Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ծիրանենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Punta Lingua-Abricotiers.JPG

Վաղ գարնանը, երբ բնությունը նոր-նոր զարթոնք է ապրում, ուշադրություն են գրավում դեռևս տերևազուրկ, բայց սպիտակ ծաղիկների փարթամ պսակով զուգված, 12-15 մ բարձրության հասնող ծառերը։ Մեղուներն աշխուժորեն նեկտար են հավաքում նրանց ծաղիկներից։ Ամռանն այդ ծառերը զարդարվում են համեղ, հյութալի, կարմրադեղին պտուղներով։ Դա մեր ծիրանենին է, որն աշխարհին հայտնի է «արմենիակա» անունով։

Հայաստանը ծիրանենու մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոն է։ Այդ են վկայում Գառնիի պեղումների ժամանակ հայտնաբերված, 6000 տարվա հնություն ունեցող ծիրանի կորիզները, ինչպես նաև մեր բնաշխարհում այժմ էլ աճող ծիրանենու վայրի տեսակները։ Ենթադրվում նաև, որ ծիրանը «արմանու» անունով հայտնի է եղել մեր թվականությունից առաջ երկրորդ-երրորդ հազարամյակներում ապրած մի շարք հնագույն ժողովուրդների։ Մեր թվականությունից առաջ առաջին դարում հռոմեական զորավար Լուկուլլոսը ծիրանենին Հայաստանից տարել է Հունաստան, ապա նաև Հռոմ, որտեղ այն անվանել են «պրունուս արմենիակա» («հայկական սալոր»)։ Այնտեղից ծիրանենին տարածվել է Եվրոպայում։ Ծիրանենին մեր հանրապետությունում մշակվող ամենահիմնական պտղատու ծառատեսակն է։ Այն ջերմասեր, արագ աճող բույս է։ Չորս տարեկան ծառն արդեն բերք է տալիս։ Մեկ հասուն ծառը կարող է տալ 80-100, երբեմն, նույնիսկ, 800 կգ բերք։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում ավազային, ավազակավային, ինչպես նաև քարքարոտ հողերում։

Ծիրանենին բավականին երկարակյաց ծառ է։ Հանդիպում են մինչև 150 տարեկան բերքատու ծառեր։ Նրա պտուղը՝ ծիրանը, պարունակում է բազմաթիվ օգտակար սննդանյութեր՝ շաքարներ, ազոտ պարունակող նյութեր, վիտամիններ և այլն։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ, որը շատ կարևոր է երեխաների աճի ու առողջության համար, ծիրանը համազոր է կարագին և թարմ ձվին։ Ծիրանի կորիզը պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր։ Ծիրանից պատրաստում են մուրաբա, պաստեղ, ջեմ, պովիդլո, մարմելադ, հյութեր, կոմպոտ, չիր։ Բայց ամենից համեղն, իհարկե, թարմ ծիրանն է։ Կորիզի միջուկն օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ։ Կիրառություն ունի և ծիրանենու շատ ամուր բնափայտը։ Ծիրանենին նաև դիմացկուն բույս է, և հաճախ այն տնկում են դաշտապաշտպան անտառաշերտերում։ Բազմանում է սերմերով և պատվաստման միջոցով։ Մեր հանրապետությունում տարածված են ծիրանենու բազմաթիվ սորտեր` Երևանի, Սաթենի, Աղջանաբադ, Սպիտակ, Խոսրովենի և այլն, որոնք աճում են շատ շրջաններում։