Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թիթեռներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Thysania agrippina 0001b L.D.jpg

Ահա ծաղկին իջավ խայտաբղետ եղնջաթիթեռը։ Բնականաբար, դուք անմիջապես աշխատում եք աննկատ մոտենալ ու ափով ծածկել նրան։ Եվ եթե դա հաջողվում է, բռնում եք նրա թևերից, մատով հպվում բեղիկներին, գալարուն կնճիթին, հետո դեն եք նետում՝ ինչների՞դ է պետք։ Բայց թիթեռն այլևս չի կարող թռչել, մի տեսակ շեղակի նա ցած է ճախրում և հաջորդ պահին արդեն անօգնական ջղաձգվում գետնին։ Նրա թավշե վառ թևիկները պատառոտված են, նախշերը՝ եղծված, երևում է փայլարի նման թափանցիկ թևի հիմքը... Թիթեռը մահվան է դատապարտված։

Շատ ավելի հետաքրքիր է, երբ թիթեռներին դիտում ես առանց նրանց վնասելու։ Չէ՞ որ նրանք «լրիվ կերպարանափոխությամբ» զարգացող միջատներ են։ Օրինակ, խավարասերի կամ ծղրիդի ձվից անմիջապես դուրս է գալիս փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ։ Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է ստացվելու, ամենևին նման չէ թիթեռի։ Հավատալն անգամ դժվար է, որ նման մի «որդից» մետաքսե թևերով գեղեցկուհի է «ծնվելու»։

Դուք ինքներդ հեշտությամբ կարող եք թիթեռ բազմացնել։ Հավաքեք թրթուրներ, բայց չմոռանաք վերցնել նաև այն բույսի տերևներից, որի վրա գտել եք նրանց, որովհետև քմահաճ թրթուրներն ուրիշ տերևներ չեն ուտում և մահանում են։ Թրթուրներն ու տերևները տեղավորեք որևէ անոթի կամ տուփի մեջ և, որպեսզի նրանց օդից չզրկեք, անոթի բերանին թանձիֆ կապեք կամ տուփի կափարիչին փոքրիկ անցքեր բացեք։ Պետք է հետևել, անշուշտ, որ տերևները թարմ լինեն, անհրաժեշտ է նաև պարբերաբար մաքրել թրթուրների տեղը. աճել- մեծանալու համար նրանք գրեթե անընդհատ ուտում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է։ Երբ նկատեք, որ թրթուրները մի տեսակ ծուլացել են, չկարծեք, թե հիվանդացել են։ Դա նշանակում է, որ նախապատրաստվում է առաջին հրաշալի կերպարանափոխությունը։ Շատ դժվար է հետևել, թե ինչպես է այն տեղի ունենում։ Պարզապես մի առավոտ թրթուրների փոխարեն դուք կտեսնեք անշարժ, հատուկ նյութից՝ խիտինից, կազմված թաղանթով պատված հարսնյակների։ Նրանցից շատերն, ասես, թիթեռների մումիաներ լինեն՝ իրենց ծալված ոտիկներով, մարմնին հպված բեղիկներով, ոմանք էլ ոչ՛ թրթուրի են նման, ոչ թիթեռի՝ ամբողջովին ծածկված են փշերով ու ելուստներով:

Հարսնյակները ոչ՛ ուտում են, ոչ՛ էլ շարժվում, բայց, այնուհանդերձ, ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը՝ նախապատրաստվում է թիթեռի թռիչքը։ Եթե ձեր բախտը բերի, դուք դա կտեսնեք սեփական աչքերով։ Ահա հարսնյակն սկսում է շարժվել։ Խիտինե թաղանթը պատռվում է, և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը։ Հարսնյակից մնում է թափանցիկ շապիկը և, անգամ, բեղիկների պատյանները։ Թիթեռը դուրս է սողում։ Իսկ ուր են շքեղ թևերը, միթե սրանք են, այս փոքրիկ, խոնավ լաթերը։ Բայց մի քիչ սպասեք։ Օդում նրանք շուտով կուղղվեն ու կփայլփլեն վառ գույներով.։ Բոլոր թիթեռները չէ, որ վառ գույներ ունեն։ Ահա, օրինակ, թևերը տնակաձև ծալած, ծառի կեղևին նստած է բվիկ-ժապավենաթիթեռը, և ոչ ոք նրան չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի։ Անհամաչափ նախշերով գորշ թևերը միաձուլվել են կեղևի մակերևույթին։ Անսպասելիորեն մոտ է թռչում հետաքրքրասեր մի թռչուն։ Թիթեռը բարձրացնում է վերին զույգ թևերը, և ծառի գորշ կեղևի վրա հանկարծ բոցկլտում են ետին զույգ թևերի ալ շերտերը։ Թռչունը վախեցած ընկրկում է։ Թիթեռների թևերի գունեղ, խայտաճամուկ նախշերը հաճախ են ծառայում որպես նախազգուշացում՝ ինձ մի ուտի։ Եվ նման թիթեռներն իրոք էլ ուտելու համար պիտանի չեն։ Սակայն պատահում է նաև, որ թռչունների համար միանգամայն պիտանի (ուտելու առումով) թիթեռը նույնպիսի «հանդերձներ» է կրում, ինչպես նրա «դառնահամ» ցեղակիցը։ Թռչունները նկատում են նախազգուշացնող ծանոթ նախշը և հեռանում թիթեռից։ Մեր մարգագետիններում շատ կտեսնեք ամենաբազմազան շքեղ թիթեռների։ Նստեցեք խոտին ու հետևեցեք նրանց։ Իսկ թե ուզենաք բռնել, աշխատեցեք այնպես անել, որ բնության այդ հրաշալի, նրբագույն էակները ձեր ձեռքերի մեջ չխեղվեն։