Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գաճաճ պետություններ

Vikidia-ից
European Microstates Map.png

Եվրոպայում կան չորս պետություններ, որոնք միասին զբաղեցնում են ավելի փոքր տարածություն, քան միայն Մոսկվան: Այդ «գաճաճները» պահպանվել են այն ժամանակվանից, երբ գրեթե ողջ Եվրոպան կազմված էր այդպիսի մանր պետություններից: Այժմ նրանք շատ բանով կախման մեջ են իրենց ավելի ուժեղ հարևաններից և, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր դեմքը, իր առանձնահատկությունները: Պիրենեյան լեռների մեջ աննկատ ծվարել է փոքրիկ Անդորրան։ Անդորրան հանրապետություն է, ունի իր կառավարությունը, բայց երկրի համատեղ կառավարողներ են համարվում նաև Ֆրանսիայի պրեզիդենտը և Ուրխելի (Իսպանիա) եպիսկոպոսը: Անդորրայով է անցնում Իսպանիան Ֆրանսիային միացնող խճուղին: Ձյունապատ լեռները տարվա մեջ ութ ամիս անանցանելի են։ Իսկ ավելի ցածում, լեռնային հրաշալի արոտավայրերում, արածում են ոչխարները: Անդորրան հարևաններին վաճառում է բուրդ, պանիր և փայտածուխ: Բնակիչները խոսում են ֆրանսերեն և իսպաներեն։ Անդորրա են գալիս օտարերկրյա շատ զբոսաշրջիկներ:

Գաճաճ պետություններից ամենափոքրը Մոնակոյի իշխանությունն է: Այն գտնվում է Ֆրանսիայի խնամակալության ներքո, և այստեղ ֆրանսերեն են խոսում։ Միջերկրական ծովի ափին գտնվող մեղմ կլիմայով և մերձարևադարձային հարուստ բուսականությամբ գեղատեսիլ այդ անկյունը վեր է ածվել թանկ առողջավայրի: Բայց ողջ աշխարհի հարուստներին Մոնակոն հրապուրում է ոչ միայն բնության հրաշալիքներով, օվկիանոսագիտական հիանալի թանգարանով, որտեղ օվկիանարիում հաստ ապակիների ետևում լողում են ստորջյա աշխարհի բնակիչները։ Նրանց գրավում է նաև Մոնտե Կարլոյի խաղատունը, ուր շահում կամ տանուլ են տալիս հսկայական գումարներ։ Եվ Մոնակոյի ամբողջ բնակչությունը, իշխանի գլխավորությամբ, հիմնականում ապրում է խաղատան և օտարերկրյա հարուստ զբոսաշրջիկների սպասարկման եկամուտների հաշվին։

Հռենոսի աջ ափիին, Ավստրիայի և Շվեյցարիայի միջև, պատսպարվել է Լիխտենշտայնի իշխանությունը։ Նրա երեք քառորդը զբաղեցնում են փշատերև անտառներով և մարգագետիններով ծածկված լեռները։ Կլիման լեռներում խիստ է, հարթավայրում մեղմ, տաք ամառով։ Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ, մշակում հացահատիկ, խաղող, եփում գարեջուր։ Գործարաններն ու ֆաբրիկաները մշակում են փայտանյութ, արտադրում մեքենաներ, գործվածքներ, մսի պահածոներ։ Ֆաբրիկաներից մեկն էլ հայտնի է ողջ աշխարհին․ այնտեղ պատրաստում են արհեստական ատամներ։ Լիխտենշտայնի իշխանությունում խոսում են, հիմնականում, գերմաներեն։ Այս փոքր պետությունը բանակ չունի, իսկ ամբողջ ոստիկանությունը հաշվվում է 18 մարդ։ Պետությունը գլխավորում է իշխանը։

Ապենինյան լեռներում է գտնվում Սան Մարինո փոքրիկ պետությունը։ Այս երկրի բնակիչները մշակում են մրգի ու խաղողի այգիներ, զբաղվում անասնապահպահությամբ։ Այստեղ գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հատկապես հայտնի է Մոնտե Տիտանո լեռը, որի լանջերին է տեղավորված մայրաքաղաքը Սան Մարինոն։

Եվրոպայում, այս չորս գաճաճ պետություններից բացի, կա նաև մեկ ուրիշ փոքր պետություն՝ Լյուքսեմբուրգի մեծ դքսությունը։ Արդեն կես դար է, ինչ նա անկախ է։ Բայց, այնուամենայնիվ, երկրում մեծ դեր են խաղում հարևան երկրները՝ Բելգիան և Ֆրանսիան։

Լյուքսեմբուրգում զարգացած է արդյունաբերությունը, առանձնապես սև մետալուրգիան, որն օգտագործում է տեղի երկաթի հանքաքարը։ Այստեղ ձուլում են ավելի շատ թուջ և պողպատ, քան որոշ, անհամեմատ ավելի խոշոր երկրներում։ Ինժեներները, բժիշկները, ուսուցիչները կրթություն են ստանում Լյուքսեմբուրգից դուրս, որովհետև այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններ չկան։ Լյուքսեմբուրգի ինքնատիպ բնությունը, արագահոս գետերը, ընդարձակ հովիտները, փարթամ անտառները և հինավուրց հուշարձանները հրապուրում են բազում զբոսաշրջիկների։