Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գայդար

Vikidia-ից

Ողջ կյանքում նա չմոռացավ 302939 թիվը: Դա նրա առաջին հրացանի համարն էր, որ ձեռքն էր վերցրել դեռ դպրոցական եղած ժամանակ, մեր հեղափոխությունը թշնամիներից պաշտպանելու համար։ Արկադի Պետրովիչ Գոլիկովը, որին դուք ճանաչում եք որպես գրող Գայդար, ծնվել է Կուրսկից ոչ շատ հեռու գտնվող Լգով քաղաքում: Անչափահաս, իր տարիքի համեմատ բարձրահասակ պատանին, թաքցնելով իսկական տարիքը, կամավոր զինվորագրվեց կարմիր բանակին, կռվեց քաղաքացիական պատերազմի շատ ռազմաճակատներում և տասնվեց տարեկանում արդեն գնդի հրամանատար էր: Ծանր վիրավորվելուց հետո միայն նա հարկադրվեց հեռանալ մարտի դաշտից: Պանծալի հեղափոխական զորավար Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզեն Գայդարից հուսահատական մի նամակ ստացավ` իրեն կարմիր բանակում թողնելու խնդրանքով։Ընկեր Ֆրունզեի խորհրդով, որը նամակից կռահեց ապագա գրողի ձիրքը, Արկադի Պետրովիչը ձեռնամուխ եղավ գրական աշխատանքի: Շուտով նա սկսեց հանդես գալ «Գայդար» ստորագրությամբ: Մի Ժամանակ մոնղոլ հեծյալներն այդպես էին անվանում այն ձիավորին, որը որպես պարեկ սլանում էր ջոկատի ամենաառջևից: Գայդարը, իրոք, դարձավ սովետական այն գրողների մեծ ջոկատի պարեկը (առաջամարտիկը), որոնք գրքեր էին գրում երեխաների համար: Գայդարն ասում էր. «Թող հետո երբևէ մարդիկ մտածեն, թե եղել են այնպիսի մարդիկ, որոնք խորամանկորեն իրենց մանկագիր են համարել։ Իրականում նրանք պատրաստել են կարմիր հնգաթևայինների ամրակուռ գվարդիա»։ Գայդարը ևս իր սքանչելի գրքերով օգնում է, որ աճեր մեր ժողովրդի, երիտասարդ որդիների ու դուստրերի խիզախ և աշխատասեր գվարդիան: Երեխաները շատ սիրեցին Գայդարի «Դպրոցը», «Հեռավոր երկրներ», «Ռազմական գաղտնիք», «Թմբկահարի ճակատագիրը», «Չուկը և Հեկը» գրքերը։ Բայց բոլոր տղաների ու աղջիկների առանձնահատուկ սերը նվաճեցին Գայդարի «Թիմուրը և իր ջոկատը» վիպակը և նրա գլխավոր հերոս Թիմուրը: Ինքը` Գայդարը ևս այնպիսին էր, ինչպես իր գրքերի հերոսները՝ անվեհեր ու բարի, ազնիվ ու անշահախնդիր: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից նա մեկնեց ռազմաճակատ իբրև «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հատուկ թղթակից: 1941 թ աշնանը նա կամավոր մնաց թշնամու թիկունքում և դարձավ պարտիզանական ջոկատի գնդացրորդ: Հոկտեմբերի 26-ին Գայդարը որպես պարեկ գնում էր պարտիզանական մի փոքրիկ խմբի առջևից։ Նրանց ճանապարհին ֆաշիստները դարան էին սարքել: Գայդարն առաջինը նկատեց հիտլերական ավտոմատավորներին և հասցրեց նախազգուշացնել իր մարտական ընկերներին։ Սակայն ինքը զոհվեց գնդակների տարափի տակ: Գայդարի գրքերում շարունակում են ապրել նրա հերոսները, հնչում է հեղինակի խելացի ախորժալուր խոսքը, իսկ նրա փառքը կոչում է լավ ու սխրալի գործերի: 1965 թ Արկադի Պետրովիչ Գայդարը ետմահու պարգևատրվեց Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով: Սովետական ողջ գրականությունը հպարտությամբ ընդունեց այդ շքանշանը, որով հայրենիքը պարգևատրել էր իր մարտիկ-գրողին։