Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայաստանի պետական պատկերասրահում, որը գտնվում է Երևանում, Լենինի հրապարակում և ուր պետականորեն ժողովված են ազգային կերպարվեստի անգին ու անկրկնելի գոհարներ, գրեթե մի ամբողջ սրահ է տրամադրված հայ նկարչության մեծ վարպետներից մեկին՝ Գ. Բաշինջաղյանին: Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում` Սղնախ փոքրիկ գյուղաքաղաքում։ Նկարչությամբ հրապուրված պատանի Գևորգը թողնում է տեղի գավառական դպրոցը` դուրս գալով երրորդ դասարանից ու սկսում նկարել: Նկարում է տան կահկարասիների վրա, պատերին, դռներին ու լուսամուտներին և այնպես լավ, որ 14 տարեկան հասակում արդեն նրա համբավը տարածվում է Սղնախից դուրս: Շուտով նա ընդունվում է Թիֆլիսի նկարչական ուսումնարանը, ցուցաբերում բացառիկ ունակություններ։ 1880 թ ավարտում է ուսումնարանը և նյութական ծանր վիճակը (հայրն այլևս չկար, մայրը փոխադրվել էր Թիֆլիս և նրա խնամքի տակ էր) նրան ստիպում է զբաղվել հանրահայտ նկարիչների գործերի պատճենահանությամբ: Խնայելով մի փոքրիկ գումար` նկարիչը նույն թվականին ընդունվում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան: Այստեղ ուսանելու երեք տարիները, շփումը նշանավոր վարպետների հետ մեծ նշանակություն են ունենում նկարչի կյանքում։ Ակադեմիան ավարտելու առթիվ ներկայացրած «Կեչիների պուրակը» աշխատանքն արժանացավ արծաթե մեդալի` ազդարարելով մեծ նկարչի ծնունդը։ Ակադեմիան ավարտած Գևորգը վերադառնում է ծննդավայրը, մի շարք կտավներ ստեղծում, 1883 թ նախաձեռնում առաջին ցուցադրությունը Թիֆլիսում։ Սակայն առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպում է երկու տարի անց` Վենետիկ, Միլան, Ֆլորենցիա կատարածուղևորությունից հետո։ Ընդունելությունը բացառիկ էր «Նոր դար» լրագրում դրվատական հոդված է գրում հայտնի դերասան Պետրոս Ադամյանը։

Մի առիթով նկարչի մասին Ալեքսանդր Շիրվանզադեն գրել է․ «Ես տեսա շատ գեղեցիկ պեյզաժներ, բայց, նրանցից շատ քչերում իմ աչքը կարողացավ նկատել օդի այնքան թափանցիկություն ջրի և լույսի այնքան հաջող միավորություն որքան Բաշինջաղյանի նկարների մեջ»։

1900 թ․ նկարիչը ֆրանսիական մամուլի գովեստի խոսքերն է վաստակում իր չորս աշխատանքներ(«Ամպեր», «Կոչկայի լիճը», «Դարիալի կիրճը», «Արարատ») համար, որ ցուցադրել էր Փարիզում 1911 թ․ Պետերբուրգում կազմակերպված ցուցահանդեսին նրա ներկայացրած կտավները («Խաչատուր Աբովյանի տնակը Քանաքեռում», «Ալազանի հովիտը», «էջմիածնի լիճը», «Սևանը վերջալույսին») դիտելուց հետո մի ռուս քննադատ ասել է. «Բոլոր հինգ հարյուր նկարների մեջ ճշմարիտն ասած ամենից առաջ աչքի են ընկնում Բաշինջաղյանի բարձր տրամադրությամբ ոգեշնչված բնանկարները»։

Գ Բաշինջաղյանի ցուցահանդեսները հետագայում մեծ հաջողություն են ունեցել Մոսկվայում, Կոստանդնուպոլսում, Բաքվում, Երևանում և այլուր։ Նկարչին իրենց բանաստեղծական ձայներն են հղել Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Ծատուրյանը: Ապրելով Հայաստանից դուրս, հիմնականում Թիֆլիսում, նա ջերմ սիրով էր կապված հայրենի երկրի, նրա մարդկանց ու մշակույթի հետ։ Ինչպիսի ոգեշնչվածությամբ է նա նկարել Հայաստանը։ Ութ օր Էջմիածնում կտուրի վրա է քնել, որպեսզի արշալույսին տեսնի Արարատի գագաթը, ժամերով քայլել է Սևանի ափին՝ լիճը լուսնյակ գիշերով դիտելու համար, Արագածի փեշերն է ելել կամ նստել Անիի ավերակների առջև։ Ու նկարել է բնության խաղաղ տրամադրությունը խոր ապրումներով, բանաստեղծական հուզականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած սիրով։

Սովետական իշխանության տարիներին մեծ բնանկարչի կտավները ցուցադրվել են մեր հանրապետության խոշոր քաղաքներում, Մոսկվայում, Լենինգրադում, Լիգայում, Թբիլիսիում և այլուր։

Գ․ Բաշինջաղյանը նաև գրող էր, պատմվածքների, նովելների, ակնարկների, պիեսների, հուշագրությունների, բանասիրական, հետաքրքրական ուսումնասիրություններ հեղինակ։ Նրա աճյունը հանգչում է Սայաթ-Նովայի շիրիմի կողքին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու գավթում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։