Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հողափոր մեքենաներ

Vikidia-ից
(Վերահղված է Հողափոր մքենենաներից)
Jump to navigation Jump to search

Գլխավոր հողափոր մեքենան էքսկավատորն է: Կան ուղղակի տրակտորին ամրակցված փոքր էքսկավատորներ, որոնք սովորական փոսեր ու առուներ են փորում: Կան հսկա, եռահարկ շենքի բարձրության էքսկավատորներ: Սրանց սլաքը հաստ, 100 մ երկարությամբ երկաթե խողովակ է, որից կախված է շերեփը: Այդպիսի սլաքն անհրաժեշտ է, որպեսզի հողը բեռնատարներով չտեղափոխեն. հողը մի կողմ է տանում էքսկավատորն իր շերեփով: Շերեփն այնքան մեծ է, որ նրա մեջ մի ավտոմոբիլ կտեղավորվի: Դա քայլող էքսկավատոր է: Ահա նա առաջ է հրում իր երկու ահագին դահուկները, հենվում դրանց, փոքր-ինչ կտրվում գետնից և մոտ երկու մետր առաջ շարժվում: Ապա նորից է դահուկներն առաջ շարժում ու նոր քայլ անում:

Էքսկավատորները տարբեր կերպ էլ փորում են: Դրանց մի մասի շերեփն ամրացված է երկաթե հեծանի, ինչպես բահի թին բռնակին: Այդ էքսկավատորները հենց այդպես էլ անվանում են՝ բահ-էքսկավատորներ: Մյուսների շերեփը կախված է պողպատե ճոպաններից: Սրանց շերեփն իջեցնում են գետնին և ճոպանով ձգում այնպես, որ հողը լցվի շերեփի մեջ: Այդ էքսկավատորներն անվանում են դրագլայններ: Նույն կառուցվածքն ունեն և քայլող էքսկավատորները:

Կան նաև բազմաշերեփ ռոտորավոր էքսկավատորներ, որոնց շերեփներն ամրացված են մի հսկա անվի: Անիվը պտրտվում է, իսկ շերեփները հերթով վերցնում են հողը և լցնում փոխակրիչի երկար ժապավենի վրա, որն անընդհատ մի կողմ է տանում հողը:

Խոշոր կառույցներում օգտագործվում են նաև այլ մեքենաներ: Հսկա շերեփը կցում են տրակտորին ու քաշում: Երբ շերեփը լցվում է հողով, այն մի փոքր բարձրացնում են, և տրակտորը կցանքի նման շերեփը փոխադրում է անհրաժեշտ վայրը: Այդպիսի մեքենան անվանում են սկրեպեր՝ կեռաշերեփ:

Ջրանցքների ու հիդրոէլեկտրակաւանների շինարարության մեջ, երբ հարկավոր է խորացնել ջրանցքի հատակը կամ ամբարտակ կառուցել, հաճախ աշխատում են հողածուծ կոչվող մեքենաներ: Արկը, խոշոր բեռնանավի նման, լողում է ջրի մակերևույթին, իսկ նրա սլաքը, որ շատ նման է վերամբարձ կռունկի սլաքին, իջեցված է ջրի հատակը: Սլաքի ծայրին, ատամները հողի մեջ խրած, պտտվում է փխրեցուցիչը: Գոյացող ցեխը պոմպը խողովակներով մղում է 3-4 կմ: Դա շատ հարմար է. հողածուծ արկը շարժվում է առաջ, իսկ նրա ետևից գետ է առաջանում: Փորված հողն էլ իզուր չի կորչում. ավելորդ ջուրը հոսում է ետ դեպի գետը, իսկ կուտակված հողից անհրաժեշտ տեղում ամբարտակ է գոյանում: