Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հակոբ Մեղապարտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
HMekhapart.jpg

Մեզանից ավելի քան 470 տարի առաջ, 1510-ական թվականներին, հեռավոր Իտալիայի խաղաղ ու գեղեցիկ Վենետիկ քաղաքում շրջում էր Հայաստանից եկած մի մարդ անունը Հակոբ: Նա ամենից շատ լինում էր վենետիկյան տպարաններում Այդ ժամանակ Եվրոպայում տպագրությունը 65 տարեկան էր, իսկ միայն Վենետիկում մոտ 250 տպարան էր գործում: Մեսրոպ մաշտոցի ժամանակներից ըսկըսած հայերեն գրքերը ձեռագիր էին: Դրանք բազմացվում էին ընդօրինակվելով, այսինքն արտագրվելով Կային արտագըրող վարպետներ, որոնք գրիչներ էին կոչվում: Գրիչը էջ առ էջ արտագրում էր որևէ գիրք ապա նկարիչը կամ, ինչպես ասում են ծաղկողը այդ էջերը գեղեցիկ պատկերազարդում էր, իսկ կազմարարը բոլոր էջերը միասին կազմում: Այդպես ստեղծվում էր նույն գրքի երկրորդ օրինակը: Մեկ օրինակ ձեռագիր գիրք ընդօրինակելու համար հարկավոր էր լինում մի քանի ամիս, երբեմն մեկ կամ երկու տարի: Մինչդեռ ահա Եվրոպայում ստեղծվել էր գրքի բազմացման մի եղանակ, որով կարելի էր միանգամից մի քանի հարյուր կամ մի քանի հազար օրինակ գիրք պատրաստել: Եվ Հակոբը որոշում է մեկնել Եվրոպա, Վենետիկ, այստեղ հիմնել իր տպարանն ու հայերեն գրքեր հրատարակել:

Բայց ինչու էր Հակոբը մտադրվել տպարան հիմնել ոչ թե Հայաստանում, այլ օտար երկրում:

Այդ ժամանակ Հայաստանի վիճակը ծանր էր Երկիրն ընկած էր Թուրքիայի և Պարսկաստանի իշխանության տակ, որոնք մեր հողում շարունակ պատերազմում էին, և դրանից տուժում էր միայն հայ ժողովուրդը «Դառը և նեղ այս ժամանակներում մեծ պատուհաս եկավ մեր աշխարհի վրա տեղից տեղ ու աշխարհից աշխարհ մենք թափառեցինք, շատ մարդիկ սովամահ և ձնախեղդ եղան կամ գազանի բաժին դարձան», — կարդում ենք հայերեն մի հին ձեռագրի հիշատակարանում, որտեղ պատմվում է Հայաստանում տիրող կացության մասին: Պարզ է, որ այդպիսի պայմաններում անհնարին էր Հայաստանում տպարան հիմնելն ու գիրք հրատարակելը: Հակոբն իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն է ստանում: Ապա վենետիկցի մի վարպետի մոտ իր տված նմուշներով պատրաստել է տալիս հայերեն մետաղե տպատառեր: Նա ձեռք է բերում նաև տպագրական ձեռքի մեքենա և այլ սարքեր ու սկսում տպագրական աշխատանքը: Նախ տպագրում է մի ժողովածու որը կոչվում է Ուրբաթագիրք: Դա 1512թ էր, որը և համարվում է հայկական տպագրության առաջին տարին, իսկ Ուրբաթագիրքը հայերեն առաջին տպագիր գիրքը: Նրա մեջ տեղ է գտել հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից մի հատված:

Հաջորդ 1513 թ Հակոբը տպագրում է ևս չորս գիրք: Դրանք են Պարզատումար, Պատարագատետր, Աղթարք, Տաղարան: Պատարագատետրը եկեղեցական գիրք է, նրա վերջում Հակոբ տպագրիչը դրել է փոքր հիշատակարան, որտեղ գրված է «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով» Պարզատումարի սկզբի մասը 36 տարիների օրացույց է: Տաղարանը հայ միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի և Հովհաննես Թլկուրանցու ստեղծագործությունների ժողովածու է:

Հակոբ Մեղապարտի գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են նրանցում դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, նաև մի շարք պատկերներ, զարդագրեր: Տպագրությունը երկգույն է սև ու կարմիր: Գրքերը փոքր են, կաշվե զարդանկար կազմերով: Վերջին էջերին տպված է Հակոբ Մեղապարտի տպարանային խաչաձև նշանը լատիներեն D, I, Z, A տառերով: Դրանք բացվում ու հայերեն թարգմանվում են այսպես Աստծո ծառա, Հակոբ Ծաինյան, հայ:

Յուրաքանչյուր գիրք տպագրվեց մի քանի հարյուր օրինակով: Եվ Վենետիկում լույս տեսած այդ առաջին հայերեն գրքերը հայ վաճառականների միջոցով հասան հայրենիք և հայաբնակ այլ վայրեր:

Այդպես Հակոբ Մեղապարտը օտարության մեջ հիմք դրեց հայկական տպագրությանը, որը հետո զարգացավ ու մեզ պարգևեց հազարավոր հայերեն գրքեր, թերթեր, ամսագրեր:

Հակոբ Մեղապարտը առաջին հայ տպագրիչը, հայ մշակույթի անվանի երախտավորներից է: Նրա անունով է կոչվում Սովետական Հայաստանի ամենախոշոր տպարաններից մեկը Երևանի պոլիգրաֆ կոմբինատը: