Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դմիտրի Մենդելեև

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Մենդելեև

Կան բաներ, որոնց մարդը մշտապես դիմում է իր առօրյա կյանքում, ինչպես, օրինակ, օրացույցը, ժամացույցը, բազմապատկման աղյուսակը։ Քիմիայում այդպիսի «բազմապատկման աղյուսակ» է դարձել քիմիական տարրերի պարբերական համակարգը, որը 1869 թ մշակել է ռուս մեծ գիտնական Դ Ի Մենդելեևը։

Դմիտրի Իվանովիչը ծնվել է Տոբոլսկ քաղաքում։ Նրա մանկությունը հեշտ չի անցել։ Նա Տոբոլսկի գիմնազիայի դիրեկտորի ընտանիքի տասնյոթերորդ զավակն էր և վաղ որբացավ։

Մանկավարժական ինստիտուտ ավարտելուց հետո Մենդելեևն անցավ ուսուցչական աշխատանքի։ Հետագա նշանավոր շատ քիմիկոսներ եղել են նրա աշակերտները։

Նա գրել է «Քիմիայի հիմունքները» հրաշալի դասագիրքը, որը մի կատարյալ քիմիական հանրագիտարան է Մենդելեևը մշտապես կատարելագործում էր այն, լրացնում նորագույն հայտնագործությունների տվյալներով «Քիմիայի հիմունքները» գրելու շրջանում էլ նա ստեղծեց քիմիական տարրերի իր նշանավոր պարբերական համակարգը։

Դ Ի Մենդելեևը հայտնագործեց, որ իր ժամանակ հայտնի քիմիական 63 տարրերի հատկությունները պարբերաբար կրկնվում են, երբ այդ տարրերը դասավորված են լինում ըստ ատոմական զանգվածի աճի սկսած ամենաթեթևից ջրածնից, մինչև ամենածանրը՝ ուրանը։ Այս օրինաչափությունն էլ դրվեց պարբերական համակարգի հիմքում , որը քիմիական տարրերի՝ մինչ այդ հայտնագործությունը տիրող քառսային աշխարհում սահմանեց խիստ օրինաչափություններ, «կարգի բերեց» այն Դ Ի Մ ենդելեևի պարբերական համակարգին դուք կծանոթանաք բարձր դասարաններում, քիմիայի դասերին։

Հենվելով իր համակարգի վրա, Մենդելեևը կանխագուշակեց մինչ այդ անհայտ մի քանի քիմիական տարրերի գոյությունը և նկարագրեց նրանց ամենակարևոր հատկությունները։ Հետագայում բոլոր այդ տարրերը հայտնագործվեցին։ Քիմիայում սա առաջին խորապես գիտական կանխագուշակությունն էր։

Դժվար է նշել մարդկային գործունեության որևէ բնագավառ, որը հետաքրքրած չլինի Մենդելեևին։

Նա ուսումնասիրում էր նավթի հանքավայրերն ու նրա տարբեր բաղադրությունները։ Ու, թերևս, առաջինը հանգեց այն եզրակացության, որ նավթն արժեքավոր է ոչ միայն իբրև վառելիք, այլև իբրև կարևորագույն շատ նյութերի աղբյուր։ Նա հետազոտում էր Երկրի մթնոլորտը և աներկյուղ, միայնակ, օդապարիկով օդ բարձրացավ։

Նա հետաքրքրվում էր Արկտիկայի յուրացմամբ և սառցահատի նախագիծ մշակեց։ Եվ իր մեղքը չէ, որ սառցահատը այդպես էլ չկառուցվեց։

Նա երկար տարիներ եղել է Չափ ու կշիռների գլխավոր պալատի (այժմ՝ Դ Մենդելեևի անվան մետրալոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ) դիրեկտորը և նպաստել ճշգրիտ չափումների մասին գիտության զարգացմանը։

Մենդելեևը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուսումնասիրում առևտրական գործը, մշակում անծուխ վառոդի բաղադրությունը, հետաքրքրվում օդագնացությամբ։ Նրա երկերի լիակատար ժողովածուն կազմում է քսանհինգ հաստափոր հատոր։ Նա ընտրվել է աշխարհի շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։

Մի անգամ Բոբլովոյում (Մենդելեևի կալվածքում) գյուղացիները նրան հարցրին «Ասա, Դմիտրի Իվանովիչ, էդ ինչի՞ց է բերքդ էդքան առատ։ Տաղանդի՞ցդ է, թե՞ բախտիցդ»։ Մենդելեևը ժպտալով պատասխանեց «Եղբայրներ, իհարկե, տաղանդից է»․ Նա բնավ չէր չափազանցնում։ Դա իրոք որ տաղանդի արդյունք էր, տաղանդ՝ բազմապատկված մշտական անընդմեջ աշխատանքով։ Նա չէր սիրում, երբ իրեն հանճար էին կոչում «ի՜նչ հանճար։ Ողջ կյանքումս աշխատել եմ, դրանից էլ հանճար եմ դարձել», ֊ բացականչում էր նա։

Մենդելեևի մահը համաժողովրդական մեծ վիշտ էր։ Հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս նրան՝ նրա աճյունն ուղեկցելով դեպի Պետերբուրգի Վոլկով գերեզմանատունը։ Սգո թափորի առջևից տանում էին քիմիական տարրերի պարբերական համակարգի մեծ աղյուսակը՝ իբրև նրա կտակը գիտնականների ապագա սերունդներին։