Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բնազդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մեծ, ուժեղ սաղմոն ձուկը համառորեն լողում է փոքրիկ, գրեթե իսպառ ցամաքած գետակի հոսանքն ի վեր։ Քարքարոտ հատակը վնասում է նրա կողերը, ջղաձգորեն ցնցվում են ջրով հազիվ ծածկված խռիկները։ Սակայն չկա մի ուժ, որն ընդունակ լինի հարկադրելու նրան շրջվելու ետ, դեպի լայնատարած օվկիանոսը: Որովհետև ձկնկիթից նա այստեղ է ծնվել, և պետք է որ այստեղ էլ լույս աշխարհ գա նրա սերունդը։ Այդ է պահանջում բնազդը, այսինքն՝ կենդանու վարքի «գլխավոր» ծրագիրը, որ նա ժառանգել է իր նախնիներից Բնազդն է հենց, որ արջին հարկադրում է հարմար որջ փնտրել ձմռան համար և տերևներ փռել այնտեղ: Մեղուն կարողանում է մեղրահաց պատրաստել, թեև շատ անգամ տեսած էլ չի լինում, թե ինչպես են դա անում մյուս մեղուները: Բնազդի շնորհիվ առափնյա ծիծեռնակը բնադրում է գետնին, կավաշատ զառիթափերին, իսկ գյուղական ծիծեռնակը` տան տանիքների տակ: Ինչպես ուսուցիչը, կյանքն էլ ամեն օր նոր խնդիրներ է առաջադրում` ինչպես վարվել զանազան դժվար դեպքերում ողջ մնալու համար: Եվ եթե շատ դարերի ընթացքում կենդանիները հանդիպում են միևնույն խնդիրներին, դրանք այլևս չեն լուծում։ Մշակվում է որոշակի բնազդ, որը և ղեկավարում է նրանց վարքը: Դա անշուշտ շատ հարմար է, սակայն լինում է և այնպես, որ ժամանակի ընթացքում այս կամ այն կենդանու կյանքի պայմանները փոխվում են։ Իսկ նոր պայմաններում արդեն բնազդը կարող է ոչ թե օգուտ բերել, այլ վնասել: Օրինակ, ամերիկյան բիզոններն ունեին նախիրներով ապրելու ուժեղ բնազդ։ Նախրով հեշտ էր պաշտպանվելը թե՛ արջերից և թե՛ գայլերից: Բայց երբ հայտնվեց հրացանավոր մարդը, առավելությունը դարձավ թերություն, որովհետև նախրի մեջ ժողովված կենդանիներին կոտորելն ավելի հեշտ է: Բնազդը կույր է, այո՛, և երբեմն, ինչպես տեսնում եք, այն կարող է նույնիսկ կորստյան մատնել կենդանի էակին, բայց առանց բնազդի էլ տեսակն ամբողջությամբ վերցրած չէր կարող գոյատևել: Տեսակի համար բնազդները նպատակահարմար են և օգտակար։