Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բևեռափայլ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը նետերի նման ճեղքում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե վարագույրներ:Դա բնության ամենահիասքանչ և ամենագեղեցիկ երևույթներից մեկն է՝ բևեռափայլը: Պայծառ հյուսիսափայլը (հյուսիսում այդպես են անվանում բևեռափայլը) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։

Բևեռափայլերը կապված են Արեգակի հետ։ Դուք, անշուշտ, գիտեք, որ Արեգակը հսկայական չափերի շիկացած գունդ է: Այդ վիթխարի «վառարանը» տիեզերական տարածություն է ճառագայթում հսկայական քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր։ Հասնելով Երկրի մթնոլորտի վերին՝ երկրի մակերևույթից 80-1000 կմ բարձրության վրա գտնվող շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կարմիր, նարնջագույն: Այսպես է առաջանում բևեռափայլը։

Իսկ ինչո՞ւ է այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար միայն երկրի բևեռների մոտ (հյուսիսային և հարավային): Բանն այն է, որ ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները, և այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։

Գիտնականները նկատել են, որ բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը: Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք Երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում