Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լերմոնտով Միխայիլ Յուրևիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Mikhail lermontov.jpg

1837 թ. հունվարին, Պուշկինի ողբերգական մահվան օրերին, Ռուսաստանը հանկարծ լսեց ձայնը երիտասարդ մի բանաստեղծի, որին վիճակված էր լինելու Պուշկինի հետնորդը ռուս գրականության մեջ։ Դա քսաներկու-ամյա սպա Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովն էր, որ գրել էր վշտալի «Պոետի մահը» բանաստեղծությունը։ Նիկոլայ Առաջինի կառավարությունը Լերմոնտովի բանաստեղծությունը գնահատեց իբրև հեղափոխության կոչ և շտապեց դաժան միջոցների դիմել։ Լերմոնտովին ձերբակալեցին և աքսորեցին Կովկաս, ուր ամեն պահ կարող էր զոհվել լեռնականների գնդակից։ Լերմոնտովը ծնվել է Մոսկվայում։ Երբ երեք տարեկանը չլրացած, մահացավ մայրը։ Հետո սովորեց Մոսկվայում, սկզբում՝ գիշերօթիկում, ապա՝ համալսարանի բանասիրական բաժանմունքում։ Ավելի ուշ Լերմոնտովը տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց յունկերական ուսումնարան, որտեղից երկու տարի անց մտավ գվարդիայի շարքերը։ Այսպիսին են նրա կյանքի արտաքին փաստերը։ Բանաստեղծի ներաշխարհի մասին պատմում են նրա պատանեկան բանաստեղծությունները։ Լերմոնտովն իր ստեղծագործություններն առաջին անգամ հասարակության դատին հանձնեց, երբ քսան տարեկան էր։ Նա հորինեց «Դիմակահանդես» չափածո դրաման, որտեղ իր խելացի և ինքնուրույն հերոսին պատկերեց կեղծ ու դաժան բարձրաշխարհիկ միջավայրում։ Լերմոնտովյան սուր ու դիպուկ բնութագրումներն զգաստացրին գրաքննությանը, և դրաման արգելվեց։ Այն օրերին, երբ բացվեց Պուշկինի մահվան առիթով գրված բանաստեղծության գործը, ժանդարմները Լերմոնտովին հիշեցրին դրամայի մասին։ Ողջ 1837 թվականը Լերմոնտովն անցկացրեց Կովկասում։ Աքսորից նա Պետերբուրգ բերեց «Երգ Իվան Վասիլևիչ թագավորի, երիտասարդ թիկնապահի և խիզախ վաճառական Կալաշնիկովի մասին» պոեմը։ Անհնար է առանց հուզմունքի կարդալ «Մծիրի»–ն՝ հայրենիքն ու ազատությունը կորցրած մարդու մասին բոցաշունչ այդ պոեմը։ Լերմոնտովը գտնում էր, որ բանաստեղծ լինել՝ նշանակում է քաղաքացիական մեծ սխրանք կատարել, մերկացնել հասարակական չարիքները։ Այդ մասին է նա խոսում «Խոհ», «Պոետը», «Մարգարե» բանաստեղծություններում։ «Մեր ժամանակի հերոսը» վեպում Լերմոնտովը ցույց է տալիս, թե ինչպես Նիկոլայ Առաջինի գահակալության շրջանում տիրող անազատ վիճակի, իսկական գործ գտնելու անհնարինության պատճառով կործանվում է խելացի, կրթված ու տաղանդավոր երիտասարդը։ Լերմոնտովի պոեզիայի ուղղվածությունը, հասարակական նշանակությունը, բանաստեղծի օրըստօրե աճող հեղինակությունը գրգռում էին արիստոկրատիային։ Դիմեցին փորձված միջոցի՝ մենամարտ կազմակերպեցին ֆրանսիական դեսպանի որդու հետ և, դատապարտելով Լերմոնտովին, նրան նորից աքսորեցին Կովկաս։ Նորից Լերմոնտովը տեսավ պետերբուրգյան շքեղ սալոնների ու ռուսական աղքատ գյուղերի խոր հակադրությունը։ Եվ գնալով ավելի լավ հասկացավ, որ հայրենիքի նկատմամբ իր սիրո ակունքը ժողովրդի հանդեպ տածած սերն է։ Այս մասին էլ հենց նա գրում է «Հայրենիք» բանաստեղծության մեջ։ 1841 թ. հուլիսի 27-ին, Պյատիգորսկի մերձակայքում, Մաշուկ լեռան ստորոտին, մենամարտի ժամանակ Լերմոնտովը սպանվեց։ Ժամանակակիցները հասկանում էին, որ դա կանխամտածված սպանություն է, որի թելերը ձգվում են մինչև Պետերբուրգ, մինչև Ձմեռային պալատ։ Ավելի խորաթափանց մարդիկ կապ էին տեսնում այդ սպանության և Պուշկինի, Գրիբոյեդովի ու ժամանակի շատ ուրիշ առաջադեմ մտածողների մահվան միջև։

Լերմոնտովը մահացավ 27 տարին չհասած։ Բայց այն, ինչ նա ստեղծեց իր կարճատև կյանքի ընթացքում, նրան դասում է աշխարհի մեծագույն բանաստեղծների շարքը։ Հայերը Լերմոնտովի ստեղծագործության հետ ծանոթացել են դեռևս 19-րդ դարի 40-ական թվականներից։ Նրա երկերը սիրով թարգմանել են Միքայել Նալբանդյանն ու Ռաֆայել Պատկանյանը, Եղիշե Չարենցն ու Պարույր Սևակը... Լերմոնտովյան թեմաներով նկարներ է ստեղծել Մարտիրոս Սարյանը, իսկ կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանն ու Արամ Խաչատրյանը գրել են երաժշտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։