Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լևենհուկ Անտոնի վան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Jan Verkolje - Antonie van Leeuwenhoek.jpg

Անտոնի Վան Լևենհուկն ապրում էր հոլանդական Դելֆթ քաղաքում և պապի ու հոր նման բրդի առևտրով էր զբաղվում։ Եվ եթե նա այդպես էլ միայն վաճառական մնար, հազիվ թե մենք նրան հիշեինք։ Ամեն օր, ազատ րոպեներին, Լևենհուկը փակվում էր իր տան ետնասենյակում, ուր ոչ ոք չէր համարձակվում մտնել։ Այնտեղ նա խոշորացնող ապակիներ՝ ոսպնյակներ, էր հղկում և նրանց օգնությամբ զննում ջրի կաթիլներ, փայտի կտորներ, բույսերի տերևներ։ Ուռուցիկ ոսպնյակի տակ ջրափոսից վերցրած թափանցիկ, հազիվ կանաչավուն կաթիլը մի ամբողջ աշխարհի էր վերածվում, ուր բնակվում էին բազմաթիվ «մանրագույն գազանիկներ»։ Դրանցից ոմանք դանդաղաշարժ էին, մյուսները ձկնիկների նման այս ու այն կողմ էին նետվում, մի մասը փուչիկի պես կլոր էր, ուրիշները նման էին խցանահանի։ Լևենհուկը մանրազնին նկարագրում էր այն ամենը, ինչ տեսնում էր, և իր նկարագրություններին կցում այս կամ այն «գազանիկի» տեսքը պատկերող նկարներ։ Ողջ Եվրոպային հայտնի գիտնականներն անհամբերությամբ էին սպասում հոլանդացի վաճառականի նամակներին։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամները, ինքը՝ մեծն Իսահակ Նյուտոնն ու նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը ուշադրությամբ հետևում էին Լևենհուկի հաղորդումներին։

Լևենհուկը հայտնագործեց կենդանի էակների՝ միկրոօրգանիզմների, մինչ այդ մարդկանց անհայտ հսկայական աշխարհը, օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։ Թեև առաջներում էլ առավել խորաթափանց առանձին մտածողներ ենթադրել էին, թե գոյություն ունեն անզեն աչքով անտեսանելի, վտանգավոր վարակիչ հիվանդություններ հարուցող էակներ, բայց Լևենհուկն առաջինն էր, որ տեսավ մանրէները։ Այդ հիանալի հայտնագործությանը նա հասավ շնորհիվ այն բանի, որ իր իսկ ձեռքով պատրաստեց այնպիսի խոշորացնող ապակիներ, որոնց մասին այն ժամանակ ոչ ոք չէր էլ պատկերացնում։ Դա, անշուշտ, մանրադիտակ կոչվող սարքը չէր։ Մի քանի խոշորացնող ապակիներից կազմված բարդ սարքերը՝ մանրադիտակները, հայտնագործվեցին բավականին ուշ։ Լևենհուկի «մանրադիտակն», ըստ էության, 300 անգամ մեծացնող ուժեղ խոշորացույց էր։ Օգտագործելով «մանրադիտակը», Լևենհուկը գտավ, որ արյունը միատարր հեղուկ չէ, ինչպես կարծում էին նրա ժամանակակիցները, այլ այնպիսի մի կենսատու հոսք, ուր շարժվում են անթիվ-անհամար մանրագույն մասնիկներ: Լևենհուկն ականավոր հետազոտող էր, գիտության առաջամարտիկ։ Բազմաթիվ են նրա հայտնագործությունները կենդանաբանության և բուսաբանության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: