Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լոմոնոսով Միխայիլ Վասիլևիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
M.V. Lomonosov by L.Miropolskiy after G.C.Prenner (1787, RAN).jpg

Լոմոնոսովը ծնվել է Արխանգելսկի նահանգում, գյուղացու ընտանիքում։ Մանկուց նա հոր հետ գնում էր ձկնորսության։ Տղան վաղ սովորեց կարդալ և բուռն ցանկություն ուներ շարունակելու ուսումը։ Այդ նպատակով նա սառեցրած ձուկ փոխադրող սայլերի հետ ուղևորվեց Մոսկվա։ Մոսկվայում, Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա ընդունվելու համար, նա ստիպված եղավ ներկայանալ իբրև ազնվականի որդի, որովհետև գյուղացու տղային չէին ընդունի։ Վեց տարի անց, ուսման մեջ ունեցած հաջողությունների համար, Միխայիլ Լոմոնոսովը գործուղվեց Գերմանիա՝ լեռնային գործ և քիմիա ուսումնասիրելու։ Գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին անցնում են տքնաջան աշխատանքի մի քանի տարի, և Լոմոնոսովն արդեն խոշոր գիտնական է։ Դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարող էր մի մարդն այդքան շատ բան անել գիտության ամենատարբեր բնագավառներում, գրականության մեջ և արվեստում։ Ֆրանսիացի մի պատմաբան, նույնիսկ, կարծել է, թե Ռուսաստանում երկու Միխայիլ Լոմոնոսով կա, մեկը՝ բանաստեղծ, մյուսը՝ քիմիկոս։ Բայց բանաստեղծն էլ, քիմիկոսն էլ նույն մարդն էր Միխայիլ Լոմոնոսովը։ Նա նաև ֆիզիկոս էր ու նկարիչ, աստղագետ ու մետալուրգ, աշխարհագրագետ ու պատմաբան, լուսավորիչ ու պետական գործիչ։

Ֆիզիկական և քիմիական փորձերը, որ Լոմոնոսովը կատարում էր իր լաբորատորիայում, աչքի էին ընկնում մեծ ճշգրտությամբ։ Մի անգամ նա մի այսպիսի փորձ կատարեց. կշռեց կապարե թիթեղներ պարունակող հալափակված ապակե անոթը, շիկացրեց այն, ապա նորից կշռեց։ Թիթեղները պատվել էին օքսիդով, բայց անոթի ընդհանուր կշիռը դրանից չփոխվեց։ Այդպես հայտնագործեց նյութի զանգվածի պահպանման օրենքը բնության հիմնական օրենքներից մեկը։ Հենց միայն այդ հայտնագործությունը բավական էր, որ Լոմոնոսովը համարվեր մեծ գիտնական։

Աստղերն ու մոլորակները դիտելու համար Լոմոնոսովը պատրաստեց աստղադիտակ։ Սրա օգնությամբ նա հայտնագործեց, որ Վեներա մոլորակը, մեր Երկրի նման, շրջապատված է մթնոլորտով։ Ավելի քան հարյուր տարի հետո միայն աստղագետները կարողացան կրկնել այդ դիտումը։

Լոմոնոսովը ողջ կյանքում անդուլ պայքար էր մղում հետամնացության և տգիտության դեմ՝ հանուն գիտության հաղթանակի։ Նա պնդում էր, որ Տիեզերքն անսահման է, իսկ բնակեցված աշխարհներն այնտեղ՝ անթիվ, որ ինչպես մեր Երկիրը, այնպես էլ բնության մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անընդհատ փոփոխվում է ու զարգանում։ Աստղագիտության գործնական կիրառությամբ ոչ ոք այնքան մտահոգված չէր, որքան Լոմոնոսովը։ Նա իրավամբ համարվում էր իր ժամանակի խոշորագույն աստղագետներից մեկը։ Լոմոնոսովը գտնում էր, որ բոլոր մարմինները կազմված են մանրագույն շարժուն մասնիկներից՝ մոլեկուլներից և ատոմներից, որոնք շարժվում են ավելի արագ, երբ մարմինը տաքանում է, և համեմատաբար դանդաղ, երբ մարմինը սառչում է։ Մինչև Լոմոնոսովը Ռուսաստանում գրքերը գրվում էին, հիմնականում, եկեղեցասլավոներեն։ Լոմոնոսովն ուսումնասիրեց կենդանի խոսակցական լեզուն և գրեց ռուսաց լեզվի առաջին, հիրավի գիտական, քերականությունը։ Ռուսաց լեզվի գեղեցկությունն ու ուժը նա ցույց տվեց իր սեփական բանաստեղծություններով։

Պետերբուրգից ոչ հեռու Լոմոնոսովը կառուցեց մի ֆաբրիկա, ուր նրա բաղադրատոմսերով պատրաստում էին տարբեր գույների ու երանգների ապակի։ Ապակու զանազանագույն կտորներից նա ստեղծեց մի քանի գեղեցիկ խճանկարներ, որոնցից մեկն, օրինակ, պատկերում է Պոլտավայի նշանավոր ճակատամարտը, մյուսը՝ Պետրոս Առաջինին։

Միխայիլ Լոմոնոսովը շատ ջանք գործադրեց Ռուսաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Մոսկվայի համալսարանը, բացելու համար։ Մոսկվայի պետական համալսարանը, որ լավագույններից է աշխարհում, հպարտությամբ կրում է Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի անունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։