Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լեհաստան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Poland flag 300.png
EU-Poland.svg

Լեհաստանը պետություն է, որը գտնվում է Կենտրոնական Եվրոպայում: Մայրաքաղաքը Վարշավան է: Վարշավան ամենամեծ քաղաքն է Լեհաստանում: Լեհաստանի պետական լեզուն լեհերենն է: Նախագահը՝ Անջեյ Դուդան է, իսկ վարչապետն Եվա Կոպաչն է: Լեհաստանի տարածքի մեծ մասն զբաղեցնող ընդարձակ հարթավայրերով, թավ անտառներով, դաշտերով ու մարգագետիններով հոսում են բազմաթիվ գետեր, որոնցից ամենաջրառատն են Վիսլան և Օդրան։ Հյուսիսում ցածրադիր ափերը ողողում են Բալթիկ ծովի ջրերը, իսկ հարավում բարձրանում են անտառապատ լեռներ` Կարպատները և Սուդետները։ Լեհական հողում հնուց ի վեր ապրել են արևմտյան սլավոններ։ Առաջին պետությունն այստեղ կազմավորվել է ավելի քան հագար տարի առաջ։ Ըստ հին ավանդության, իշխան Լյախը երկար ժամանակ տեղ էր փնտրում պետության մայրաքաղաքի համար։ Մի անգամ բլրին նա տեսավ սպիտակ արծվի բույն և հրամայեց քաղաքը հիմնել այնտեղ։ Այդ ժամանակից էլ Լեհաստանի գերբի վրա պատկերվում է սպիտակ արծիվ։ Հնում Լեհաստանը Եվրոպայի հզոր պետություններից էր։ Բայց լեհ կալվածատեր–ազնվականների (շլյախտայի) մշտական անմիաբանության պատճառով երկիրն աստիճանաբար թուլանում էր։ 18-րդ դարի վերջին ժամանակի երեք հզոր պետություններ` Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան, Լեհաստանի տարածքը բաժանեցին իրար միջև։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո միայն Լեհաստանը վերածնվեց որպես ինքնուրույն պետություն։ 1918 թ. սովետական կառավարությունը ճանաչեց նրա անկախության իրավունքը։ Այդ մասին ընդունված դեկրետն ստորագրել է Վ. Ի. Լենինը։ Ճնշելով լեհ աշխատավորների հեղափոխական շարժումները` իշխանության գլուխ կանգնեց բուրժուազիան, որը վախենում և ատում էր սովետական երկիրը։ Արևմուտքի այլ կապիտալիստական պետությունների հետ լեհական բուրժուազիան 1920 թ. մասնակցեց մեր երկրի դեմ կազմակերպված ինտերվենցիային։ Սակայն իմպերիալիստների հետ կնքած դաշինքը բուրժուական Լեհաստանին չօգնեց։ 1939 թ. սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա։ Այդ օրը համարվում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Լեհ հայրենասերները, կոմունիստների գլխավորությամբ, պայքարում էին զավթիչների դեմ։ Խորհրդային բանակը, որի շարքերում կռվում էին նաև լեհ հայրենասերներ, ազատագրեց Լեհաստանը։ Ազատագրումից հետո լեհ աշխատավորներն իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Լեհաստանը դարձավ ժողովրդական հանրապետություն։ Լեհաստանի առանց այն էլ հետամնաց տնտեսությունը պատերազմի տարիներին իսպառ քայքայվել էր։ Ուստի ժողովրդական իշխանությունը ոչ միայն պետք է վերականգներ քաղաքները, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, այլև շատ բան նոր ստեղծեր։ Ժողովրդական Լեհաստանին մեծապես օգնեցին Խորհրդաին Միությունը և սոցիալիստական մյուս երկրները։ Մեծ թվով խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցվեցին ԽՍՀՄ-ի օժանդակությամբ։ Ժողովրդական իշխանության տարիներին Լեհաստանը վերածվեց զարգացած արդյունաբերությամբ երկրի։ ԽՍՀՄ-ն ու Լեհաստանը կապված են անխախտ բարեկամության ու փոխօգնության դաշինքով։ Այսպես, օրինակ, իր արդյունաբերությանն անհրաժեշտ նավթը Լեհաստանն ստանում է Սովետական Միությունից՝ «Բարեկամություն» նավթամուղով։ Լեհաստանում հինավուրց քաղաքներ շատ կան, որոնք, սակայն, պատերազմի ժամանակ խիստ վնասվել էին։ Գրեթե ամբողջովին ավերվել էր Լեհաստանի մայրաքաղաքը` Վարշավան։ Լեհ ժողովուրդը հոգատարությամբ և սիրով վերականգնեց իր մայրաքաղաքը։ Պահպանված հին հատակագծով վերածնվեցին նախկին փողոցներն ու տները։ Մայրաքաղաքը զարդարվեց նաև ժամանակակից շենքերով, որոնցից է ԽՍՀՄ-ի միջոցներով կառուցված գիտության և մշակույթի տունը։ Հեքիաթային փյունիկ թռչնի նման, մոխիրներից նորից հառնեց գեղեցկուհի Վարշավան։ Տատրաների նախալեռներում, Բյալա գետի ափին, կա մի փոքր քաղաք՝ Պորոնինը։ Նրա մոտերքում, խճուղուց ոչ հեռու, կանգնած է մի տուն, որն այժմ թանգարան է։ Այդ տանը 1913-1914 թվականներին ապրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Տաղանդավոր լեհ ժողովուրդն աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդիկ, ինչպես գիտնական Ն. Կոպեռնիկոսը, բանաստեղծ Ա. Միցկևիչը, գրողներ Է. Օժեշկոն ու Բ. Պրուսը, կոմպոզիտոր Ֆ. Շոպենը և շատ ուրիշներ, որոնց գիտական հայտնագործությունները կամ ստեղծագործությունները հարստացրել են համաշխարհային գիտությունն ու մշակույթը։ Լեհաստանը կարևոր դեր է խաղացել նաև հայերի կյանքում։ 14-15-րդ դարերից սկսած մեծ թվով գաղթական հայեր ապաստան են գտել Լեհաստանում և դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել տեղացի բնակչության հետ։ Հայերը հաստատվել են լեհական պետության սահմանամերձ վայրերում և մասնակցում էին երկիրը օտար հարձակումներից պաշտպանելու գործին: Նրանց մեջ կային բազմաթիվ հմուտ արհեստավորներ, երկրագործներ և առևտրականներ, որոնք նպաստում էին լեհական պետության զարգացմանը։ Այդ պատճառով լեհ թագավորներն աշխատում էին հայերին պահել իրենց տիրույթներում՝ տալով նրանց զանազան արտոնություններ։ Լեհահայերը կառուցել էին եկեղեցիներ, հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ. 17-րդ դարում նրանք ունեին տպարան և թատրոն։ Լեհահայերի միջից դուրս են եկել նշանավոր դիվանագետներ, գիտնականներ, պատմիչներ, բանաստեղծներ և երաժիշտներ։