլ իրեն է տեսնում։ Ծարավ զգաց։ Գուցե հիշեց իրենց սարի գլգլան աղբյուրները։ Հավանաբար շատ արյուն էր կորցրել։ Թևի վերքը տնքում էր, ցավում էին վնասված ծնկներն ու արմունկները։

Ահա հրակնատը մի քանի քայլի վրա է։ Գնդացիրը մահ ու արյուն էր սփռում շուրջը։ Հունանը ասես մոռացավ ցավը, ծարավը, ծնկների ու արմունկների կսկիծը։ Հրակնատը, մահվան այդ սոսկալի երախը, կարող է կուլ տալ ոչ միայն իրեն, այլև իր մարտական ընկերներին։

Պետք է փրկել նրանց։ Պետք է կատարել հրամանը։ Բայց ինչպես վերջ դնել գնդակների այդ մոլեգին տարափին։ Որոշումը եկավ միանգամից, անսպասելի։ Պրկված զսպանակի նման նա պոկվեց պառկած տեղից, կանգնեց ողջ հասակով։ Դոլգայա լեռան բարձունքից փչող քամին ծածանեց նրա թիկնոցի փեշերը։ Դեմքը լարված էր, վճռական։ Չի՛ թողնի, որ ընկերները զոհվեն, թույլ չի տա, որ հրամանը չկատարվի։ Ու լարվեց նա, ձգվեց վազքի թափից։ Եվս մի քայլ, և վայր ընկնելով ծածկեց մահվան երախը։ Գնդացիրը ճարճատեց՝ խլելով ևս մի կյանք, բայց վերջինը...

Վերջին պահին Հունանի հայացքի առջև փռվեց անծայրածիր հորիզոնը։ Նրան թվաց, թե տեսավ ողջ աշխարհը... և ողջ աշխարհն էլ տեսավ իրեն։

Հեռվից գարնան ամպրոպի որոտի պես թնդաց Դոլգայա բարձունքը գրավող նրա ընկերների միահամուռ ուռան։ Բայց նա այդ ուռան չլսեց այլևս։

Աջ ձեռքին ավտոմատը, ուսերին լայն ծփացող թիկնոցը, լարված վճռական դեմքով կանգնած է Հունան Ավետիսյանը։ Թվում է, թե ուր որ է առաջ է նետվելու, որպեսզի փակի մահվան ճանապարհը։ Բայց նա բրոնզե արձան դարձած հավիտյան կանգնած է հայրենի Ղափանում։ Կանգնած է և այստեղից արդեն սկսվել է նրա երկրորդ՝ հավերժական կյանքի ճանապարհը։

ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1944 թ․ մայիսի 16-ի հրամանագրով Հունան Ավետիսյանին ետմահու շնորհվել է հերոսի կոչում։

Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի շրջանի Վերխնի Բականսկի բանավանում մի եղբայրական գերեզման կա։ Այնտեղ է թաղված հայ քաջորդի Հունանը։