Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գութան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Գութան

Մեզանից դեռևս 6-7 հազար տարի առաջ մարդիկ հողը փորում էին փայտե բրիչներով: Բայց երբ սկսեցին ընտելացնել վայրի կենդանիներին, ստեղծեցին նաև արորը: Իսկ երբ կարողացան հալել ու կռել երկաթը, արդեն պատրաստեցին գութանը, որը հիմնովին փոխեց մարդկային հասարակության տնտեսական կյանքը։ Գութանի խոփը մի քանի անգամ ավելի լայն էր ու երկար, և այդ պատճառով էլ նույն ժամանակամիջոցում անհամեմատ ավելի շատ հող էր վարում, քան արորը, իսկ բրիչների ու բահերի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Գութանով հողը վարում էին ավելի խորը, լավ շուռ տալիս ու փխրեցնում, որի հետևանքով էլ բերքը լինում էր առատ: Լինելով ծանր ու բարդ գործիք՝ գութանը պահանջում էր ավելի շատ աշխատողներ: Դրա համար էլ գարնանն ու աշնանը գութանն աշխատեցնում էին մի քանի հարևաններով՝ բոլորի հողերը համատեղ վարելու համար: Իսկ որպեսզի բոլորն էլ հասցնեին ժամանակին վարել իրենց հողերը, շատ դեպքերում գութանավարներն սկսում էին ծեգից առաջ, երբ դեռ երկնքում երևում էին աստղերը և դադարեցնում միայն ուշ գիշերին։ Գութանին սովորաբար լծում էին 4-12 լուծ եզ (շատ վայրերում էլ ձի, էշ, ուղտ), որոնց քշում էին հոտաղները՝ հիմնականում 12-15 տարեկան պատանիներ։ Իսկ մաճով գութանին ուղղություն էր տալիս ակոսի միջով քայլող մաճկալը: Գութանավարի ժամանակ աշխատողները երգում էին հորովելներ, որոնք շատ դեպքերում հորինվում էին տեղում: Հիշու՞մ եք Կոմիտասի գրի առած հորովելները («Հոլ արա եզո...»)։ Գութանի նշանակությունը ժողովրդի կյանքում այնքան մեծ էր, որ հնագույն շատ նկարներում և հուշարձանների վրա հաճախ պատկերում էին գութան, ստեղծում դրան նվիրված երգեր ու բանաստեղծություններ: Հայաստանն այն երկրներից է, որտեղ ստեղծվել են առաջին գութանները։ Մեր օրերում օգտագործվում են տրակտորային գութաններ։ Հաճախ մեկ տրակտորին կցված են լինում հինգ, յոթ և նույնիսկ ութ գութան, որոնց աշխատանքը կարգավորում է կցասարքի բանվորը։ Տրակտորային գութանները հողը վարում են ավելի խոր և ավելի լայն՝ մոտ մեկուկես մետրանոց շերտով։ Այդ գութանները տարբեր տեսակի են և օգտագործվում են տարբեր նպատակներով: Կան կախովի գութաններ, որոնք անմիջապես կցված են տրակտորին։ Այս դեպքում գութանը անիվների և հենոցի կարիք չունի, բավական են և տրակտորինը: Կցասարքի բանվոր էլ չի պահանջվում, այն ղեկավարում է տրակտորավարը: Դրանով մեքենան դառնում է առավել դյուրաշարժ և նույնիսկ քիչ վառելանյութ է ծախսում: