Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գայլ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Canis lupus 265b.jpg

Գայլն օգտակա՞ր կենդանի է, թե՞ վնասակար: Նման հարց տալը ճիշտ չի լինի, որովհետև շատ կենդանիներ կարող են միաժամանակ թե՛ օգտակար լինել, և թե՛ վնասակար: Երբ գայլը հարձակվում է ոչխարների կամ ընտանի եղջերուների վրա, մարդկանց վնաս է տալիս: Բայց այդ նույն գայլը անտառում կամ տունդրայում ավելի հաճախ որսում է թույլ, հիվանդ կենդանիների, որովհետև դրանց բռնելն ավելի հեշտ է։ Հիվանդ կենդանիներին ոչնչացնելով՝ գայլն օգուտ է տալիս անտառին և նրա բնակիչներին։ Դրա համար նրան անտառի սանիտար են անվանում:

Բայց գայլը միայն հիվանդ կենդանիներին չէ, որ հետապնդում է։ Նրա ավարն են դառնում նաև այնպիսի վայրի կենդանիներ, որոնք բավականաչափ զգույշ, ճարպիկ ու խորամանկ չեն լինում կամ էլ իրենց ցեղակիցներին զիջում են ուժով ու քաշով: Ստացվում է, որ այն անտառում, ուր որս են անում գայլերը, ավելի հաճախ կարելի է հանդիպել ճարպիկ, արագաշարժ, ուժեղ և խորամանկ գազանների ու թռչունների:

Մի բանով էլ է գայլն օգնում անտառին: Եթե անտառում չափից շատ գազաններ ու թռչուններ բազմանան, սնունդը նրանց չի բավականացնի, նրանք քաղցած կմնան, վատ կաճեն ու կսկսեն հիվանդանալ: Թույլ թռչուններին և գազաններին ոչնչացնելով, գայլը մյուս կենդանիներին մի տեսակ «փրկում է» սովից, այլասերումից և հնարավոր հիվանդություններից։ Ահա թե ինչու գայլին անվանում են նաև վայրի կենդանիների պահապան-հովիվ, որովհետև նա, ասես, «հետևում է», որ գազաններն ու թռչունները ուժեղ և առողջ մեծանան:

Ինչպե՞ս վարվել հապա, ոչնչացնե՞լ գայլերին, թե՞ պաշտպանության տակ առնել:

Այնտեղ, ուր գայլերը շատ են բազմանում և նրանց պատճառով տուժում են ոչխարի հոտերը, կովերի և ընտանի եղջերուների նախիրները, գայլերին սկսում են որսալ:

Իսկ այնտեղ, ուր գայլերն այնքան էլ շատ չեն և ամբողջ ժամանակ մնում են խուլ անտառում, նրանց հետ պետք է այլ կերպ վարվել։ Գայլը շատ խորամանկ և խելացի գազան է։ Նա արագ կռահում է, որ իրեն հետապնդում են, և երկար ժամանակով հեռանում է վտանգավոր վայրից։ Ուստի երբեմն պարզապես բավական է, ինչպես հարկն է վախեցնել գայլին:

Գայլը զգուշավոր կենդանի է: Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, ուր մեծանում են ձագուկները: Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագուկներին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել: Մինչև աշուն ձագուկները մեծանում են և մոր, հոր, ավագ եղբայրների ու քույրերի հետ դուրս գալիս ձմեռային արշավների։ Ձյան վրայի հետքերով որսորդներն անմիջապես իմանում են, թե երբ է անցել գայլերի ոհմակը, բայց շատ դժվար է լինում այդ արագաշարժ ու զգույշ ոհմակը գտնելը։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խուսափում են մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում հենց տների լուսամուտների տակ: