Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկկենցաղներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Amphibians.png

Այդպես են կոչվում, օրինակ, ձեզանից շատերին լավ ծանոթ գորտերը և տրիտոնները, որոնց միշտ էլ կարող եք տեսնել լճակում, լճում, գետում։ Բուն «երկկենցաղներ» անվանումը խոսում է այն մասին, որ այդ կենդանիներն ապրում են թե՛ ցամաքում և թե՛ ջրում։ Վաղ հասակում երկկենցաղների մեծ մասը ապրում է ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ փոքրիկ շերեփուկները մեծանում են, կորցնում են խռիկները և սկսում են շնչել թոքերով, ինչպես բոլոր ցամաքային կենդանիները։ Սակայն երկկենցաղների մաշկը բարակ է ու խոնավ և կարիք ունի, որ պարբերաբար թրջվի ջրով։ Այդ պատճառով էլ երկկենցաղները ջրից շատ չեն հեռանում։ Եթե գորտը կամ տրիտոնը երկար մնա չոր տեղում, կարող է սատկել։ Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են։ Նրանք միջատներ են որսում, որդեր ու փափկամորթներ ուտում։ Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով։ Բայց, այ, դուք երբեք չեք կարողանա տեսնել, թե ինչպես է գորտը ջուր խմում։ Պարզվում է, որ նա ջուր է «խմում» մաշկով։ Գորտը մաշկով ներծծում է ջուրը և ամենևին կարիք չունի ջուր խմելու համար բացել բերանը։ Գարնանը մեր ջրամբարներում հայտնվում են գորտաձուղպի՝ գորտի ձվերի, հատիկավոր կնձիկներ։ Գարնանային փաղաքուշ արևից տաքացած ձղպահատիկներում զարգանում են սաղմերը։ Շուտով դրանցից դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ։ Սրանք ունեն երկար պոչ, իսկ, այ, մի նշան անգամ չկա, որ երբևէ ոտքեր կունենան։ Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա ետևի, ապա նաև առջևի ոտքերը։ Շերեփուկի գլխի ամեն մի կողքից ցցված են ճյուղավոր խռիկներ։ Վերջապես շերեփուկն արդեն մեծ է և պատրաստվում է ցամաք դուրս գալ։ Նրա զարմանալի կերպարանափոխությունները շարունակվում են նաև այժմ։ Խռիկներն անհետանում են, իսկ մի քիչ ավելի ուշ, արդեն ափին, վերանում է նաև պոչը։ Մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է, որն ամենևին նման չէ շերեփուկի։ Տրիտոնների կերպարանափոխությունը կատարվում է այլ կերպ, և, որ կարևորն է, նրանց պոչը չի անհետանում։ Այդ պատճառով տրիտոններին և նրա ցեղակիցներին անվանում են պոչավոր երկկենցաղներ։