Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ժաննա դ'Արկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ավելի քան հինգ հարյուր տարի է արդեն, ինչ Ֆրանսիայում հպարտությամբ ու սիրով արտասանում են սովորական մի աղջկա՝ Ժաննայի, անունը, քանզի նրա կյանքը հայրենիքի հանդեպ տածած իսկական սիրո օրինակ է։ ...Ծանր ժամանակներ էին։ Անգլիացիները նվաճել էին Ֆրանսիայի մեծ մասը։ Նրանց դեմ մղվող պատերազմը շարունակվեց 100 տարի։ Ֆրանսիական ասպետները, որ միաբան չէին, կա՛մ նահանջում էին, կա՛մ էլ անցնում թշնամու կողմը, չմտահոգվելով Ֆրանսիայի ճակատագրով։ Ֆրանսիական ժողովրդի համար հարազատ երկրի ավերումը սոսկալի վիշտ էր։ Հովվուհի Ժաննայի սիրտն էլ էր կծկվում ցավից։ Նա անսահման սիրում էր գետերն ու մարգագետինները, ստվերախիտ անտառները, Դոմրեմի հայրենի գյուղի խրճիթները, այն ամենը, ինչ նրա համար հայրենիք էր կոչվում։ Նա կարողացավ ուրիշների մեջ էլ արիություն արթնացնել ևատելություն սերմանել զավթիչների հանդեպ: Ժաննան ջոկատ հավաքեց և ինքն էլ այն տարավ թշնամու դեմ։ Նա գնում էր սպիտակ նժույգով, զինավառ, ֆրանսիական դրոշը ձեռքին։ 1429 թ. մայիսին Ժաննայի գլխավորած ջոկատն ազատագրեց Օռլեան քաղաքը։ Ամեն կողմից Օռլեանի կույսի (այդպես ժողովուրդն անվանեց Ժաննային) դրոշի ներքո կռվելու էին շտապում զինված գյուղացիներ ու արհեստավորներ: Անգլիացիները նահանջում էին՝ մեկը մյուսի ետևից թողնելով քաղաքները։ Ահա ազատագրված է արդեն Ռեյմս հնագույն քաղաքը։ Ֆրանսիան ցնծում է աղջիկ-զորավարի հաղթանակներով։ Բայց ֆրանսիական ֆեոդալները՝ բարոնները, կոմսերն ու դուքսերը, դժգոհ են. զինված գյուղացիներից նրանք ավելի են սարսափում, քան անգլիացիներից։ Եվ երբ մարտերից մեկի ժամանակ թշնամին գերի վերցրեց Ժաննային, նրանք ոչինչ չարեցին խիզախ աղջկան ազատելու համար։ Անգլիացիներն ամբողջ մի տարի Ժաննային պահեցին բանտում, հայտարարեցին, թե նա կախարդուհի է, և 1431 թ. մայիսի 30-ին ինկվիզիցիայի դատավճռով այրեցին խարույկի վրա։ Բայց հերոս աղջկա կոչով ոտքի ելած ժողովրդին հնարավոր չէր այլևս ստրկացնել։ Շուտով ողջ Ֆրանսիան ազատագրվեց։ Եվ ամեն անգամ, երբ մենք իմանում ենք հասարակ աղջիկների հերոսության մասին, հիշում ենք Ժաննային։ Սովետական բանաստեղծ Միխայիլ Սվետլովը մի բանաստեղծություն է ձոնել այն հերոսուհիներին, որոնք իրենց հայրենիքը սիրում էին նույնքան ջերմորեն, որքան Ժաննան։ Մեր աղջիկները գոտևորվելով Համազգեստի մեջ զինվորական, Սվինների դեմ ելան երգելով Եվ ողջակիզող կրակն ընկան:

Ու խլանում է զանգը տխրածոր Թմբուկների մոտ մեծաշառաչ, Սուրբ շիրիմների մեջ հազարավոր Պառկած է նաև մեր ժաննան քաջ: