Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոնսերվատորիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Horniman Museum Conservatory.jpg

Ամեն ոք, որպեսզի սովորի այդպես լավ նվագել, երգչախումբ կամ նվագախումբ ղեկավարել, երգել օպերային թատրոնում կամ համերգային դահլիճում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ, պետք է կոնսերվատորիա ավարտի։ Մեր երկրում այդպես է կոչվում երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունը: Կոնսերվատորիան պատրաստում է դաշնակահարներ ու ջութակահարներ, փողային ու հարվածային նվագարաններ նվագող երաժիշտներ, երգիչներ, դիրիժորներ ու կոմպոզիտորներ:

Երաժիշտները իսկական մշակներ են։ Երկար տարիներ նրանք պարապում են իրենց ուսուցիչների ղեկավարությամբ, իսկ հետո ողջ կյանքում շարունակում են սովորել ինքնուրույն:

«Կոնսերվատորիան» իտալերեն բառ է։ Չորս հարյուր տարի առաջ Իտալիայում այդպես էին անվանում որբանոցները, ուր երեխաներին սովորեցնում էին արհեստներ՝ կոշկակարություն, ներկարարություն, նաև երգել ու նվագել։ Աստիճանաբար այդպես սկսեցին անվանել հատուկ տիպի դպրոցները, ուր պատրաստում էին միայն երաժիշտներ։ Ռուսաստանում առաջին կոնսերվատորիաները բացվել են ավելի քան հարյուր տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, 1862 թվականին, և Մոսկվայում, 1866 թվականին։

Մոսկվայի կոնսերվատորիան այսօր կրում է ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու անունը։ Նա Պետերբուրգի կոնսերվատորիայի առաջին սաներից էր, իսկ հետո դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, որի շենքի առջև կանգնեցված է նրա հուշարձանը։ Իսկ Պետերբուրգի կոնսերվատորիան կոչվում է մեկ այլ ռուս կոմպոզիտորի՝ Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովի անունով։ Կոնսերվատորիաները տվել են աշխարհում հայտնի շատ երաժիշտներ ու եոգիչներ։

Հայաստանում երաժշտության դասավանդման կենտրոններ եղել են դեռևս միջնադարում։ Նշանավոր վանքերին կից գործող դպրոցների ու համալսարանների սաներն ստանում էին նաև երաժշտական կրթություն. Սանահինի, Տաթևի, Անիի, Գլաձորի, Հայկական Կիլիկիայի Հռոմկլա, Սիս քաղաքների և մի շարք այլ վայրերի բարձրագույն տիպի դպրոցներում պատրաստում էին երաժիշտ-կատարողներ, ստեղծագործողներ, որոնցից է, օրինակ, 12-րդ դարի բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալին: 19-րդ դարի վերջին երաժշտության դասավանդման գործում մեծ դեր էին խաղում Թիֆլիսի (Թբիլիսիի) Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ուր սովորել, ապա նաև դասավանդել է մեծ Կոմիտասը: Հայաստանում կարգերի հաստատումից հետո հայտնի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ 1923 թվականին ստեղծվեց Երևանի կոնսերվատորիան, որը 1946 թվականին կոչվեց Կոմիտասի անվան: Երևանի կոնսերվատորիան առաջատարներից է, նրա ուսանողներն ու շրջանավարտները պարբերաբար մասնակցում են անդրկովկասյան, միութենական և միջազգային երաժշտական մրցույթների։ Կոնսերվատորիայում սովորում են նաև արտասահմանյան մի շարք երկրներից եկած երիտասարդ երաժիշտներ: