Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ընտանիք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Armenian family Vank.jpg

Ընտանիքը՝ ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղով, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական-տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում, երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։

Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։ Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։

Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերը հայերի մեջ, սկսած XX դ. սկզբից, աստիճանաբար վերանում են։