Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բնավորություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ինչպիսի՞ մարդիկ են ձեզ հատկապես դուր գալիս։

Նրանք, անշուշտ, ովքեր խիզախ են, համարձակ, արի, հավատարիմ իրենց պարտքին։ Մեզ բոլորիս միշտ էլ գրավում է մարդու բարությունը, նրբազգացությունը ազնվությունը։ Մենք թվարկեցինք միայն այն մի քանի գծերը, որոնք կազմում են մարդու բնավորությունը։ Մարդու բնավորությունը դրսևորվում է նրա արարքներում, վարքագծում, կյանքի ու շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքում, այն բանում, թե ինչպես է նա աշխատում կամ սովորում։ Համարձակ մարդը հրդեհից չի վախենա և մարդկանց փրկելու համար կմտնի անգամ այրվող տունը։ Հաստատակամ մարդը միշտ հասնում է իր նպատակին, ազնիվը երբեք չի խաբում։

Կույր, ծանր հիվանդությամբ անկողնում գամված մարդը գիրք էր գրում։ Տառերը նա գրում էր մատիտով, ստվարաթղթի վրա արված ակոսներում, այլապես տողերը կխառնվեին։ Աշխատանքը գերմարդկային տոկունություն և ուժերի լարում էր պահանջում։ Բայց նա գրում էր, որովհետև ուզում էր մարդկանց պատմել հեղափոխության, նոր կյանքի համար մղված պայքարի, իր ընկերների մասին, որոնց հետ մարտնչել էր սովետական իշխանության համար։ Այդ մարդը Նիկոլայ Օստրովսկին էր՝ մեր ամենալավ գրքերից մեկի՝ «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպի հեղինակը։ Նրա հերոսի մասին դուք կարող եք իմանալ «Պավել Կորչագին» զրույցից։

1919 թ․ ապրիլի 12-ին Մոսկվա-Սորտիրովոչնայա շոգեքարշային դեպոյի տասնհինգ բանվորներ դեպոյից դուրս չեկան այնքան ժամանակ, մինչև չնորոգեցին երեք շոգեքարշ, այն էլ՝ առանց վարձատրության։ Դա մեր երկրում կոմունիստական առաջին շաբաթօրյակն էր։

Հայրրենական մեծ պատերազմի ժամանակ օդաչու Ալեքսեյ Մերեսևը ծանր վիրավորվելուց հետո կորցրեց զույգ ոտքի թաթերը։ Թվում էր՝ այլևս խոսք անգամ չի կարող լինել, թե նա նորից կթռչի և կկռվի ֆաշիստների դեմ։ Բայց Մերեսևը հրաշք գործեց։ Հաղթահարելով ցավը՝ նա երկար ժամանակ մարզվում էր և սովորեց այնպես կառավարել իր պրոթեզները, որ կարողացավ նորից նստել ինքնաթիռի ղեկի առջև և ռազմաճակատ վերադառնալ։

Հայ ժողովրդի զավակ Հունան Ավետիսյանը Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրման ժամանակ հանձնարարություն ստացավ ճանապարհ բացել հարձակվող զորամասերի համար։ Առաջադրանքը կատարելիս Հունանը վիրավոր վիճակում կրծքով փակեց թշնամու գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը։

Այդպիսին է սովետական բնավորությունը։ Սեր և նվիրվածություն սոցիալիստական հայրենիքի հանդեպ, հաստատ համոզվածություն կոմունիզմի հաղթանակի նկատմամբ և սեփական համոզմունքները պաշտպանելու հաստատակամություն․ ահա սրանք են սովետական բնավորության կարևորագույն գծերը։ Սովետական մարդուն խորթ է եսամոլությունը, նրա համար թանկ են հասարակության, կոլեկտիվի շահերը, նա միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը։ Դուք զգում եք սովետական մարդկանց հոգու ողջ շռայլությունը, նրանք միշտ ձգտում են օգնել ձեզ, աջակցել դժվարին պահին, իրենց իմացածը հաղորդել ձեզ։

Սովետական բնավորությունը միանգամից, կախարդական գավազանի շարժումով չէ, որ ձևավորվել է։ Այն դաստիարակել են մեր կյանքը, մեր իրականությունը՝ սովետական իշխանությունը, մեր կուսակցությունը։ Սովետական բնավորության գծերը լավագույն մարդկանց մեջ երևան են եկել դեռևս Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից շատ առաջ։ Պայքարելով ժողովրդի լուսավոր ապագայի, մեր երկրում սովետական իշխանության հաստատման համար՝ բոլշևիկները ցուցաբերում էին խիզախության ու հաստատակամության, իրենց իդեալներին խոր նվիրվածության, մարդկանց հանդեպ անձնուրաց սիրո օրինակներ։ Այդպիսին էր Վ․ Ի․ Լենինը։ Այդպիսին էին Ի․ Վ․ Բաբուշկինը, Ն․ Է․ Բաումանը, Մ․ Ի․ Կալինինը, Ս. Մ․ Կիրովը, Բ․ Մ․ Կնունյանցը, Վ․ Վ․ Կույբիշևը, Ֆ․ Է․ Ձերժինսկին, Ա․ Ֆ․ Մյասնիկյանը, Ա․ Գ․ Շահումյանը, Ս․ Ս․ Սպանդարյանը, Յա․ Մ․ Սվերդլովը, Գ․ Կ․ Օրշոնիկիձեն, Մ․ Վ․ Ֆրունզեն և բոլշևիկների լենինյան գվարդիայի շատ ուրիշ փառապանծ ներկայացուցիչներ։

Դուք, ում պատկանում է մեր երկրի վաղվա օրը, այսօր արդեն պետք է նպատակադրվեք ինքներդ ձեր մեջ դաստիարակելու և զարգացնելու սովետական բնավորության գծերը՝ օրինակ վերցնելով սովետական երկրի լավագույն մարդկանցից։ Եվ դա պետք է անել դպրոցական նստարանից սկսած։