Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կարս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Սուրբ Առաքելոց եկեղեցի7.JPG

Կարս (նաև աղավաղված՝ Ղարս), քաղաք Թուրքիայի արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։ Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցել է Աբաս Ա Բագրատունին։ Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Արշակունիների թագավորության շրջանում (52-428) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Սակայն այս տոհմը հայոց պատմության մեջ էական դերակատարություն չի ունեցել, հետևաբար վաղ միջնադարից Կարսի բերդի մասին պատմությանը համարյա ոչինչ հայտնի չէ։ Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։ Աշոտ Ա (885-890), Սմբատ Ա (890-914), Աշոտ Բ Երկաթ (914-928) արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Դվինը, Բագարանը, Երվանդաշատը։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան (928-953), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։ Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան (953-977), նոր մայրաքաղաք հաստատեց՝ տիեզերահռչակ Անին։ Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում։ Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը՝ շահնշահը, Անիի տիրակալն էր։ Եվ 962 թ.՝ Անիի մայրաքաղաք հռչակվելուց մեկ տարի անց, փաստորեն, ձևավորվում է Կարսի կամ Վանանդի թագավորությունը (963-1065), որի առաջին գահակալը Մուշեղ Բագրատունին էր (962-984)՝ Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Մուշեղին հաջորդեցին Աբաս Ա (984-990), 990-1049 թթ. ընթացքում՝ Գագիկ Ա և Աբաս Բ թագավորները, 1049-1065 թթ.՝ Գագիկ Բ։ Պատմիչները դրվատանքի խոսքեր չեն խնայում հատկապես Աբաս Ա արքայի մասին խոսելիս։ Նրա օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց։ Առհասարակ Բագրատունյաց թագավորության շրջանից Կարսն արագ զարգացում է ապրում։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունին X դարի 60-ական թթ. կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։ Հայ և օտար մատենագիրները հիշատակում են Կարուց Բերդ, Ամուրն Կարուց, Ամրոցն Կարուց և նման այլ անվանումներով։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հայերեն Հարս բառից։ Ըստ ավանդույթի՝ հայոց թագավորի հարսնացուին զբոսանքի ժամանակ դուր է եկել այդ վայրը, և նա հաճախ էր այստեղ գալիս։

963-1065 թվականները եղել է հայկական ֆեոդալական Կարսի թագավորության կենտրոնը։ Գրականության մեջ հանդիպում է նաև Ղարս ձևը։