Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գրիգ Էդվարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Eilif Peterssen-Edvard Grieg 1891.jpg

Երեկոյան նորվեգական Բերգեն հինավուրց քաղաքի փողոցներում, քաղաք, ուր ծնվել ու մեծացել էր Էդվարդը, գազալապտերների թարթող լույսի մեջ տղան վերստին տեսնում է այն, ինչ չեն տեսնում մեծահասակները: Նրա ականջներում շարունակ հնչում է բազմաձայն մի երգչախումբ, որը զարմանալի երգեր է երգում: Մի առանձնահատուկ ձևով տեսնելու և լսելու, ամենասովորական բաների մեջ հրաշքներ գտնելու այդ ունակությունը նա կպահպանի երկար ու երկար, իր ողջ կյանքում։ Շատ տարիներ անց այդ հրաշքները կենդանություն կառնեն նրա երաժշտության մեջ, որը կդառնա նրա հայրենի Նորվեգիայի և հարազատ ժողովրդի ձայնը։ Էդվարդ Գրիգի անունն արագորեն կտարածվի շատ երկրներում: Նրան կճանաչեն Եվրոպայում և Ամերիկայում նա բարեկամներ կգտնի նաև Ռուսաստանում։

«Նրա երաժշտության մեջ կա մոտ հարազատ մի բան, որն անմիջապես ջերմ համակրական արձագանք է գտնում մեր սրտերում»,— նրա մասին ասել է Պյոտր Իլյիչ Չայկովսկին։

Գրիգը նրա հետ ծանոթացել և մտերմացել է Գերմանիայում։ Առհասարակ նա այնքան էլ չէր սիրում հեռանալ իր հայրենիքի սահմաններից։ Կյանքի վերջին քսան տարիներին նա գրեթե մշտապես ապրել է փոքրիկ, բլրաշատ Տրոլդհաուգենում, որը գտնվում էր հայրենի Բերգենի մերձակայքում։

Բարձր ծառերը խիտ շրջապատել են փայտե տնակը։ Ծովափից գալարվելով ձգվում է նեղ մի արահետ, որով դեպի տնակն են բարձրանում ձկնորսները, մոտակա սղոցարանի բանվորները, գյուղացիները։ Նրանք լուռ նստոտում են պատուհանների տակ և երաժշտություն լսում։ Բաց պատուհաններից տարածվում է դաշնամուրի նվագը, որ պատմում է հայրենի անտառների գեղեցկության, ծովի հեռուներում թևածող ազատաշունչ երգի, հյուսիսային ջինջ երկնքի մասին։ Երբ Գրիգը նվագում էր «Նորվեգական պարերը», մարդկանց թվում էր, թե նորից իրենց ջահել օրերի գեղջկական հարսանիքում են ահա գյուղի ջութակահարը հնչեցրեց առաջին ուրախ ակորդները, և մարդկանց վառ զգեստներն արդեն փայլկըտում են հնօրյա կրակոտ շուրջպարում։

Գրիգի Տրոլդհաուգենի տունը հիմա էլ կա։ Տարբեր երկրներից շատ այցելուներ են գալիս այն տեսնելու։ Չէ՞ որ նրա երաժշտությունը հուզում է ոչ միայն նորվեգացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում են իսկական, կենսունակ արվեստը բարի անպաճույճ, մարդկային։