Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հնագիտական պեղումներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դարերի ընթացքում մարդու կացարանի շուրջը գոյանում են հողի շերտեր, որոնցում պահպանվում են անցյալի հետքեր, ամեն տեսակ աղբ, հագուստի, սննդի մնացորդներ (օրինակ, կենդանիների ոսկորներ), ամանների կտորտանք, կորսված դրամներ, կոճակներ և այլն։ Դա հողի «մշակութային շերտն» է:

Ողջ հողագնդի վրա հնագետ-գիտնականները կատարում են պեղումներ։ Հողի մեջ հաճախ գտնում են ոչ միայն հինավուրց առանձին իրեր, այլև անցյալում հարուստ և աշխույժ քաղաքների ավերակներ, որոնց բնակիչները ինչ-որ ժամանակ լքել են դրանք կամ զոհ գնացել հրդեհների, պատերազմների, տարերային աղետների, սարսափելի հիվանդությունների։

Հնում, երբ մարդը մահանում էր, նրա գերեզմանում դնում էին զենքեր, ուտելիք, բազմապիսի զարդեր, ամաններ։ Պատահում էր, գերեզմանի վրա հողե բարձր թումբ էին սարքում, և այն դառնում էր դամբարանաբլուր։ Այդպիսի բազմաթիվ գերեզմանատներ ու դամբարանաբլուրներ պահպանվել են մինչև մեր օրերը։ Հնագետները դրանք պեղում են և գտնում զանազան, երբեմն՝ ապշեցուցիչ գեղեցկությամբ իրեր։

Ոչ մի դեպքում չի կարելի պեղումներ կատարել գիտնականների բացակայությամբ, չէ որ անգիտության կամ անզգուշության հետևանքով պեղողը կարող է չնկատել կամ փշրել հնությունից փխրուն դարձած առարկաները, կամ իրար խառնել այն շերտերը, որտեղ գտնվում են դրանք։

Հնագետները մատներով շոշափում, տնտղում են հողի յուրաքանչյուր պտղունցը՝ ջանալով չվրիպել ամենափոքր խեցեկտորը կամ ուլունքը: Հատուկ դանակով ու վրձնով նրանք խնամքով հողից մաքրում են փխրուն, հաճախ կիսաքայքայված առարկաները։

Հնագիտական պեղումները ժամանակակից պատմաբաններին օգնում են իմանալու, թե ինչպես են ապրել մեր նախնիները։

Բազմաթիվ հնավայրեր կան նաև Հայաստանի տարածքում, որոնց պեղումներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 70—80-ական թվականներին: Այժմ արդեն պեղված են և շարունակվում են պեղվել քարի դարի և մետաղների դարերի, ինչպես նաև միջնադարյան բազմաթիվ դամբարանադաշտեր, հնագույն բնակավայրեր, բերդեր և հնագիտական այլ հուշարձաններ։ Առանձնապես արժեքավոր են Լճաշենի, Շենգավիթի, Մեծամորի, Էրեբունիի, Կարմիր բլուրի, Արմավիրի, Դվինի, Անիի, Ամբերդի և էլի շատ ու շատ հնավայրերի պեղումները: Դրանցից յուրաքանչյուրը պատկերացում է տալիս որոշակի ժամանակաշրջանում մեր ժողովրդի պատմության, տնտեսության, հասարակական կյանքի, մշակույթի և այլ բնագավառների մասին։

Հնագիտական պեղումների շնորհիվ ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից և մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկն է։


Պեղածո առարկաներն ու իրերը պահվում և ցուցադրվում են թանգարաններում՝ դառնալով ընդհանուրի սեփականությունը։ Պեղված հնավայրերի մի մասը վերածվել է թանգարանների բաց երկնքի տակ: