Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կղզի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Cyprus lrg.jpg

Բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաքամասը կոչվում է կղզի։ Իրարից ոչ հեռու ընկած կղզիների խումբը կազմում է արշիպելագ։ Ցամաքի մի շերտով՝ պարանոցով, մայր ցամաքին միացածը թերակղզի է։ Բայց ահա վերացավ նաև պարանոցը։ Գոյացավ կղզի, ուր կարելի է հասնել միայն ծանծաղուտով, լողալով կամ նավակով... Պատահում է նաև, որ ցամաքն աստիճանաբար իջնում է, նրա վրա գրոհում է ծովը կամ օվկիանոսը։ Ջրի մակերևույթից վեր մնում են լեռների գագաթները միայն, որոնք էլ հենց դառնում են կղզիներ։ Գիտնականները պարզել են, որ այդպես են առաջացել, օրինակ, Խաղաղ օվկիանոսում գտնվող Ալեության և Կոմանդորյան կղզիները։ Հաճախ օվկիանոսներում կղզիներ գոյանում են այնտեղ, ուր թափվում են հզոր գետերը իրենց հետ բերելով կավ, տիղմ կամ ավազ։ Տարիների, հարյուրամյակների ընթացքում այդ ջրաբերուկները նստում են հատակին՝ առաջացնելով սկզբում ծանծաղուտ, իսկ հետո՝ նաև կղզի։ Կղզիներ առաջանում են նաև ստորջրյա հրաբուխներից։ Ենթադրենք օվկիանոսի հատակին ժայթքել է մի մեծ հրաբուխ։ Նրա խառնարանի միջով Երկրի ընդերքից դուրս է հորդում լավան։ Աստիճանաբար, երբեմն տասնյակ կամ հարյուրավոր տարիների ընթացքում, այդ ստորջրյա հրաբուխը բարձրանում է ջրի մակերևույթից և վերածվում կղզու։ Իսկ այ Կորալյան կղզիները գիտնականներին դժվար խնդիր առաջադրեցին։ Բանն այն է, որ այդ կղզիներից շատերն օղակաձև են և անվանվում են ատոլներ։ Այնտեղ աճող արմավենիների պատճառով ատոլները նմանվում են վիթխարի ծաղկեպսակների, որոնց ասես օվկիանոս են նետել ինչ-որ հսկաներ։ Օղակի ներսի մասը՝ ծովալճակը համեմատաբար խորը չէ, իսկ արտաքին զառիկող ափերը երբեմն ջրի մեջ ընկղմված են լինում մի քանի հարյուր մետր խորությամբ։ Ջրի տակ, կողքից նայելիս, ատոլը նման է գրեթե ուղղաձիգ պատերով վիթխարի կլոր աշտարակի։ Ինչպես է առաջանում այդ հրաշքը։ Առեղծվածը բացատրեց անգլիացի մեծ գիտնական Չարլզ Դարվինը։ Ենթադրենք, ասաց նա, որ օվկիանոսում, նրա արևադարձային ջրերում առաջացել է հրաբխային մի կղզյակ։ Նրա շուրջը եղած ծանծաղուտում բնակություն են հաստատում կորալյան պոլիպներ, որոնք, աճելով ու տարածվելով, գոյացնում են քարքարոտ օղակ՝ հրաբուխը շրջափակող արգելախութ։ Եթե այդ տեղում օվկիանոսի հատակն սկսում է աստիճանաբար իջնել, ապա հրաբուխն ու նրան շրջապատող խութը հատակի հետ ընկղմվում են ջրի մեջ։ Իսկ ինչ անեն պոլիպները, որոնք կարող են ապրել միայն տաք ջրում՝ օվկիանոսի մակերևույթին մոտ։ Նրանք միայն մի ելք ունեն՝ անդուլորեն շարունակել խութի կառուցումը։ Ջրի խորքերն ընկղմված պոլիպներն, իհարկե, ոչնչանում են, բայց նրանց սերունդները շարունակում են վեր ձգտել, խութն աճում է և հետզհետե վերածվում ատոլի, որի հիմքում հանգած հրաբուխն է։ Երբ հետազոտողները, Դարվինի մահից հետո արդեն, մինչև հիմքը հորատեցին մի ատոլ, համոզվեցին, որ գիտնականի բացատրությունը միանգամայն ճիշտ է։