Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թատրոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հավանաբար, դուք արդեն եղել եք թատրոնում և, սպասելով վարագույրի բացվելուն, մի անիմանալի հուզմունք ապրել։ Ահա վերջապես վարագույրը բացվում է, և ձեր առջև, բեմի վրա, ծայր է առնում մի յուրօրինակ կյանք։ Ակամայից դուք սկսում եք ապրել ներկայացման հերոսների ուրախություններով ու վշտերով, և ինքներդ էլ, ասես, դառնում ծավալվող իրադարձությունների մասնակիցներ։ Թատրոն են անվանում ոչ միայն այն շենքը, ուր տեղի են ունենում ներկայացումները։ Թատրոնն առաջին հերթին արվեստի առանձին տեսակ է։ Թատերական արվեստը որևէ իրադարձություն վերահաղորդում է այնպես, ինչպես դա կարող էր տեղի ունենալ կյանքում։ Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում։ Սկզբում թատերական ներկայացումներն այգեկութի ավարտին նվիրված տոնահանդեսներ էին։ Այդ ժամանակներից թատրոնը շատ է փոխվել, բայց միշտ էլ կարևոր տեղ է գրավել մարդու կյանքում։ Այն փառաբանել է մարդկային խորունկ միտքը, ուժեղ ու համարձակ զգացմունքները։ Ծաղրել է արիստոկրատներին, հարուստներին ու տերտերներին, ցույց տվել հասարակ մարդկանց բարությունը, ազնվությունն ու խելքը։ Հայաստանում թատրոնն սկզբնավորվել է մեր թվականությունից առաջ։ Հայոց թագավոր Տիգրան Մեծը, որ թագավորել է մեր թվականությունից առաջ 95-55 թվականներին, Տիգրանակերտում կառուցել էր թատրոն։ Հայոց մեկ այլ թագավոր` Արտավազդ Երկրորդը, որը նաև դրամատուրգ էր, մեր թվականությունից առաջ 53 թ. մայրաքաղաք Արտաշատում բեմադրել է հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Հետագա դարերի ընթացքում, հատկապես 19-20-րդ դարերում, հայ թատերական արվեստը վերելք է ապրել՝ տալով բեմի այնպիսի փառաբանված վարպետներ, ինչպես Պ. Ադամյանը, Սիրանույշը, Լ. Աբելյանը, Ա. Հրաչյան, Ա. Ոսկանյանը, Հասմիկը, Վ. Փափազյանը, Լ. Ներսիսյանը և շատ ուրիշներ։ Ռուսաստանի հասարակական կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել ռուսական թատրոնը, որը պայքարի է կոչել հանուն ազատության ու արդարության։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի առաջադեմ երիտասարդությունը ռուս նշանավոր դերասանուհի Մ. Ն. Երմոլովային համարում էր իր հեղափոխական տրիբունը։

Իսկ ինչպե՞ս է ստեղծվում թատերական ներկայացումը, որն այնքա՜ն հուզում է հանդիսատեսին։ Դրամատուրգը, որևէ նոր ու կարևոր բան նկատելով կյանքում, ուզում է այդ մասին պատմել նաև ուրիշներին: Նա գրում է պիես` ողբերգություն, կատակերգություն կամ դրամա: Թատրոնում պիեսի գործող անձանց դերերն ստանձնում են դերասանները: Հետո սկսվում են փորձերը` ապագա ներկայացման նախապատրաստումը։ Ռեժիսորը ղեկավարում է ներկայացումն ստեղծելու բոլոր աշխատանքները, միավորում ստեղծագործական ողջ կոլեկտիվի ջանքերը։ Նկարչի ստեղծած նկարներով պատրաստում են դեկորացիան, կարում զգեստները։ Կոմպոզիտորը երաժշտություն է հորինում ներկայացման համար, թատրոնի նվագախմբի երաժիշտները կատարում են այդ երաժշտությունը։ Լուսարարը լուսավորում է բեմը։ Տեսնու՞մ եք, թե որքա՜ն մարդ է նախապատրաստում ներկայացումը։ Սովետական Միությունում շատ թատրոններ կան, և այն էլ` ոչ միայն մեծերի համար։ Յուրաքանչյուր, այդ թվում նաև մեր հանրապետությունում, յուրաքանչյուր մեծ քաղաքում թատրոն կա և ձեզ համար։ Եթե ուզում եք տեսնել ձեր սիրելի հերոսներին, լսել նրանց խոսքը, նրանց հետ վերապրել զանազան արկածներ, գնացեք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, որը գտնվում է Մոսկովյան փողոցում` Պիոներների պալատի շենքում: Այս թատրոնը բացվել է 1929 թվ.: Այստեղ են հանդես եկել ճանաչված դերասաններ Մարուսյա Թամազյանը և ուրիշներ: Այսօրվա դերասաններից շատերին էլ ինքներդ կարող եք թվել: 1965 թ. Մոսկվայում ստեղծվել է աշխարհում միակ Մանկական երաժշտական թատրոնը, ուր օպերային ներկայացումներ են տրվում երեխաների համար: Սովետական Միության օրինակով մանկական թատրոններ են կազմակերպվել սոցիալիստական մյուս երկրներում: