Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կորյուն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի հանձնարարությամբ Կորյունն ուսուցանել է Հայաստանի գավառներում, այնուհետև Ասորիքում և Կոստանդնուպոլսում կատարելագործել ասորերենի և հունարենի իմացությունը: 431 թ-ից հետո Եզնիկ Կողբացու և Հովսեփ Պաղնացու հետ Կորյունը վերադարձել է հայրենիք, զբաղվել եկեղեցական (ձեռնադրվել է Վրաց եպիսկոպոս) և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը:

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով, 443–450 թթ-ին Կորյունը շարադրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը՝ «Վարք Մաշտոցին»՝ «Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին, թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր գրված շնորհքը»: «Վարք Մաշտոցին» հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, V դարի սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման հավաստի սկզբնաղբյուրը՝ գրված իրադարձությունների մասնակցի և ականատեսի ձեռքով: Այն կարևոր տեղեկություններ է հաղորդում հայոց, ինչպես նաև վրաց ու աղվանից գրերի գյուտի մասին: Հետագա բոլոր պատմիչները V դարի սկզբի մշակութային շարժման, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործունեության ու գրերի գյուտի վերաբերյալ տեղեկությունները քաղել են Կորյունից: «Վարք Մաշտոցին» մեզ է հասել 2 տարբերակով՝ համառոտ և ընդարձակ: Բուն երկը ընդարձակ տարբերակն է, որի պահպանված ամենահին օրինակը XVII դարում Ամրդոլու վանքում կատարված ընդօրինակությունն է: Հրատարակվել է մի քանի անգամ, առաջինը՝ 1833 թ-ին Վենետիկում: Թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն: