Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թումանյան Հովհանես Թադևոսի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ձեզանից ո՞վ չի կարդացել, երևի նաև անգիր արել «Շունն ու կատուն», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Փիսիկի գանգատը», «Սուտլիկ որսկանը», «Տերն ու ծառան», «Կիկոսի մահը», Թումանյանի մյուս հրաշալիքները։ Բայց կռահե՞լ եք, որ «Փիսիկի գանգատը» այնքան էլ միամիտ զրույց չէ։ Այն ցույց է տալիս, թե ինչ վատ բան է զրպարտությունը, որի պատճառով փիսիկը քաշվել է մի մութ անկյուն ու լաց է լինում։ Կամ որ «Մի կաթիլ մեղրը» ոչ թե զվարճալի հեքիաթ է, այլ կատակերգական պատմությունն այն ողբերգության, որ ծագում է ամեն անգամ, երբ մարդու զայրույթը հաղթում է բանականությանը։ Չէ՞ որ եթե մեղր ծախող խանութպանը գիտակցեր, որ իր կատվի պատճառով չարժեր չոբանի շանն սպանել, չոբանն էլ գիտակցեր, որ շան պատճառով չի կարելի մարդ սպանել, ապա աղետը չէր պատահի։ Իսկ ո՞ւմ ծանոթ չէ և չի հուզել փոքրիկ Գիքորի՝ այն գեղջուկ տղայի, ճակատագիրը որը գյուղից քաղաք է ընկնում, հալածվում ու տանջվում անգութ վաճառական բազազ Արտեմի ու նրա չար կնոջ՝ Նատոյի, ձեռքին։ Ձմռան ցրտին նա մրսում է, հիվանդանում և ի վերջո հրաժեշտ տալիս կյանքին՝ իր հարազատների, հայրենի գյուղի, իրենց սառնորակ աղբյուրների կարոտը սրտում։ Թումանյանի այդ հուզիչ պատմվածքը՝ «Գիքորը», տեղ է գտել դպրոցական դասագրքերում, բազմիցս հրատարակվել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, էկրանավորվել է (1935 և 1980 թվականներին), բեմադրվել, դարձել օպերա։ Թումանյանը գրում է բոլորի համար՝ ամենափոքրիկների ու ամենամեծերի, պատանիների ու երիտասարդների։ Մանուկը դեռ կարդալ իսկ չգիտե, բայց անգիր է սովորում Թումանյանի «Ծիտը», «Փիսոն» և մյուս գողտրիկ ոտանավորները։ Հասակ առնելով, գրաճանաչ դառնալով նա կարդում է «Գառնիկ ախպերը», «Փիսիկի գանգատը»... Պատանի հասակում ընթերցում է «Իմ ընկեր Նեսոն», «Մարոն», «Սասունցի Դավիթը»։ Երիտասարդ տարիքում նրա ուշադրությունը գրավում են կյանքի խորքերը թափանցող ավելի բարդ երկերը՝ «Անուշ», «Հառաչանք», «Փարվանա», «Քաջ Նազար», «Թմբկաբերդի առումը», իսկ հետո՝ նաև քառյակները, «Դեպի անհունը», «Աղավնու վանքը», «Լուսավորչի կանթեղը», «Հոգեհանգիստը»... Պատմաբանին Թումանյանի պատմագիտական հոդվածներն են զբաղեցնում, գրականագետին՝ նրա գրականագիտական հետազոտությունները, լեզվաբանին՝ լեզվագիտական ուսումնասիրությունները, շեքսպիրագետին՝ դատողությունները Շեքսպիրի մասին։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռու Դսեղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) դպրոցում։ Այստեղ սովորելիս էլ գրել է իր առաջին բանաստեղծությունները։ 1883 թ. ուսումը շարունակելու համար նա տեղափոխվել է Թիֆլիս (Թբիլիսի), սովորել Ներսիսյան դպրոցում։ «Հասկեր» մանկական հանդեսը և «Լուսաբեր» անունը կրող դասագրքերը նպաստեցին, որ փարթամորեն ծաղկի Թումանյանի՝ որպես մանկական գրողի, տաղանդը։ Իր գրեթե բոլոր մանկական երկերը նա գրել է այդ հանդեսի և դասագրքերի համար։ 1899 թ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որին մասնակցում էին Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Լ. Շանթը, ինչպես նաև Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Կոմիտասը, Լեոն և ուրիշներ։ 35 տարին դեռ չբոլորած Թումանյանն արդեն գրել էր իր նշանավոր երկերի մեծագույն մասը։ 20-րդ դարի սկզբին նա ծավալել էր համարձակ գործունեություն Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու համար։ Ցարական կառավարությունը դա չներեց բանաստեղծին, նա երկու անգամ ձերբակալվել ու բանտ է նետվել։ Հիմնիվեր խաթարվեց Թումանյանի կյանքը, երբ պայթեց առաջին համաշխարհային պատերազմը, որն անպատմելի աղետներ բերեց աշխարհի ժողովուրդներին, առավել ևս հայ ժողովրդին։ 1915 թ. Մեծ եղեռնի հետևանքով տեղահանվեց Արևմտյան Հայաստանի հայությունը, իսկ մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին։ Թումանյանը խորապես մտահոգված էր իր ժողովրդի ճակատագրով, աշխատում էր որևէ կերպ թեթևացնել նրա վիճակը։ Երկու անգամ նա եղել է պատերազմի վայրերում, իսկ երբ Էջմիածինը լցվել է գաղթականներով, իր Նվարդ դստեր հետ խնամել է գաղթական որբերին։ Այս օրերին է վերաբերում Թումանյանին Ամենայն Հայոց Բանաստեղծ կոչելու պատմությունը։ Երբ հանկարծ վրա է տվել տեղատարափ անձրևը, և հազարավոր որբեր մնացել են անօթևան, Թումանյանը կարգադրել է բաց անել նորակառույց վեհարանի դռները և պատսպարել որբերին։ Կաթողիկոսն ընդդիմացել է՝ ասելով, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաձայն չէ դրան։ Թումանյանը բանբերին պատվիրել է ասել, թե Ամենայն Հայոց Բանաստեղծը պնդում է բաց անել վեհարանի դռները։ Եվ դռները բացվել են... Երբ Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր, Թումանյանն անդուլ լծվեց իր նոր հայրենիքի շինարարության գործին։ Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի առաջարկով նա եղավ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) նախագահը և մեծ ջանքեր թափեց մոխիրներից բարձրացող նորաստեղծ հանրապետության վերաշինման համար։ Հովհաննես Թումանյանի կյանքը և գործը ճանաչող ամեն մարդու հիացնում է այն միասնությունը, որ կա նրա ստեղծագործության և գործունեության միջև։ Խոսքի և գործի այդ միասնությունն է, որ Թուման–անին դարձնում է ոչ միայն ստեղծագործական, այլև բարոյական անչափելի մեծություն։