Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թութակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այս գունագեղ, կարճ և ուժեղ կեռ կտուցով թռչուններն ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Նրանց փետուրներում ամենից հաճախ զուգակցվում են ամենավառ՝ կապույտ, կարմիր, դեղին գույները։ Թութակներն իրենց ամուր ու կեռ կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևը և սնվում միջուկով։ Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը։ Բացի դրանից, կտուցը թութակներին օգնում է մագլցելու ծառերիճյուղերն ի վեր. այն, ասես, նրանց երրորդ ոտքը լինի։ Թութակների ոտքերը բացառիկ հարմարված են մագլցելուն։ Ամեն մի ոտքի երկու մատն ուղղված են առաջ, երկուսը՝ ետ, այնպես որ ստացվում են շատ ուժեղ «աքցաններ»։ Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում։ Սակայն, կան նաև չթռչող թութակներ։ Օրինակ, Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը գետնին քայլել գիտե միայն և վտանգի դեպքում թաքնվում է ծառերի արմատների տակ գտնվող բնում։ Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով։ Գերության մեջ ապրելու դեպքում որոշ տեսակներ կարողանում են նմանակել մարդկային խոսքը կրկնելով առանձին բառեր և, անգամ, նախադասություններ։ Ինչ խոսք, որ նախադասություններն ու բառերը թութակներն արտասանում են ոչ թե գիտակցաբար, այլ սոսկ սերտած կրկնում են միշտ միևնույնը։ Մարդկային խոսքն առանձնապես լավ են նմանակում աֆրիկյան ժակո գորշ թութակը և ամերիկյան ամազոնների մի քանի տեսակներ։ Թութակները տարբեր չափերի են լինում։ Օրինակ, ձեզանից շատերին լավ ծանոթ ալիքավոր թութակի երկարությունը (մինչև պոչի ծայրը) ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև մեկ մետր։ Հայտնի են թութակների երեք հարյուրից ավելի տեսակներ, որոնցից առավել հանրահայտ են ավստրալիական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Թութակները հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում է և միշտ ճանաչում իրենց տիրոջը։ ՍՍՀՄ-ում ամենից շատ տարածված ձեռնասուն թութակներն ավստրալիական փոքրիկ ալիքավոր թութակներն են։ Իրենց հայրենիքում նրանք լինում են միայն կանաչ գույնի, բայց մարդիկ բուծել են դեղին, կապույտ և սպիտակ ընտանի թութակներ։ Ալիքավոր թութակները հեշտությամբ բազմանում են վերաբնակեցման վայրերում՝ որպես բույն օգտագործելով արհեստական փչակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։