Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հիվանդություններ և դեղեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մի շոգ օր փորձեցեք չափել ձեր մարմնի ջերմաստիճանը։ Ջերմաչափը ցույց կտա 36,6 աստիճան: Նույնը կրկնեցեք մի ցուրտ օր, երբ զգաք, որ մրսում եք: Սնդիկի սյունը կբարձրանա մինչև նույն 36,6 աստիճանը։ Քանի դեռ դուք առողջ եք, ձեր մարմնի ջերմաստիճանը միշտ նույնը կլինի։ Այն բարձրանում կամ իջնում է միայն այն ժամանակ, երբ մարդը հիվանդանում է։

Ահա թե ինչու, երբ դուք գանգատվում եք, ասենք, գլխի, որովայնի կամ կոկորդի ցավից, միևնույն է, բժիշկը նախ և առաջ չափում է ձեր մարմնի ջերմաստիճանը։

Ի դեպ, ձեր հիվանդանալը օրգանիզմն ազդանշանում է նաև այլ կերպ։ Դուք նստում եք ճաշելու, բայց ուտել չեք ուզում, բերանում էլ ինչ-որ տհաճ համ եք զգում։ Երեկոյան պառկում եք քնելու, բայց քնել չեք կարողանում: Մեկ շոգում եք, մեկ մրսում։ Առավոտյան ուզում եք վեր կենալ, բայց, չգիտես ինչու, աչքերը չեն բացվում, ամբողջ մարմնում էլ թուլություն եք զգում։ Հիվանդությունները շատ-շատ են։ Նույնիսկ այնպիսի մեծածավալ մի գիրք, ինչպիսին այս գիրքն է, չի բավականացնի պատմելու բոլոր հիվանդությունների մասին։ Այդ պատճառով էլ բժշկություն են սովորում, որպեսզի նրանք՝ բժիշկները, ճանաչեն բոլոր հիվանդությունները, հասկանան, թե ինչով եք հիվանդ, և նշանակեն համապատասխան դեղեր։ Իսկ դեղերը շատ ավելի են, քան հիվանդությունները։ Եվ ամեն հիվանդության դեմ ոչ թե մեկ, այլ մի քանի դեղեր կան։ Երբ ստամոքսն է խանգարվում, գերչակաձեթ են տալիս։ Դրանով մարդկանց բուժում էին դեռևս Հին Եգիպտոսում, մեզանից երեքուկես հազար տարի առաջ։

Շատ դեղեր գիտեին և հին ասորեստանցիները։ Հնագետները գտել են 3 հզ տարի ավազի տակ մնացած կավե աղյուսակներ, որոնց վրա ասորեստանցի ինչ որ բժիշկ դեղատոմսեր էր գրել։

Հայաստանում ևս շատ վաղուց հայտնի են եղել բազմաթիվ դեղամիջոցներ։ Դեռևս հին Հայաստանում զանազան հիվանդություններ էին բուժում դեղաբույսերով։ Մեր թվարկությունից առաջ, 1-ին դարում, Հայոց Արտաշես թագավորը հիմնել էր հատուկ պարտեզ-բուրաստաններ, որտեղ մեծ խնամքով աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր։ Որոշ բույսեր, օրինակ, լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը) այնքան հռչակված էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա։ Համբավավոր էին նաև հայկական հանքային դեղամիջոցները, հատկապես, հայկական կավը, որն օգտագործվում էր իբրև հակաբորբոքային, հակաուռուցքային միջոց, ինչպես նաև արյունահոսությունների և թունավորումների ժամանակ։ Միջնադարյան հայտնի գիտնական, բժիշկ Ավիցեննան վկայում է. «Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա։ Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի դեմ։ Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ»։

Շատ դեղեր կան, որոնց գոյության մասին մարդկանց «հայտնել» են կենդանիները։ Հարավային Ամերիկայի ժողովուրդների լեգենդներում պատմվում է, որ քարայծերը ծամում էին ինչ որ ծառի տերևներ և դրանից հետո կայտառանում էին, սկսում շատ բարձր թռչկոտել։ Մարդիկ փորձեցին եփել այդ ծառի պտուղները և համոզվեցին, որ այդ ըմպելիքից անցնում է հոգնածությունը։ Այսպես հայտնագործվեց սրճենին, որի պտուղները պարունակում են կոֆեին նյութը։

Բնությունը մեզ համար պատրաստում է նաև բազմաթիվ ուրիշ դեղամիջոցներ։ Երիցուկը բուժում է հազը: Կատվախոտի արմատներից, մահամորմից (շիկատակից), դաղձից ստանում են նյարդերը հանգստացնող դեղ: Հովտաշուշանի ծաղիկներից, կուժկոտրուկից, մատնոցուկից պատրաստված դեղերը կարգավորում են սրտի աշխատանքը։ Սխտորը, ճնճղապաշարն իջեցնում են արյան ճնշումը։

Ռուսաստանում առաջին դեղատները երևան են եկել մոտ 300 տարի առաջ։ Այն ժամանակ Պետրոս Առաջինը Մոսկվայում հիմնադրեց «դեղատնային բանջարանոց», ուր աճեցնում էին դեղաբույսեր։

Այժմ քիմիկոսները սովորել են զանազան դեղեր պատրաստել գործարանային պայմաններում, արհեստական ճանապարհով, բարդ ապարատների օգնությամբ։ Բայց և այնպես, շատ դեղերի պատրաստման համար առաջվա պես անհրաժեշտ են բուժիչ խոտեր ու բույսեր։ Դրանք հավաքում են ամռանը, մարգագետիններում, դաշտերում ու անտառներում։ Եվ այդ գործում ավագների հուսալի օգնականներն են երեխաները։