Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բրեստի ամրոց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
BrestFortress7.JPG

Բրեստ քաղաքը գտնվում է Բելոռուսում։ Նրա կողքին, Բուգ գետի ափին, մի հին ռուսական ամրոց կա: Պատերազմից առաջ Բրեստի ամրոցի զորանոցներում ու տներում ապրում էին կարմիրբանակայիններ և հրամանատարներ, շատերը` կանանց ու երեխաների հետ: Պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցում զոհվեցին հարյուրավոր ռազմիկներ, կանայք ու երեխաներ: Ֆաշիստները կարծում էին, թե այդ անսպասելի հարվածը իրենց հեշտ հաղթանակ կբերի, և արագ կգրավեն ամրոցը: Բայց երբ հիտլերականները ներխուժեցին ամրոցի բակը, նրանց դիմավորեց գնդացիրների և հրացանների կրակը: Գրոհը ետ մղվեց: Ողջ մնացած սովետական զինվորները զենք վերցրին: Սկսվեցին ծանր, երկարատև մարտերը: Ֆաշիստները շրջապատել էին ամրոցը, ռմբակոծում ու գրոհում էին ամեն կողմից։ Մեր զինվորներին փամփուշտները չէին հերիքում, ուտելու բան չկար, որովհետև փլատակների տակ էին մնացել ռազմամթերքի ու պարենի պահեստները: Նույնիսկ ջուր չկար, ջրմուղը չէր աշխատում: Իսկ երբ մարդիկ փորձում էին սողալով մոտենալ գետին, նրանց դիմավորում էր գերմանական գնդացիրների կրակը։ Ֆաշիստները գիշեր ու զօր գնդակոծում էին ափը, հուսալով, որ ծարավը պաշարվածներին կստիպի դադարեցնել դիմադրությունը: Ամրոցի պաշտպանները ծարավից ու քաղցից ուժասպառ էին լինում: Զենքն ու փամփուշտը նրանք ձեռք էին բերում թշնամու հետ ունեցած ձեռնամարտում և շարունակում էին մարտնչել։ Թշնամին պահանջում էր գերի հանձնվել, բայց նրանք պատասխանում էին գրոհներով ու կրակով: Ամրոցի դարպասներից նրանք մի պաստառ էին կախել, որի վրա արյունով գրված էր «Բոլորս կմեռնենք, բայց ամրոցից չենք հեռանա»։ Մարտը շարունակվեց 28 օր` հունիսի 22-ից մինչև հուլիսի 20-ը Բրեստը մնացել էր թշնամու թիկունքում, հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Մեր զորքերը նահանջել էին դեպի արևելք: Իսկ ամրոցի պաշտպանները առաջվա պես կռվում էին ֆաշիստների դեմ։ Նրանք համարյա բոլորը զոհվեցին մարտերում, և քչերը միայն գերի ընկան վիրավոր ու սովից ուժասպառ: Պատերազմի ավարտից հետո միայն հայտնի դարձավ, որ Բրեստի ամրոցի մի քանի պաշտպաններ ողջ են մնացել և գերությունից վերադարձել հայրենիք։ Նրանցից մենք իմացանք այդ մարտերի մանրամասներն ու հերոսների անունները: Ամրոցի պաշտպանների մեջ էին նաև հայ ժողովրդի զավակներ Սոս Նուրիջանյանը, Գուրգեն Խաչատրյանը, Թորգոմ Ղուկասյանը, Արամայիս Բաղդասարյանը, Շմավոն Դավթյանը և շատ ուրիշներ, թվով ավելի քան 100 հոգի։

Բրեստի ամրոցի պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենահերոսական էջերից է, ռազմիկների բացառիկ տոկունության և խիզախության լավագույն օրինակներից: Ամրոցում կազմակերպվել է թանգարան և կառուցվել վեհասքանչ հուշարձան-համալիր: Պաշտպանության շատ մասնակիցներ ետմահու պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով։ Բրեստի ամրոցին շնորհվել է «հերոս ամրոց» պատվավոր կոչումը: