Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոլումբոս Քրիստափոր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Portrait of a Man, Said to be Christopher Columbus.jpg

Այսօր մենք չենք կարող երկրագունդը պատկերացնել առանց Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսի։ Մինչդեռ ընդամենը հինգ դար առաջ, 15-րդ դարի վերջին, Եվրոպայում դրանց գոյության մասին ոչ ոք չգիտեր. Ահա այդ ժամանակ էր, որ ծագումով իտալացի (Ջենովա քաղաքից) ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը, Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք, Աֆրիկայի շուրջը, այլ դեպի արևմուտք, կտրելով Ատլանտյան օվկիանոսը։ Նա գիտեր, որ Երկիրը գնդաձև է, ուրեմն, խորհում էր նա, եթե անվերջ նավարկես դեպի արևմուտք, անպայման կհասնես Հնդկաստան։ Այն ժամանակ նրա ծրագիրն անմտություն էր թվում, հնարավոր է, միթե, փոքրիկ, դյուրաբեկ նավերով կտրել անցնել մի օվկիանոս, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Երկար տարիների պայքարից, նվաստացումներից ու հուսախաբություններից հետո Կոլումբոսին այնուամենայնիվ հաջողվեց համոզել իսպանական թագավորներին, որոնք ոսկու և նոր ու հարուստ հողերի մեծ կարիք ունեին։ Եվ Կոլումբոսի երեք կարավելլաները (եռակայմ առագաստանավերը)՝ ֆլագմանական (այսինքն՝ նավատորմի պետի) «Սան–տա-Մարիան», «Նինյան» և «Պինտան», 1492 թ. օգոստոսին Իսպանիայի Պալոս քաղաքից դուրս եկան նավարկության։

Հիանալի եղանակ էր, փչում էր մեղմ պասատը, և նավերն արագ լողում էին դեպի արևմուտք։ Ամեն նավում կար ընդամենը մի նավախցիկ՝ կապիտանի համար, մնացած նավաստիները քնում էին ուղղակի տախտակամածին։

Բաց օվկիանոսը վախեցնում էր ծովայիններին, որովհետև առաջներում նրանք նավարկել էին միայն ափերի երկայնքով։ Եվ բոլորն անչափ ուրախացան, երբ հորիզոնին կանաչ շերտ երևաց։ Բայց դա ցամաք չէր, այլ ամբողջովին ջրիմուռներով ծածկված Սարգասյան ծովը, որը Կոլումբոսի առաջին հայտնագործությունն էր Ատլանտյան օվկիանոսում։ Նորից օրերը հաջորդում էին իրար, իսկ շուրջը միայն անծայր ու ամայի օվկիանոսն էր։ Նավաստիներն սկսեցին դժգոհել։ Նրանք տակավին չգիտեին, որ Կոլումբոսի հաշվարկներով պետք է արդեն հասած լինեին Հնդկաստան, այնինչ ցամաք դեռ չէր երևում։ Կոլումբոսը լիակատար հանգստություն էր պահպանում։ Նա քաջալերում էր վհատված նավաստիներին, խոստանում ոսկի և զանազան համեմունքներ։ Բայց ի վերջո դադարեցին նրան հավատալ և կտրուկ պայման դրին, որ եթե երեք օրից ցամաք չտեսնեն, ետ են դառնալու։ Կոլումբոսը հարկադրված համաձայնեց։

Այդ ժամկետն ավարտվելու վրա էր, երբ գիշերվա ժամը 2-ին վերջապես լսվեց հերթապահի ճիչը. «Ցամաք։ Ցամաք եմ տեսնում»։ Դա մի փոքր կղզի էր․ Կոլումբոսն այն անվանեց Սան Սալվադոր։ Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները՝ երանավետ Կուբան, չքնաղ ճայիթին և էլի ու էլի շատ կղզիներ։ Նավաստիներն առաջին անգամ էին տեսնում այնպիսի բույսեր, որ Եվրոպայում չէին աճում՝ եգիպտացորեն, կարտոֆիլ, ծխախոտ։ Ամենուր նրանք հանդիպում էին պղնձակարմրամորթ, գեղեցիկ ու բարձրահասակ մարդկանց։ Եվ որովհետև Կոլումբոսը կարծում էր, թե ինքը Հնդկաստան է հասել, այդ մարդկանց սկսեցին անվանել հնդկացիներ։

Կոլումբոսը գտնում էր, որ ինքը հայտնագործել է սոսկ դեպի Հնդկաստան տանող արևմտյան ճանապարհը, այլ ոչ թե նոր, բոլորին անհայտ մի մայր ցամաք. կյանքի վերջին միայն, երրորդ և չորրորդ նավարկություններից հետո նա սկսեց կասկածել, որ դա ինչ-որ «ուրիշ աշխարհ» է։

Կոլումբոսի հայտնագործած այդ աշխարհամասում իսպանացիները սկսեցին նորանոր հողեր զավթել, հիմնել իրենց բնակավայրերը, հպատակեցնել կամ էլ բնաջնջել բնիկներին։ Կոլումբոսն ինքը շուտով շնորհազրկվեց թագավորական արքունիքում և մահացավ լիակատար անհայտության մեջ։ Ու թեև Ամերիկան այդպես կոչվեց մեկ այլ ծովագնացի՝ Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն այսօր մենք Կոլումբոսին մեծարում ենք որպես Ամերիկայի առաջին հայտնագործողի, խիզախ ու անվեհեր ծովագնացի։