Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խաչքար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Raffi kojian-goshavank-IMG 0454.JPG

Զրույցն ասում է, որ Հայկ նահապետը մահից առաջ իր հետնորդներին պատգամ թողեց գեղազարդել Հայաստանով մեկ սփռված կոշտ ու կոպիտ քարերը։ Եվ հայերն սկսեցին հղկել քարերն ու դրանցով կերտել հրաշալի տաճարներ, պալատներ, ամրոցներ, եկեղեցիներ։ Բայց Հայաստան ամեն տեսակ ասպատակող էր մտնում։ Եկողը կողոպտում էր երկիրը, կործանում հրաշակերտ կառույցները։ Հայերը ելքը գտան, սկսեցին հիմա էլ հղկել ու գեղազարդել նաև մեծ սալաքարեր։ Քարից հուշակոթող էին կերտում ու թողնում բաց երկնքի տակ։ Թշնամին շվարեց, այս գեղազարդված սալաքարի ի՞նչը կործանես ու կողոպտես։

Այսպես հայ ժողովուրդը, մեծ կառույցների կողքին, արարելու իր քանքարը մարմնավորեց նաև ճարտարապետական փոքր ձևերի մեջ: Խաչքարը կոթող-հուշարձան է, հայ միջնադարյան արվեստի ինքնատիպ դրսևորումներից մեկը, որը բացառապես հայկական է։ Մեզ հասած ամենահին խաչքարը 9-րդ դարի է։ Անցած դարերի ընթացքում Հայկական լեռնաշխարհում կանգնեցվել են հազարավոր խաչքարեր։ Դրանք պատմական վկայագրեր են, հիշատակարաններ, մարդկային աչքը շոյող քարե մանրանկարներ, որոնք դրվել են եկեղեցիների մուտքերի մոտ, գավիթներում, ճամփաբաժաններին, գերեզմանոցներում (իբրև տապանաքարեր), բլուրների վրա կամ փորագրվել եկեղեցիների պատերին, ժայռերին։

Խաչքար են կոչվել, որովհետև նրանց քանդակազարդված երեսին, կենտրոնում, պատկերված է խաչ` քրիստոնեական հավատի խորհրդանիշը։ Սակայն խաչը միայն արտաքին կեղևն է։ Ըստ էության խաչքարը ժողովրդական կյանքի համայնապատկեր է, որ հմայում է զարդամոտիվների ու դրանց համամասնությունների ներդաշնակությամբ։ Խաչքարի վրա նուռ ու ողկույզ կա, հասկ ու հաց, մարդ ու թռչուն։ Մի սալաքարի վրա պատկերված է նույնիսկ թատերախաղ, որի դեմ պայքարում էր քրիստոնեությունը։ Խաչքարի հակառակ երեսը հարթ է կամ պատած արձանագրությամբ՝ ներկայացնելով, ասես, հայ ժողովրդի պատմության բացված մի էջ։

Խաչքարի քանդակազարդ պատկերը իր նրբագեղությամբ նման է ասեղնագործ ժանյակի։ Հաճախ պատկերն այնքան նրբահյուս է լինում, որ թվում է, թելերից են գործել և դաջել սալաքարին։

Միջնադարյան հայկական խաչքարերն ունեցել են բազմանշանակ բովանդակություն։ Դրանք կանգնեցվել են տարբեր առիթներով ռազմական հաղթանակները, պատմական նշանակալից դեպքերը հավերժացնելու, եկեղեցիների, աղբյուրների, կամուրջների և շինարարական ուրիշ աշխատանքների ավարտը հիշատակելու համար։ Խաչքարեր կան նվիրված զոհված հերոսների, իրենց նպատակին չհասած սիրահարների հիշատակին։ Այսպես, օրինակ, Զաքարե զորավարը սելջուկների դեմ տարած հաղթանակը նշանավորելու համար խաչքարեր է կանգնեցրել 1175 և 1202 թվականներին։ Վանենի թագուհին 1192 թվականին մի խաչքար է կանգնեցնում ի պատիվ Սանահինի կամրջի կառուցման։ Մարտիրոս գյուղը հիմնադրվել է 1283 թվականին։ Այդ առթիվ Շնորհավոր Աղբարը նույն թվականին մի հուշարձան խաչքար է պատրաստել։ Գյուղի ծննդյան այդ վկայագիրը այժմ էլ կանգնած է իր տեղում։

Կան նաև «ամենափրկիչ», երբեմն «հազախաչ» կոչվող խաչքարեր, ինչպես, օրինակ, Հաղպատի վանքի գավթի 1273 թ. նշանավոր խաչքարը, որի հեղինակը Վահրամ վարպետն է։ Սրանց քանդակազարդված երեսին պատկերված են խաչելության տեսարաններ։ Ժողովուրդը հավատում էր, թե սրանք օժտված են հիվանդություններ բուժելու հատկությամբ, և հաճախ տարբեր վայրերից հիվանդներին, հատկապես երեխաներին, ուխտի էին բերում դրանց մոտ։ Ժողովուրդը խաչքարերն իմաստավորել է նաև որպես բնության տարերքը, չարիքները սանձահարող ուժի խորհրդանիշներ։ Դրանք կոչվում են «Ցասման» խաչքարեր։ Մարդիկ ուխտի էին գնում այդ խաչքարերին՝ համոզված լինելով, թե դրանք կօգնեն կասեցնելու երաշտը, կարկուտը, երկրաշարժը...

Հայաստանում ամենաշատ խաչքարեր եղել են Ջուղայի գերեզմանատանը։ 17-րդ դարի սկզբին այնտեղ կար 10 հզ. խաչքար, այժմ մնացել է մոտ 2600։ Հայաստանի տարածքում ամենաշատ խաչքարերը Նորադուզ գյուղում են, որտեղ դրանց թիվը հասնում է հազարի։ Նորադուզի խաչքարերի «անտառը» մի յուրահատուկ թանգարան է, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու։

Խաչքար կերտող վարպետներն իրենց անվանել են քարգործ, կազմող, հորինող, ծող։ Նրանցից քչերի անունն է պահպանվել։ 12-րդ դարում ամենանշանավորը Մխիթա[[ր վարպետն էր։ 13-14-րդ դարերում է գործել հայտնի Մոմիկը: Իրենց բացառիկ բարձր արվեստով հիացնում են]] Գոշավանքի՝ 1291 թ. կերտված խաչքարերը, որոնց հեղինակը Պողոսն է։ Ամենից շատ խաչքարեր ստեղծել է վարպետ Քիրամը։ 1551-1610 թվականներին նա կերտել է շուրջ 300 խաչքար, որոնցից շատերն այժմ էլ կանգուն են։

Խաչքարերը հայրենասիրության, հայ ինքնատիպ մշակույթի, հայ ժողովրդի գեղագիտական բարձր ճաշակի արտահայտությունն են և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային արվեստի գանձարանում։