Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բեթհովեն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1770-1827

Վիեննայի բնակիչները լավ են ճանաչում հողմահարված դեմքով, ամրակազմ ու տարեց այդ մարդուն: Ամեն օր ցանկացած եղանակին, նա դուրս է գալիս տնից։ Երաժշտություն գրելու չափ նրան անհրաժեշտ է զգալ ազատ տարածությունը, տեսնել երկինքը: Արագ քայլերով նա անցնում է բերդապատնեշի երկայնքով: Նայում է ամպերին, տեսնում թե ինչպես են ծառերը թեքվում քամուց, անհանգիստ թևածում թռչունները։ Բայց թռչունների ծլվլոցն ու քամու աղմուկը նա չի լսում: Բեթհովենը խուլ է։

Դա սկսվեց դեռ այն ժամանակ, երբ նա նոր էր փառքի հասել։ Նա հայտնի դաշնակահար է և կոմպոզիտոր: Նրա «Պաթետիկ» և «Լուսնի» սոնատների երաժշտության մեջ խոր զգացմունքներ կան: Բեթհովենը ոգեշնչված է ֆրանսիական հեղափոխության գաղափարներով, մարդկանց ազատության, հավասարության, եղբայրության կոչով: Նա լցված է կյանքով, մեծ մտահղացումներով: Եվ հենց այդ ժամանակ կատարվում է երաժշտի համար ամենասարսափելին: Բեթհովենը խլանում է։

Արդյո՞ք ճակատագիրը կընկճի նրան: Ի՞նչը կհաղթի նրա մեջ՝ հուսահատությո՞ւնը, թե՞ ապրելու ու ստեղծագործելու կամքը։

Հաղթում է արվեստագետի կամքը։ Հաղթում է հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան»:Նրա սգո քայլերգը հնչում է հանդարտ ու պայծառ։ Չէ՞ որ հերոսը իր կյանքը զոհաբերել է հանուն ժողովրդի երջանկության: Եվ նրա նպատակները կիրագործեն ուրիշները:

Բեթհովենը ցանկանում էր այդ սիմֆոնիան ձոնել Նապոլեոնին։ Բայց, իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, Բեթհովենը ցասումով լցվեց. «Հիմա նա ոտնատակ կանի մարդկային բոլոր իրավունքները, իրեն բոլորից բարձր կդասի և բռնակալ կդառնա»: Կոմպոզիտորը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»:

Խլությունն ուժեղանում է, Բեթհովենի համար գնալով դժվարանում է մարդկանց հետ շփվելը, և միայն բնության գրկում է նրա հոգին լցվում երաժշտությամբ, ինչպես մանկության օրերին էր։ Ձայների աշխարհն այժմ նա իր մեջ է կրում։ Եվ այդ գեղեցիկ աշխարհը բացահայտում է «Հովվերգական սիմֆոնիայում», ուր առվակների խոխոջ կա ու թռչունների ճռվողյուն, մոտալուտ ամպրոպի կենսալի աղմուկ և հովվական եղջերափողի նվագ: Տարիներն անցնում են: Շրջապատող աշխարհից այլևս ոչ մի ձայն չի հասնում Բեթհովենի լսողությանը։ Նա ամփոփվում է ինքն իր մեջ:

Վաղուց արդեն ետևում է մնացել հեղափոխությունը, կայսրերն ու թագավորներն ամուր նստած են գահերին։ Նրանց մինիստրները հետապնդում են ազատության ստվերն անգամ: Բայց Բեթհովենը հավատարիմ է ինքն իրեն: Ո՛չ աստիճան, ո՛չ տիտղոս և ո՛չ էլ ազնվատոհմություն. նա մարդու միայն անձնական արժանիքներն է ընդունում: Զբոսանքի ժամանակ հանդիպելով Ավստրիայի կայսրուհուն և դքսերին՝ Բեթհովենն իր տեսքով հարկադրում է նրանց զիջել ճանապարհը և անցնում է հազիվ ձեռքը դիպցնելով գլխարկին: Ի՜նչ մեծամիտն է ժողովրդի ծոցից ելած այդ մարդը, սպասավոր երաժիշտների որդին ու թոռը։ Ո՛չ, նա մեծամիտ չէ։

«Իսկական արվեստագետը զուրկ է մեծամտությունից,- գրել է Բեթհովենը,- նա տեսնում է, թե որքան անսահման է արվեստը, նա զգում է, թե ինքը որքան հեռու է նպատակից»։

Բեթհովենի ողջ կյանքը նվիրված է արվեստին: Աշխատանքի մեջ խորասուզված, նա մոռանում է քնելու, ուտելու, առողջության մասին: Հաճախ հիվանդանում է, ապրում կարիքի մեջ: Նա միայնակ է, բայց որքան սեր ունի անթեղած մարդկանց հանդեպ, որքան շատ է հավատում բարուն։ Այդ շրջանում նա ստեղծում է վերջին՝ իններորդ սիմֆոնիան: «Բերկրանքի» հիմնով է ավարտվում այն։ Հնչում է լայնաշունչ, լուսավոր մեղեդին:

Բեթհովենի երաժշտությունն ընդմիշտ կապրի: Այդ երաժշտության մեջ նրա ողջ սերն է մարդկանց հանդեպ, հավատը նրանց գալիք ազատության և երջանկության նկատմամբ։

Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել կոմպոզիտորի երաժշտությունը: Ինչպես Ա. Մ. Գորկին է նշում, Վլադիմիր Իլյիչը մի անգամ, լսելով Բեթհովենի սոնատները, ասել է. «Ապասիոնատ»–ից ավելի լավ ոչինչ չգիտեմ, պատրաստ եմ այն լսելու ամեն օր: Զարմանահրաշ գերմարդկային երաժշտություն: Ես միշտ հպարտությամբ, թերևս միամիտ մտածում եմ ահա, թե ինչպիսի հրաշքներ կարող են կատարել մարդիկ»: