Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գեյզեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Geysir3.jpg

Աշխարհում կան զարմանալի շատրվաններ, որոնք գործում են իրենք իրենց, առանց մարդու մասնակցության: Դրանց ջուրը տաք է, եռացող: Այդ շատրվանները խփում են ուղղակի գետնի տակից: Դրանք գեյզերներն են (իսլանդերեն «գեյզա» բառից, որ նշանակում է «դուրս հորդել»), որ կարող ես տեսնել Կամչատկայում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում:

Գեյզերները միշտ լինում են գործող կամ էլ նոր հանգած հրաբուխների մոտ: Մագմայից անջատված շիկացած գոլորշու և գազերի ազդեցությամբ ստորգետնյա ջրերը տաքանում են և եռացող շատրվանի կամ աղբյուրի ձևով դուրս գալիս երկրի մակերևույթ:

Յուրաքանչյուր գեյզեր ժայթքում է յուրովի՝ որոշակի ժամանակահատվածից հետո տարբեր ուժով: Կամչատկայում մի գեյզեր «աշխատում է» ամեն չորս րոպեն մեկ, նրան այդպես էլ անվանել են՝ ժամացույց: Իսկ Ելոուսթոնի պարկի «Ծեր զինվորական» կոչվող գեյզերը խփում է ժամը մեկ, Անդադրունքը՝ կես րոպեն մեկ, կարող ես, նույնիսկ, ժամացույցդ ստուգել։ Իսլանդիայի Մեծ գեյզերը ժայթքում է օրը մեկ անգամ, բայց նրա շատրվանով կարելի է հիանալ 3 ժամ անընդհատ: Հենց ժայթքումն ավարտվում է, անդորր է տիրում, ասես ոչինչ էլ չի եղել: Գեյզերի եռացող ջրից անջատվող սիլիկահողի նստվածքների երփներանգ գեյզերիտի շիթերն ու մակահոսուկները գեղեցկացնում են թե՛ բուն ժայթքումը և թե՛ ողջ շրջապատը: Գեյզերիտը տարբեր երանգներ է ունենում՝ վարդագույն, մոխրադեղին, մարգարտափայլ:

Առաջ գեյզերների ջուրը զուր տեղը կորչում էր, իսկ այժմ այն օգտագործում են շենքերի, ջերմոցների լողավազանների ջեռուցման համար: