Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բարբառներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայերի մայրենի լեզուն հայոց լեզուն է։ Բայց բոլո՞րս ենք նույն կերպ խոսում։ Իհարկե ոչ։ Երևանցին ասում է՝ ո՞նց ես, լենինականցին ի՞նչղ ես, մշեցին՝ ի՞մալ իս։ Երևանցին ասում է՝ սարից եմ գալիս, լենինականցին՝ սարեն կուգամ։ Եվ այսպես շարունակ։ Մեկն ասում է այստեղ, մյուսը՝ հոս, երրորդը՝ ըստեղ, չորրորդը՝ էստեղ, հինգերորդը՝ ֆոս, վեցերորդը՝ հուդա։ Կամ տիկնիկ տիկին, տէկուն, պուպրիկ, ախչիկ, խըռծիկ, հարսնուկ և այլն։ Այս բոլորն էլ հայերեն են, բայց ոչ այն հայերենը, որը սովորում ենք դպրոցում և որը կոչվում է գրական հայերեն։ Սրանք բարբառային ձևեր են, որ գործածում է այս կամ այն բարբառով խոսողը։ Իսկ ի՞նչ է բարբառը։

Բարբառը ընդհանուր լեզվի ճյուղավորումն է, որով խոսում են որևէ տարածքում ապրող մարդիկ։ Բարբառը ուրեմն ինքնուրույն լեզու չէ։ Բարբառներում գործածվում են նույն հայերեն բառերը տարբեր արտասանությամբ՝ խաղող-հավող, հաղող, հայր-հեր ,խեր, ձյուն-ձուն, ձին քերականական տարբեր ձևերով (գնալու եմ-գնալ, տեմ-քընալական էմ, կէշթօմ֊դի երթամ, նիլացկան ըմ քալվէմ)։ Հայերեն բարբառների թիվը հասնում է շուրջ հինգ տասնյակի։ Բարբառը կոչում են այն տեղի անունով, որտեղ խոսում են այդ բարբառով՝ Արարատյան, Կարնո, Թբիլիսիի, Զեյթունի, Մշո, Վանի, Խոյի, Ղարաբաղի, Տիգրանակերտի և այլն։ Դրանք ավելի հաճախ տարբերակվում են ներկա ժամանակի կազմությամբ․ գրում եմ, գրըմ եմ, կգրեմ, գրիմգը, գրեմգը, կիրիս եմ, կիրըմ եմ և այլն; Բարբառային տարբերությունները երբեմն այնքան շատ են, որ մեկ բարբառով խոսողը դժվարությամբ կարող է հասկանալ մյուս բարբառով խոսողին։ Բերենք Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքից մի փոքրիկ հատված․ «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

–Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ չեմ ուզում - լալիս էր կինը»։

Այժմ տեսնենք թե ինչպես կհնչի այս հատվածը բարբառներով։ Մշո բարբառ. «Գեղածի Համբօի տուն կըռիվ էր հընգի։ Համբօն գուզեր զուր տըսվերգու տարէգան Գիրկօրին տանէր քաղակ գորձի մե իդեր, օր մառտ դառներ, դադէր ու բաներ։ Կընիգ չըր հուզէ։

- Չըմ հուզի, զիմ մադղաշ ճըժուն ինա զուլում աշխարկ մը թալէ, չըմ հուզի - գիլեր կընիգ»։

Մարաղայի բարբառ․ «Կէղէցի Համբօյը տունա կըռըվ էր ինգի։ Համբօն ուզէլէր ուր տասներկու տարեկան Կիրիքօրին տանը քաղաք մէ կօրծի տինի վօըր մարթ ըլը, աշխատը։ Կընիկա չէր ուզէլի։

֊Չեմ ուզէլի, իմ քյորփա գյէդային էն անտէր աշխարքա մի քիցի, չէմ ուզէլի ֊ լալ էր կընիկա»։

Բարբառները իրենց ծոցում պահում են շատ բառեր, քերականական ձևեր, որոնք օգնում են պարզելու մեր ժողովրդի անցյալը, հայոց լեզվի զարգացման ու փոփոխման օրինաչափությունները։ Բարբառներն ունեն արտահայտչական հարուստ հնարավորություններ, որոնցից վարպետորեն օգտվում են մեր գրողները։ Բարբառների հետազոտությունը կարևոր նշանակություն ունի և օգնում է տվյալ ժողովրդի պատմության ազգագրության ուսումնասիրությանը։