Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բամբակենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
CottonPlant.JPG

Բամբակենին շատ արժեքավոր բույս է: Այն մեզ հիանալի մանրաթել է տալիս։ Բամբակի մանրաթելը մարդիկ սկսել են, հավաքել շատ ու շատ վաղուց, դեռևս մարդկային մշակույթի զարգացման արշալույսին, վայրի բամբակենուց: Եվ այդ հին ժամանակներից էլ սկսած բամբակը դարձել է մշակովի բույս: Ամենից առաջ այն սկսել են մշակել Հնդկաստանում, հետո` Չինաստանում, Եգիպտոսում: Հնդկաստանում ավելի վաղ, քան ուրիշ երկրներում, սովորեցին պատրաստել թեթև, նուրբ, «շղարշե» գործվածքներ, մուսլին և հոյակապ գունագեղ չթեր: Այժմ բամբակենին մշակում են Հնդկաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Բրազիլիայում և այլ երկրներում: Խորհրդային Միությունում բամբակենի աճեցնում են միջինասիական հանրապետություններում, ինչպես նաև` Անդրկովկասում։ Բամբակենին շատ է սիրում ջերմություն, արև, արգավանդ հող և խոնավություն։ Սովորաբար այն աճեցնում են արհեստական ոոոգմամբ։ Բամբակենու թփի բարձրությունը մեկ կամ մեկուկես մետր է, ծաղիկները խոշոր են, պտուղը 3-5 բնանի տուփիկ է (կնգուղ): Երբ պտուղը հասունանում է, նրա փեղկերը բացվում են, և նրանից դուրս է ցցվում սպիտակ, փափուկ մանրաթելի մի փոքրիկ զանգված: Եթե կնգուղից հանենք այդ փափուկ զանգվածն ու գզգզենք, ապա կտեսնենք բամբակե սերմերը: Վերցնենք մի սերմ: Այնքան էլ հեշտ չէ նրան ընդհանուր զանգվածից անջատելը։ Այն պատված է խճճված թելիկներով: Սկսենք բացել թելիկները: Պարզվում է, որ դրանք տարբեր երկարության շատ նուրբ թելիկներ են: Հենց դա էլ բամբակի մանրաթելն է, բամբակը։ Վուշի և կանեփի մանրաթելը գտնվում է ցողունների մեջ։ Իսկ այ բամբակենու մանրաթելը սերմերի վրա է: Մանրաթելը հավաքում են սերմերի հետ միասին, հիմնականում, բամբակահավաք մեքենաներով: Ընդ որում, հավաքում են մի քանի անգամ, որովհետև տուփիկները միաժամանակ չէ, որ հասունանում են: Հավաքված բերքը դեռևս բամբակի հումքն է։ Հատուկ մեքենաները սերմերի վրայից հեռացնում են մանրաթելը, որը հետո ուղարկվում է մանվածքային ֆաբրիկաներ։ Այստեղ բամբակը մանում են, իսկ մանածագործական ֆաբրիկաներում մանվածքից գործում են բամբակե գործվածքներ` չիթ, բատիստ, մարկիզետ, սատին, բումազե, տրիկոտաժ: Բամբակից են պատրաստված նաև ծածկոցներն ու խավոտ երեսսրբիչները, պլաստմասսան ու թաղանթանյութը (ցելյուլոզան), լուսանկարչական ժապավենն ու թուղթը։ Սակայն դա դեռ բոլորը չէ։ Նրանից են պատրաստում տեխնիկայում կիրառվող ամուր, դիմացկուն գործվածքները: Իսկ սերմերից ձեթ են քամում, որն օգտագործվում է պահածոների արդյունաբերության և մարգարինի արտադրության մեջ։ Բացի այդ, բամբակի ձեթը կիրառում են օճառ եփելու համար, նրանից ստանում են գլիցերին, բնաճարպ (ստեարին): Ձեթը քամելուց հետո մնում է քուսպը։ Սա արդեն լավ կեր է: Ձեթը քամելու ընթացքում առաջացած մյուս մնացորդներից անջատում են հանքաձյութ (գուդրոն), որն օգտագործում են ճանապարհային ամուր ծածկույթների և ջերմակայուն լաքեր պատրաստելու համար: Սերմերի կեղևը կիրառում են էթիլ և մեթիլ սպիրտների արտադրության մեջ: Ցողունը վառելանյութ է և շինանյութ։ Տերևներից կարելի է անջատել կիտրոնաթթու և խնձորաթթու: Բամբակենին նաև մեղրաբեր է, նրա ծաղիկներից նեկտար են քաղում մեղուները: Ահա թե ինչու բամբակենին շատ կարևոր տեխնիկական բույս է: Մեր երկրում նրա պլանտացիաներն ընդարձակվում են անապատից նվաճված նոր հողերի արհեստական ոռոգման շնորհիվ: