Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գեղարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Գեղարդի վանքը

Ավանդությունն ասում է, որ մեծ ասպատակող Լենկթեմուրը, ոտքի կոխան դարձնելով աշխարհի կեսը, եկել հասել էր Գառնու ձոր։

Ահա և Այրիվանք Գեղարդը, ուր հայ քարգործ ճարտարապետ Գալձագը միակտոր ժայռի մեջ քանդակել էր երկու եկեղեցի:

- Հրաշք կառույց է, ժայռակոփ տաճար,- զեկուցեցին արնածարավ Լենկթեմուրին:

– Մեր ինչի՞ն է պետք սա. ոչ ավերել կարող ենք, ոչ շալակել տանել:

— Ասում են, այստեղ է պահվում Հայոց աշխարհի յոթ ձիաբեռ ադամանդը:

Լսելով այդ մասին Լենկթեմուրը որոշեց անձամբ հափշտակել այդ մեծ հարստությունը: Նա մոտեցավ ժայռափոր տաճարին և աչք ածեց ներս։ Մութ տաճարում հուրհրատում էր մի լուսափունջ։ Այո, այդպես պայծառ կարող է փայլատակել միայն ադամանդը։ Լենկթեմուրը, հազիվ զսպելով իր ուրախությունը, նետվեց ներս և ձեռքերը տարածեց դեպի լուսափունջը։ Բայց այ քեզ հրաշք, լուսափունջը միանգամից անհետացավ։ Լենկթեմուրը վերադարձավ տաճարի մուտքի մոտ: Ադամանդը նորից ցոլցլաց: Մի քանի անգամ նա փորձեց ձեռքերը պարզել դեպի ադամանդը, բայց բան չստացվեց։ Հենց որ ներս էր մտնում, լուսափունջը մարում էր։

Եվ Լենկթեմուրը քմծիծաղ տվեց ու ասաց.

- Մարդ պետք է միայն տեսնի ու անցնի և՛ հայոց փայլատակող ադամանդը, և՛ ադամանդափայլ այս տաճարը։

Այդ ժամանակվանից էլ Այրիվանք Գեղարդը օտարներն անվանեցին Տես ու անցի՛ր։ Դարերի հետ շատ նվաճողներ եկան Գառնո ձորը, տեսան ու անցան, իսկ հրաշք կառույցը մնաց՝ դառնալով Սովետական Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Եվ հիմա քչերը գիտեն, որ հայկական ճարտարապետության եզակի այս հուշարձանախումբը մի ժամանակ կոչվել է Տես ու անցիր։ Նա պահել է միայն իր հայկական կրկնակ անունը. 4-13-րդ դարերում կոչվել է Այրիվանք ժայռափոր կառույցների պատճառով, 13-րդ դարից ստացել իր երկրորդ՝ Գեղարդ անունը, որովհետև այս վանքին էր պահ տրվել սուրբ համարվող մի գեղարդ (նիզակ):

Իսկ ի՞նչ լուսափունջ էր, որ չկարողացավ բռնել Լենկթեմուրը։ Ժայռակոփ տաճարի ճարտարապետ Գալձագը շարժական մի քար էր պատրաստել, որի շնորհիվ կեսօրին ճեղք էր բացվում դեպի դուրս և արևի ճաճանչները, ներս ընկնելով մթության մեջ, այնպիսի լուսափունջ էին կազմում, որ ասես ադամանդ էր շողշողում: 1679 թ. երկրաշարժից այդ քարը տեղաշարժվեց և կորցրեց լուսափունջ արարելու իր հատկությունը:

Գեղարդը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է, եղել է հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոն։ Այստեղ գործել են դպրանոց, հարուստ գրադարան, գրչատուն, ուր ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր:

Գեղարդը հայտնի է նաև իր ժայռափոր խաչքարերով: Եկեղեցիների ու մի շարք հարակից կառույցների պատեր ծածկված են բարձրարվեստ քանդակներով: Հնամենի հուշարձանի վիմագիր արձանագրությունները ուշագրավ տեղեկություններ են հաղորդում ժամանակի իրադարձությունների մասին:

Այցելե՛ք Գառնիի գեղատեսիլ ձորը և անձամբ տեսե՛ք Գեղարդը: