Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կինո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

19-րդ դարի վերջին ստեղծվեց մի ապարատ, որը կարող էր ժապավենի վրա նկարահանել շարժվող առարկաներ, մարդկանց, կենդանիների, մի խոսքով՝ շարժում։ Այդ ապարատն անվանեցին կինեմատոգրաֆ, հունարեն «կինեմա»՝ «շարժում» և «գրաֆո» «գրում եմ» բառերից (հետագայում այդպիսի ապարատը կոչվեց կինոխցիկ)։ Ահա այդ ժամանակ էլ առաջացավ կինոարվեստը, այսինքն՝ կինոֆիլմ (հայերեն նաև շարժանկար) ստեղծելու արվեստը։

Ֆիլմն ստեղծվում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ստեղծագործական ջանքերի շնորհիվ։ Ֆիլմի ստեղծման աշխատանքն սկսվում է սցենարից, որը գեղարվեստական գրականության հատուկ տեսակ է։ Սցենարում մանրամասնորեն մշակված է ապագա կինոֆիլմի բովանդակությունը, որոշված են այն իրադարձությունների տեղն ու ժամանակը, որոնց ականատես են լինելու հանդիսականները, գրված են այն բոլոր խոսքերը, որ արտասանելու են դերասանները։ Սցենարի բովանդակությանը համապատասխան ընտրվում են ֆիլմի հերոսների դերակատարներ, նկարիչները ձևավորում են զգեստներն ու դեկորացիան, կոմպոզիտորը գրում է ֆիլմի երաժշտությունը:

Ֆիլմ ստեղծող կոլեկտիվը գլխավորում է կինոռեժիսորը։ Նա աշխատում է դերասանների հետ, ղեկավարում օպերատորների, նկարիչների, դիմահարդարների, թատերական դերձակների աշխատանքը։ Ֆիլմը ժապավենի վրա նկարահանում է կինոօպերատորը։ Նրանից է կախված, թե որքան վառ ու տպավորիչ կլինի ամեն մի տեսարան։

Ֆիլմի հաջողությունը շատ բանով կախված է դերասաններից։ Չէ՞ որ դերասանը, որ մեր ժամանակակիցն է, պետք է կարողանա մեկ ապրել միջնադարի մարդու կյանքով, մեկ դառնալ ապագայի մարդ, սուրը մերկացրած գրոհի նետվել կամ գնդակոծության ժամանակ սողեսող առաջ շարժվել խոր ձյան միջով։ Կինոդերասանը կարճ ժամանակում պետք է շատ բան սովորի ու շատ բան հիշի։ Ֆիլմը սկզբից մինչև վերջ նկարահանվում է ոչ այն հաջորդականությամբ, ինչ մենք տեսնում ենք էկրանին, այլ առանձին, մինչև 400-500 կտորներով։ Այդ անջատ կտորների միավորումը մեկ ամբողջության մեջ կոչվում է մոնտաժում։ Սա ֆիլմի ստեղծման աշխատանքի շատ կարևոր մասն է։ Եվ ահա ստեղծագործական վիթխարի աշխատանքն ավարտված է։ Ֆիլմը պատրաստ է։

Էկրանին կենդանություն են առնում կինոնկարի կերպարները։ Մարդու զգացմունքների ու մտքի վրա ոչինչ ավելի ուժգին չի ներգործում, քան կենդանի օրինակը։ Կինոն հենց տալիս է այդ կենդանի օրինակը։

Կինոն ճշմարտացի ու արտահայտիչ ձեզ ցույց է տալիս քաղաքներ, գյուղեր, լեռներ, լճեր, անտառներ երկրի ողջ բազմազանությունն ու հարստությունը։ Ֆիլմը «ճանապարհորդում» է հողագնդով մեկ, մարդկանց հարկադրում զգալ ու խորհել, զայրանալ ու հավատալ։ Բարձր են գնահատվել «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Պեպո», «Նամուս», «Նռան գույնը», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» և այլ կինոնկարներ։