Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գրքեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գրքերը ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական բովանդակությամբ ստեղծագործություն է։ Ներկայումս առավել տարածված է թղթի վրա տպագրված գիրքն է։

Գիրքը կազմված է բնագրից և կազմից․ վերջինս երբեմն ունենում է նաև կազմաշապիկ։ Գրքի առաջին էջում գրվում է հեղինակի անունը և գրքի վերնագիրը, հրատարակության վայրը և տեսակը, հրատարակչությունը, տպագրության տարեթիվը։

Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Անցյալում բաբելացիները, ասորեստանցիները և այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա։ Չինաստանում գրել են բամբուկից պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա։ Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մեր թվարկության II դարից՝ թղթի վրա։ Հին Եգիպտոսում գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա, որը եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձած մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեններ և պահվում էր գլանաձև փաթաթված։

Մ․ թ․ ա․ II դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ։ Այն մեզ հայտնի մագաղաթն է։ Մագաղաթը պապիրուսից ավելի ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր, իսկ ծալվածքի մասում թերթերը կարվում ու միացվում էին իրար։ Միջնադարում մագաղաթե թերթերն ամփոփվում էին կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմի մեջ։

Գրքի զարգացման և ժողովրդականացման խոշոր ազդակ էր 1447 թ-ին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը։

Հայաստանում թուղթը՝ որպես գրանյութ, օգտագործվել է VIII-IX դարերում։ Տպագրությունը XV դարում զգալիորեն խթանել է գրքի զարգացումն ու տարածումը։

Հայերեն առաջին գրքերը՝ ձեռագիր մատյանները, ստեղծվել են V դարում՝ հայոց գրի գյուտից հետո։ Պահպանված հնագույն ձեռագիր մատյանը VII դարում ստեղծված Վեհամոր Ավետարանն է։ Ձեռագիր մատյաններ ստեղծվել են մինչև XVIII դարի վերջը։

Թղթի վրա մեզ հասած առաջին ձեռագիր գիրքն ընդօրինակվել է 981 թ-ին։

Մինչև 1800 թվական տպագրված գրքերը կոչվում են հնատիպ։ Դրանք բազմաբովանդակ են, բայց գերակշռում են կրոնական բնույթի գրքերը։ Հրատարակվել են փոքր տպաքանակներով, մեծ մասամբ՝ կաշեպատ զարդարուն կազմերով։

Հայերեն հնատիպ գրքերի թիվը անցնում է 1000-ից։ 1801-50 թթ-ին հրաարակվել է մոտ 1700 անուն գիրք։ Ներկայումս Հայաստանում և տարբեր երկրներում ամեն տարի լույս են տեսնում հազարավոր հայերեն գրքեր։