Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եղջերուներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
White-tailed deer.jpg

Եղջերուները կաթնասունների մեծ ընտանիքը մասն են կազմում: Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Հայաստանի Հանրապետության անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ: Հայաստանի Հանրապետությունում ազնիվ եղջերուն կլիմայավարժեցվել է «Խոսրովի անտառ» արգելոցում (1970 թ.), ապա տեղափոխվել Դիլիջան ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին: Որսն արգելված է: Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ: Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ: Արուներն ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով: Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները երբեմն` նաև հասունները բծավոր են: Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում, անտառատունդրայում՝ փոքր խմբերով: Իսկ հյուսիսային եղջերուներն աշնանը և ձմռանը մեծ հոտեր են կազմում ու անցնում հարյուրավոր կիլոմետրեր: Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով: Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից: Ունենում են 1–2 ձագ: Որսի և արդյունագործական կենդանիներ են, գնահատվում են տաք մորթին, ամուր կաշին և համեղ միսը: Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հյուսիսային շրջաններում զբաղվում են եղջերուների բուծմամբ: Առանձնահատուկ է հյուսիսային եղջերուների բուրդը: Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը: Բուրդը նաև փրկագոտի է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են: Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե՜ ոչխարին, թե՜ կովին և թե՜ ձիուն: