Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էրմիտաժ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Էրմիտաժ Ռուսաստանի խոշորագույն թանգարանն է։ Այն գտնվում է Լենինգրադում և զբաղեցնում հինգ շենք Նևայի առափնյակում ու Դվորցովայա հրապարակում։ Հիրավի, անընդգրկելի են նրա հավաքածուները։ Նկարներ և քանդակներ, հախճապակե և թանկարժեք մետաղե իրեր՝ բոլոր ժամանակների մարդկանց ու ժողովուրղների արարած անգնահատելի ստեղծագործություններ են հառնում նրա առջև, ով ոտք է դնում համաշխարհային մշակույթի այդ գանձարանի շեմից ներս։ Տարեկան շուրջ 4 միլիոն մարդ է այցելում Էրմիտաժ։ Նրա սրահներում մշտապես հնչում է բազմալեզու խոսակցություն։

Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ.։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեափոխությունն այն պատկանում էր ցարերին։ Քչերն էին լինում այնտեղ, դրա համար էլ այն անվանվել է «Էրմիտաժ» ֆրանսերեն բառով, որ նշանակում է «մենավոր տուն, մեկուսացած անկյուն»։ Ու թեև սկզբում թանգարանը մատչելի էր միայն «ընտրյալներին», այնուամենայնիվ նրա հավաքածուները բարերար ազդեցություն էին գործում Ռուսաստանի մշակութային զարգացման վրա։ Պուշկինն ու Լերմոնտովը, Բելինսկին ու Գոգոլը, Դոստոևսկին ու Տոլստոյը սիրել և գնահատել են Էրմիտաժը։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սաների շատ սերունդներ են սովորել նրա դահլիճներում։ Հեղափոխությունից հետո կայսերական թանգարանը հանձնվեց ժողովրդին։ Ձմեռային պալատն ամբողջությամբ հանձնվեց Էրմիտաժին, և նրա դահլիճներում բացվեցին մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսներ։ Այսօր Էրմիտաժում պահպանվում է մշակույթի և արվեստի շուրջ 3 մլն. հուշարձան: Թանգարանի հնագույն ժամանակները ներկայացնող բաժնում կարելի է տեսնել և՜ 250—300 հզ. տարի առաջ նախնադարյան մարդու ձեռքով պատրաստված քարե հատիչ, և՜ սկյութների ոսկե հազվագյուտ իրեր։ Ամեն տարի հնագետները բերում են նոր, արժեքավոր գտածոներ, որոնք պատմում են վաղուց անհետացած ժողովուրդների կյանքի մասին։ Դեռևս Պետրոս Առաջինի օրոք Պետերբուրգ էին բերվել մի քանի անտիկ արձաններ, այդ թվում նաև Տավրիդյան Աֆրոդիտեի մարմարե նշանավոր արձանը։ Այժմ այսպես կոչված Նոր էրմիտաժի շենքի առաջին հարկի 25 սրահներում ցուցադրված են հին հույների և հռոմեացիների արվեստի նմուշներ։ Մարմարե երկու սանդուղք անտիկ սրահներից տանում են դեպի երկրորդ հարկ, ուր զետեղված են արևմտաեվրոպական արվեստի հավաքածուները։ Նրանց մեջ կան նաև աշխարհի մեծագույն նկարիչների՝ Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Ռեմբրանդի, Ռուբենսի, Վելասկեսի ստեղծագործությունները։ Թանգարանի պատանի այցելուները շատ են սիրում «ասպետական դահլիճը»։ Այստեղ ժողովված են զենք ու զրահ, վահաններ, սաղավարտներ, որոնցով պաշտպանվում էին 15–17-րդ դարերի ռազմիկները։ Ռուսական մշակույթի (8-19 րդ դարերի) պատմության բաժնում ներկայացված են հին ռուսական գեղանկարչության և քանդակագործության նմուշներ, ձեռագիր և հնատիպ գրքեր, կենցաղի առարկաներ, ճորտ վարպետների բազմապիսի աշխատանքներ։ Առանձնապես արժեքավոր ու հարուստ է Պետրոս Առաջինի դարաշրջանի հուշարձանների հավաքածուն։ Միշտ էլ շատ այցելուներ է գրավում «Մոմեղեն մարդը»` բաժիններ նախնադարյան մշակույթի, Արևելքի երկրների Պետրոս ցարի պատկերը, որը ցարի մահից անմիջապես հետո վավերագրական ճշգրտությամբ ստեղծել է քանդակագործ Բ. Կ. Ռաստրելլին։ Հռչակ է վայելում նաև 1812 թ. հայրենական պատերազմին նվիրված պատկերասրահը, որն ստեղծվել է անցյալ դարի 20-ական թվականներին, Ձմեռային պալատում։ Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու։ Ցուցադրված են ճարտարապետական հատվածներ, փայտի և քարի վրա արված փորագրության, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե և բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ։ 1920 թվականից էրմիտաժում աշխատել է Հ. Օրբելին, որն այնտեղ ստեղծել է Արևելքի բաժանմունքը։ 1934-1951 թվականներին նա եղել է Էրմիտաժի դիրեկտորը։

Եթե դուք լինեք Լենինգրադում, անպայման այցելեցեք այդ հրաշալի թանգարանը՝ Էրմիտաժ։