Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էլեկտրոնային հաշվողական մեքենա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Որքա՞ն ժամանակ է ձեզ հարկավոր, որպեսզի գումարեք, օրինակ, երկու այսպիսի թվեր. 18 473 396 603 007 056 299 և 15 999 742 936 756 201 743։ Հավանաբար, առնվազն մեկ րոպե։ Իսկ չի՞ կարելի, արդյոք, ավելի արագ հաշվել։

Հնագույն ժամանակներից ի վեր մարդիկ այդ նպատակով օգտագործել են զանազան հաշվիչ հարմարանքներ՝ փայտիկներ, պարանի հանգույցներ, մետաղալարին շարված կորիզներ։ 1641 թ. ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Բլեզ Պասկալը հորինեց մեխանիկական հաշվիչ սարք։ Դրա օգնությամբ Պասկալը մի քանի վայրկյանում գումարում ու հանում էր տասանիշ թվեր։ Սարքը կազմված էր ատամնանիվներից ու լծակներից և նման էր փոքր մեքենայի։ Այդ ժամանակից էլ նման սարքերն անվանում են «հաշվողական մեքենա»։ Առաջին էլեկտրոնային հաշվողական մեքենաները` ԷՀՄ-ները, երևան են եկել 1943 թ.։ Անվակների ու լծակների փոխարեն դրանց մեջ աշխատում էին էլեկտրոնային լամպեր, իսկ ավելի ուշ՝ կիսահաղորդիչներ։ Բայց «հաշվողական մեքենա» անվանումն այդպես էլ մնաց։ Առաջին ԷՀՄ-ները դանդաղ էին հաշվում, մեծածավալ էին, հաճախ էին խափանվում։ Անցավ ընդամենը մի երեսուն տարի, և ԷՀՄ-ները սովորեցին հաշվել աներևակայելի արագությամբ. 1 վայրկյանում մեքենան կարող է գումարել 10 միլիոնից ավելի թիվ։ Փոքրացան նաև չափերը։ Ստեղծվել են, օրինակ, դպրոցական դասագրքի մեծության և ավելի փոքր ԷՀՄ-ներ։ Հաճախակի նորոգումների անհրաժեշտությունն էլ է վերացել, ժամանակակից ԷՀՄ-ներն անխափան աշխատում են հարյուրավոր ու հազարավոր ժամեր։ Ամեն մի աշակերտ գիտե, որ բարդ խնդիրը լուծվում է մի քանի գործողությամբ։ Որքան բարդ է խնդիրը, այնքան շատ գործողություններ է հարկ լինում կատարել և այնքան շատ ժամանակ է պահանջվում։ Բայց կան և այնպիսի խնդիրներ, որոնք լուծելու համար մի մաթեմատիկոսի ողջ կյանքն էլ չէր բավականացնի։ Օրինակ, ատոմային էլեկտրակայանի միջուկային ռեակտորի կառուցվածքի ու աշխատանքային պայմանների հաշվարկը պարունակում է մոտ 6 միլիարդ թվաբանական գործողություն։ Այդ հաշվարկները կատարելու համար 100 մաթեմատիկոս պետք է հաշվումներով զբաղվեին 80 տարի շարունակ՝ աշխատելով օրական 10-12 ժամ։ Իսկ ԷՀՄ-ն նույն հաշվարկն անում է ընդամենը մի քանի ժամում։ Հաճախ ԷՀՄ-ն համեմատում են մարդկային ուղեղի հետ։ Բայց մարդու ուղեղի և ԷՀՄ-ի միջև էական տարբերություն կա. ամենաարդիական ԷՀՄ-ն չի կարողլուծել: Նույնիսկ ամենահասարակ խնդիրը։ Մեքենային նախ պետք է սովորեցնել ճիշտ հաշվել, գումարել ու հանել թվերը։ Հարկավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է խնդիրը բաժանել առանձին գործողությունների և ինչ հաջորդականությամբ կատարել դրանք։ ԷՀՄ-ներն ունեն նաև իրենց դասագրքերը, որոնց անվանում են ծրագրեր։ ԷՀՄ-ն սովորում է ծրագիրը, մտքում պահում այն, ապա լուծում խնդիրները։ Այդ դասագրքերն էլ տարբեր են լինում։ Օրինակ, մաթեմատիկայի դասագիրքը մաթեմատիկական խնդիրներ լուծելու ծրագիրն է, տիեզերագնացության դասագիրքը տիեզերանավի և Երկրի արհեստական արբանյակի թռիչքը կառավարելու ծրագիրը։ ԷՀՄ-ի ծրագրերը կազմում են գիտական աշխատողները՝ ծրագրավորողները։ Եթե ծրագիրը ճիշտ է կազմված, ԷՀՄ-ն հաջող է աշխատում։ ԷՀՄ-ն ոչ միայն լավ հաշվում է, այլև կառավարում է էլեկտրակայանի աշխատանքը, ընտրում տիեզերանավի շարժման ուղղությունը, գնացքներ վարում։ Բայց դա էլ դեռ բոլորը չէ։ Ենթադրենք, օրինակ, ուղևորը մոտեցել է տոմսարկղին և գնացքի տոմս է պատվիրում։ Տոմսավաճառը սեղմում է գրամեքենա հիշեցնող ապարատի մի քանի ստեղն։ Ուղևորի պատվերն անմիջապես հաղորդվում է ԷՀՄ-ին։ Մի քանի վայրկյան անց մեքենան հայտնում է պատասխանը։ Այդ կարճ ժամանակահատվածում ԷՀՄ-ն հասցնում է ուսումնասիրել գնացքների չվացուցակը, ստուգել, թե որ գնացքների և որքան տոմս է վաճառված, հիշել, թե որքան և ինչպիսի տոմսեր են մնացել և որ կայարանում է ուղևոր իջնելու գնացքից ու ազատելու իր զբաղեցրած տեղը։ Լուսնի և Մարսի լուսանկարները տիեզերանավերից Երկիր են հաղորդվել ռադիոյով։ Երկրի վրա ընդունված այդ ռադիոազդանշանները մուծվում էին ԷՀՄ, որն էլ վերծանում էր դրանք և նկարում հեռավոր մոլորակների մանրակրկիտ պատկերը։

ԷՀՄ-ների ստեղծման գործում մեծ ավանդ ունեն հայ գիտնականները։ Երևանում, Բարեկամության հրապարակից սկիզբ առնող փոքրիկ բարձունքի վրա, վեր է խոյանում հսկա մի շենք․ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է։ Այստեղ են ծնունդ առել «Արագած», «Երևան», «Հրազդան», «Նաիրի», ՄՍ-1045 և մի շարք ուրիշ ԷՀՄ-ներ, որոնք լայն ճանաչում են գտել ամբողջ աշխարհում։ Մարդն ավելի ու ավելի շատ գործեր է վստահում էլեկտրոնային օգնականին։ Եվ ԷՀՄ-ն լիովին արդարացնում է այդ վստահությունը։ Իսկ գիտնականներն ու ինժեներներն ստեղծում են նորանոր, էլ ավելի արագագործ ու հուսալի ԷՀՄ-ներ։