Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ժյուլ Վեռն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Անցյալ դարի 70-ական թվականներին, 1905 ամեն ամառ, ցանկացած եղանակի, Ֆրանսիայի հյուսիսային ափերին հայտնվում էր մի փոքրիկ զբոսանավ։ Հանդիպող նավերը հրետանային համազարկով էին դիմավորում նրան, իսկ նավապետները խոսափողով ողջույնի խոսքեր էին հղում նավաստու համազգեստով տախտակամածին կանգնած մարդուն։ Այդ մարդը լեգենդար «կապիտան Վեռնն» էր, այն հռչակավոր գրողը, որի 65 հետաքրքրական գրքերը հայտնի էին ողջ աշխարհին։ Որտեղ ասես որ չեն եղել ժյուլ Վեռնի խիզախ ու վեհանձն հերոսները։ Նրանց արտասովոր արկածների մասին պերճախոս վկայում են ժյուլ Վեռնի գրքերի հենց վերնագրերը «Հինգ շաբաթ օդապարիկով», «Աշխարհի շուրջը 80 օրում», «խորհրդավոր կղզի», «20000 լյո ջրի տակ», «Երկրից դեպի Լուսին», «Ուղևորություն դեպի Երկրի կենտրոնը»։ Զարմանալի չէ, որ այդ վեպերի հեղինակի անվան շուրջ հյուսվում էին ամենաարտառոց ու հակասական լեգենդներ։ -Ժյուլ Վեռնը անխոնջ ճանապարհորդ է,–հավատացնում էին ոմանք։– Իր վեպերում նա նկարագրել է իր իսկ արկածները։ -Ամենևին,– պնդում էին ուրիշները։–Ոչ մի Ժյուլ Վեռն էլ գոյություն չունի։ Ժյուլ Վեռնը պարզապես կեղծանուն է, որը մի ամբողջ աշխարհագրական ընկերություն է թաքցնում։ Իրականում Ժյուլ Վեռնը ո՛չ հայտնի գիտնական-աշխարհացրագետ էր, ո՛չ էլ մեծ ճանապարհորդ։ Պարզապես նա շատ էր սիրում երազել և գիտության կրքոտ սիրահար էր։ Աշխարհի զանազան երկրներից բազմաթիվ նավեր էին գալիս ու հանգրվանում նավահանգստային Նանտ քաղաքում, ուր ծնվել էր նա։ Տղան երկար նայում էր նրանց և երազում խորհրդավոր կղզիների ու չլսված–չտեսնված արկածների մասին։ Բայց Ժյուլի հայրը հաստատապես վճռել էր, որ իր որդին իրավաբան պետք է դառնա, և նրան ուսման ուղարկեց Փարիզի համալսարան։ Սակայն, հասակ առնելով, Ժյուլ Վեռնը հավատարիմ մնաց մանկական իր երազանքին։ Նա դարձավ ֆանտաստ գրող, արկածային գրքերի հեղինակ։ Ժյուլ Վեռնի գրքերը լի են արտասովոր, հեքիաթային հրաշքներով։ Հին հեքիաթների հերոսներն էլ էին, իհարկե, կարողանում, ասենք, թռչել, թեև չկային դեռևս ո՛չ ինքնաթիռներ, ո՛չ էլ օդապարիկներ։ Բայց կա շատ կարևոր մի առանձնահատկություն, որը Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ սյուժեները տարբերում է հեքիաթների սյուժեներից։ Բոլոր հեքիաթներում հրաշքը միշտ էլ հերոսներին մատուցվում է այսպես ասած պատրաստի վիճակում։ Նրանք այն ստանում են աստվածներից, կախարդներից, հրաշագործներից, ջիններից, որոնց գոյությանն անկեղծորեն հավատում են։ Իսկ Ժյուլ Վեռնի հերոսները հրաշքն իրենք են արարում, իրենց իսկ խելքով ու ձեռքերով։ Ժյուլ Վեռնն իր ֆանտաստիկ վեպերում կանխագուշակել է բազմաթիվ մեծագույն հայտնագործություններ ու գյուտեր և շատ ավելի վաղ, քան դրանք ասպարեզ կիջնեին։ Նրա գրքերում նկարագրված են սուզանավ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կառավարվող օդապարիկ, ռադիոընդունիչ, հեռուստացույց, կինո, էլեկտրաշարժիչ... Նա կանխատեսել է թե՛ տիեզերական թռիչքների, թե՛ օվկիանոսների գաղտնիքների մեջ թափանցելու և թե՛ հյուսվածքների ու օրգանների փոխպատվաստման մասին։ 20-րդ դարում գիտությունների և տեխնիկայի բուռն զարգացումը վաղուց անցել է Ժյուլ Վեռնի ամենախիզախ երևակայության սահմանները։ Այսօր կան շատ ավելի հզոր շարժիչներ, քան նրանք, որ տեղակայված էին «Նաուտիլուս»–ի վրա, շատ ավելի նուրբ գործիքներ ու սարքեր, որ օգտագործվում են նավագնացության մեջ ու ծովերի խորքերն ուսումնասիրելու համար։ Մեզ՝ ատոմային սուզանավերի ժամանակակիցներիս, նավապետ Նեմոյի հրաշալի նավը վաղուց արդեն տեխնիկայի հրաշք չի թվում։ Տիեզերական թռիչքների մասին էլ մենք այսօր գիտենք շատ ավելին, քան Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» վեպի հերոսները։ Եվ այնուամենայնիվ, Ժյուլ Վեռնի գրքերը այսօր էլ մեր ամենասիրելի գրքերից են։ Ակամայից դարձյալ ուզում ես դրանք համեմատել հեքիաթների հետ։ Մենք վաղուց ենք դադարել հավատալ հրաշքների գոյությանը, բայց հրաշապատում հեքիաթներ այսօր էլ սիրով ենք կարդում։ Եվ ոչ միայն կարդում ենք, այլև հավատում։ Հավատում ենք ճիշտ այնպես, ինչպես հավատում ենք ամեն մի ճշմարիտ գրողի, որն ստեղծում է գեղարվեստական իր աշխարհը, լինի այն իրական, թե ֆանտաստիկ։ Ժյուլ Վեռնը մեզ համար թանկ է նաև նրանով, որ հավատում էր գիտության անսահման հզորությանը, որ նրա երևակայությունը հաճախ առաջ էր անցնում գիտական որոնումներից և, անգամ, ուղղություն տալիս դրանց։ (Կ. է. Ցիոլկովսկին ասում էր, որ տիեզերական թռիչքների մասին միտքը իրեն հուշել են Ժյուլ Վեռնի գրքերը): Բայց և այնպես, Ժյուլ Վեռնի գրքերի գլխավոր հմայքն այն է, որ նրանցում ապրում ու գործում են խիզախ, պրպտող մտքի և ազնիվ սրտի տեր մարդիկ, մարդիկ, որոնք բոցավառ հավատ ունեն բարու հաղթանակի հանդեպ և հոգու ողջ ուժով ատում են չարը։ Հենց այդ պատճառով է, որ այսօրվա ընթերցողները նույնպիսի ոգևորությամբ, ինչպես նրանց հայրերն ու պապերը ժամանակին, միշտ պատրաստ են ուզածդ հեռավոր ճանապարհորդության մեկնել Ժյուլ Վեռնի հերոսների՝ անվեհեր Հատերասի, զվարթ Միշել Արդանի, մտացրիվ Պագանելի, վեհանձն նավապետ Նեմոյի հետ։