Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դանիելյան Հայկանուշ Բաղդասարի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայ ազգային երգարվեստի մեծերից է Հայկանուշ Դանիելյանը` իր կատարյալ հայկական երգելաձևով: Բնություն Հայկանուշին օժտել էր արտակարգ գեղեցիկ թրթռուն հնչերանգ ունեցող հարուստ ձայնով, որը հոգեպարար քնարականից կարող էր անցնել դրամատիկ հնչողության: 1920 թ Հայկանուշ Դանիելյանն ավարտում է Պետրոգրադի կոնսերվատորիան, ստանում ազատ արվեստագետի դիպլոմ և կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի անվան մրցանակ: Կոնսերվատորիայի դիրեկտոր կոմպոզիտոր Գլազունովը դիպլոմը նրան հանձնելիս ասել է, որ կոնսերվատորիայի գոյության հիսուն տարիների ընթացքում նա առաջինն է, որ վերցրել է այն ամենը, ինչ կոնսերվատորիան կարող էր տալ։ Պետրոգրադյան տարիներին ստեղծագործական շփումը ռուսական երաժշտական մշակույթի հայտնի դեմքերի` Գլազունովի, Լյադովի, Լյապունովի, ինչպես նաև` այդ շրջանում Պետրոգրադում գտնվող հայ երաժշտական գործիչներ, կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյանի, Անուշավան Տեր Ղևոնդյանի Սարգիս Բարխուդարյանի և այլոց հետ, մեծապես նպաստեց երգչուհու արվեստագիտական և գեղագիտական մտահորիզոնի ընդարձակմանը: 1923 թ Հայկանուշ Դանիելյանն ընդունվում է Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոն, ուր մարմնավորում է ռուսական, արևմտաեվրոպական, ինչպես նաև` վրացական օպերային կերպարներ: Թբիլիսիում իր ծավալած արտիստական գործունեությանը զուգընթաց, մեծ երգչուհին սերտ կապերի մեջ էր մշակույթի հայ կենտրոնների հետ: 1932 թ նա տեղափոխվում է Սովետական Հայաստան, եռանդուն կերպով մասնակցում Երևանում օպերայի և բալետի թատրոն հիմնադրելու աշխատանքներին։ Ամբողջ 15 տարի հայ հանդիսատեսը մեծ հափշտակությամբ ունկնդրում էր Հայկանուշ Դանիելյանի դերերգերը: Ավելի քան քսան օպերային կերպարներ է մարմնավորել նա, որոնց շարքում, սակայն, անմոռաց պիտի մնա ազգային հոգու և նկարագրի տեր մեծ երգչուհու կերտած Անուշը Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում: Այս օպերայի վայելած համազգային համբավը սերտորեն կապված է Հայկանուշ Դանիելյանի և Սարոյի դերակատար Շարա Տալյանի անունների հետ։ Իր իսկ` երգչուհու խոստովանությամբ, նրա ողջ ստեղծագործական գործունեության մեջ «Անուշ» օպերան առանձնահատուկ տեղ է գրավում։ Բացի օպերային դերերգերից, մեծ երգչուհին կատարում էր հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների մոտ 300 երգեր և ռոմանսներ: Նա հատկապես խոր ներշնչանքով էր երգում «Ծիծեռնակ», Կոմիտասի «Ալագյազ բարձր սարին», «Չինար ես», «Ծիրանի ծառ», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր», «էս առուն» երգերը, Ա. Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Ռ. Մելիքյանի «Սև կաքավիկ» «Շափաղ կուտաս» ռոմանսները: 1939 թ Հ. Դանիելյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով և արժանացել ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհու բարձր կոչման: Հայկանուշ Դանիելյանի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով է կոչվել Երևանի երաժշտական դպրոցներից մեկը: